TRIPP-ի հարցով առաջին պատվիրակությունը Հայաստանում է. ի՞նչ սպասել ԱՄՆ միջնորդությունից

Վաշինգտոնում օգոստոսի 8-ից գրեթե երկու ամիս անց «Թրամփի երթուղու» հարցով ուսումնասիրությունների ու քննարկումների նպատակով ԱՄՆ պատվիրակությունը Հայաստանում է:

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ն ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով։

«Այս վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։

Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»,- ասված էր հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 30-ին էլ Ադրբեջանում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Վայաթ Տոլկան, ում, ինչպես նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնին, ընդունել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկումը կենտրոնացած է եղել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների, ռազմավարական գործընկերության խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման, փոխըմբռնման հուշագրից բխող հարցերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և համապատասխան Վաշինգտոնյան համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վրա։

Նշվել էր, որ երկու երկրների ներկայացուցիչների և պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ այցելությունները կարևոր դեր են խաղում հարաբերությունների զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամերիկյան պատվիրակության այցը միայն Բաքու, և՝ ոչ նաև Երևան, ցույց է տալիս այն, որ ամերիկյան կողմը Բաքվի հետ ռեգիոնալ հավելյալ հարցեր քննարկելու անհրաժեշտություն է տեսել:

Դա, նրա խոսքով, ամենայն հավանականությամբ կապ ունի վաշինգտոնյան պայմանավորվածությունների և դրանց շուրջ երբեմն-երբեմն ծագող սրված հռետորաբանության հետ:

Արեշևի կարծիքով, այս պատվիրակության այցի նպատակը վաշինգտոնյան պայմանավորվածությունների հարցում ամերիկյան հետևողականությունն ու հանձնառությունը ցույց տալն էր և վերահաստատելը, որ դրանք ուժի մեջ են, և ԱՄՆ-ը չի կտրվել դրանցից:

«Ռիսկը մեծ է, որ ռեգիոնալ գործընթացները կարող են դուրս գալ ԱՄՆ վերահսկողությունից, հաշվի առնելով, որ հատկապես վերջին տարիներին ունեցել են իրենց տրամաբանությունը և չեն ենթարկվել միջնորդական մեկ կենտրոնի:

ԱՄՆ-ի համար այս փուլում դեռևս կարևոր է պահպանել դերակատարությունն այս հակամարտությունում, հատկապես, որ հաջողվեց բավականին մեծ աղմուկ ստեղծել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների շուրջ՝ դրան տալով հաստատված խաղաղություն ձևակերպումը: Սակայն դա բարդ գործ է, քանի որ ԱՄՆ-ում լիարժեք պատկերացում չկա բոլոր նրբությունների մասին»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա, ինչպես նախատեսվում էր, ԱՄՆ-ը կողմերի հետ պետք է սկսի պրակտիկ աշխատանք մանրամասների հստակեցման ուղղությամբ, ինչը բավականին երկար ժամանակ կպահանջի:

«Ըստ իս, աշխատանքները կրելու են՝ ինչպես զուտ տեխնիկական բնույթ (երբ կոնկրետ տեղում կողմերը շատ հարցեր են համաձայնեցնելու, քննարկելու), այնպես էլ՝ շատ հարցեր քննարկվելու  ռեգիոնալ մակարդակում են, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի և այլ դերակատարների մասնակցությամբ: Պայմանավորվածությունները ձեռք են բերվել, սակայն տեղում կոնկրետ համաձայնությունների կարևորությունը ևս չի կարելի թերագնահատել մի իրավիճակում, երբ կան տարաձայնություններ այս հարցով թե ռեգիոնում, թե կոնկրետ հակամարտող կողմերի միջև: Իրավիճակն ամենևին հեշտերից չէ»,- ասաց Արեշևը:

Նրա խոսքով, գործընթացների վրա ՌԴ դերակատարությունն այս փուլում նվազագույն է:

«ՌԴ-ն իր արտաքին քաղաքական ռեսուրսն ուղղել է տնտեսական կայունության ու արտաքին քաղաքական գլոբալ խնդրի ուղղությամբ, որտեղ օրեցօր իրավիճակներ են փոխվում: Վերջին շաբաթվա ընթացքում փոխվում է իրավիճակն ուկրաինական հակամարտության շուրջ, իրավիճակի սրման նշաններ կան, ԱՄՆ-ը փոխում է իր դիրքավորումը, խոսում են ամերիկյան Tomahawk-եր Ուկրաինային տրամադրելու մասին, ԵՄ-ն հայտարարում է ՌԴ-ի դեմ ավելի լայնամասշտաբ միջոցառումներ ձեռնարկելու մասին, դա անդրադառնալու է ՌԴ-ԱՄՆ բանակցությունների և պատերազմի գոտում իրավիճակի հետագա ընթացքի վրա:

Ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական իրավիճակն այս փուլում լարվելու է և պայմանավորելու ՌԴ արտաքին քաղաքական պահվածքն ընդհանուր առմամբ»,- նման տեսակետ հայտնեց Արեշևը՝ ավելացնելով, որ Հարավային Կովկասն այս փուլում կշարունակի «ապրել» ԱՄՆ նախաձեռնությունների ու ռեգիոնալ ազդեցությունների շրջանակում:

«Բայց կրկնեմ, որ սա բարդ ռեգիոն է, որտեղ անկանխատեսելիության գործոնը պահպանվում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս