«Ապրիլյան ընտրություններից հետո կուրվագծվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ժամկետը». եվրոպացի վերլուծաբան

«ՀՀ-ԵՄ բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ կավարտվեն հաջորդ տարի»,- այս մասին օրերս Երևանում լրագրողների հետ զրույցում ասել էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը։ Վերջինս հույս  էր հայտնել, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը մյուս տարվա ընթացքում կավարտեն բանակցությունները շրջանակային համաձայնագրի շուրջ, որից հետո ԵՄ-ն կանցնի անհրաժեշտ ընթացակարգային գործողություններին ԵՄ անդամ 28 երկրների մասնակցությամբ: Որքա՞ն կտևեն համաձայնեցումները, և ինչո՞ւ բանակցություններն այսքան երկարաձգվեցին։

«168 Ժամի» հետ զրույցում  Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, ԵՄ կառույցներում ուսումնական ծրագրեր իրականացնող Լոռ Դելքուռը՝ անդրադառնալով այդ հարցերին, ասաց, որ 2013թ. ՀՀ-ԵՄ հարաբերություններում առաջացած ճգնաժամից հետո սրընթաց արագություն բանակցային գործընթացում սխալ կլիներ ակնկալել, հատկապես՝ ՀՀ-ի և ԵՄ-ի ներկայիս իրավիճակում։ Խոսքը, ըստ նրա, թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի՝ և՛  ներքին, և՛ արտաքին մարտահրավերների մասին է։

«Այնուամենայնիվ հանձնակատարի և նախարարների երևանյան ասուլիսը կարևոր մի շարք շեշտադրումներ արեց՝ այն իմաստով, որ «Արևելյան գործընկերությունն» ասուհետ այլ ռեժիմով է աշխատելու, հանձնակատարն իր խոսքում կարևորեց դինամիկ աշխատանքը, ԱլԳ երկրների նախարարները հնչեցրեցին իրենց մտահոգությունները՝ ծրագրի ապագայի հետ կապված, նախանշեցին իրենց ակնկալիքները, ոմանք՝ նաև սուր լեզվով։  Ակնհայտ էր նաև այն, որ եվրոպական կողմի համար սա ընկալելի էր, Հահնն ընդգծեց, որ ԵՄ-ն միասնական դիրքորոշում ունի ծրագրի ապագայի վերաբերյալ, այդ դիրքորոշման էությունն էլ այն է, որ ԵՄ արևելյան հարևանները ԵՄ-ի համար կարևորագույն գործընկերներ են։ Իմ գնահատմամբ՝ սա կարևոր արձանագրում էր։

Մյուս ուշագրավ հանգամանքն այն էր, որ կա ԱլԳ երկրների հետ թափանցիկ աշխատելու ցանկություն, ինչի կարիքն իսկապես կա, դրա կարիքը կա նաև ՀՀ-ԵՄ բանակցությունների հարցում, քանի որ անորոշությունները շատ են։

Հահնը ներկայացրեց ԵՄ-ի գլոբալ մոտեցումն այս տարածաշրջանի նկատմամբ, ԵՄ-ի ծրագրերն ու քաղած դասերը, ինչը լավ հանգրվան է «Արևելյան գործընկերություն» ծրագրի համար»,- նման տեսակետ հայտնեց եվրոպացի վերլուծաբանը։

Վերջինիս կարծիքով՝ ՀՀ-ԵՄ բանակցային նոր փուլից, չնայած Ասոցացման համաձայնագրի ավարտուն բանակցություններին, չէր կարելի այլ արագություն ակնկալել։ Նրա որակմամբ՝ սա բարդ, բազմակողմ, բազմաթիվ գործոններով պայմանավորված գործընթաց է։

«Պատահական չէր, որ Յոհաննես Հահնն ընդգծեց ԵՄ ընթացակարգերի մասին։ Սա ենթադրում է՝ նախաստորագրման, ապա՝ ստորագրման գործընթացի հետագա ձգձգում, ինչը ոչ միայն եվրոպական, այլև հայկական ծագում ունի։ Հայկական կողմը, ըստ իմ տեղեկությունների, ակնկալում է փաստաթուղթը ստորագրել մինչ ապրիլյան ընտրությունները, իսկ եվրոպական կողմը մինչ ընտրությունները նման բան չի անի, ցանկության դեպքում նույնիսկ համաձայնեցման գործընթացները հնարավոր չէր լինի հասցնել մինչ ապրիլ։

Սակայն, բացի տեխնիկական հարցից, կա նաև գաղափարական հարց՝ ինչպե՞ս կանցնեն երևանյան ընտրությունները, ի՞նչ փոփոխություններ է խոստանում ՀՀ նախագահը, որքանո՞վ են նրա խոստումներն արդարացված, այդ ամենը ցույց կտան գալիք ընտրությունները։ Կարծում եմ՝ դրանից հետո որոշակիորեն կուրվագծվի ստորագրման ժամկետը»,- նման համոզմունք հայտնեց Լոռ Դելքուռը՝ շեշտելով, որ այդ ընտրությունների արդյունքներից նաև կախված կլինի ԵՄ-ի հետագա քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս