Նիկոլի շարասյան մեքենայի վարորդին ընդամենը 1,5 տարվա ազատազրկման դատապարտելու և Միքայել սրբազանին 2 տարով բանտարկելու կոնտրաստն աչք է ծակում. Վրթանեսյան

Քաղաքական վերլուծաբան, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլի շարասյան մեքենայի վարորդին հղի կնոջ կյանքը խլելու համար ընդամենը 1,5 տարվա ազատազրկման դատապարտելու և Միքայել սրբազանին տարիներ առաջ արտասանած խոսքի համար 2 տարով բանտարկելու կոնտրաստը, իհարկե, աչք է ծակում, այդ մասին շատերն արդեն գրել են.․․

Բայց հարցը միայն ազատազրկման չափը չէ… . ՆԻԿՈԼԻ ՇԱՐԱՍՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՎԱՐՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԶԱՏ ՄՆԱԼ, թեպետ դատապարտվել է ազատազրկման։

Ավելին, հավանական է, որ վարորդը ոչ էլ հասնի բանտի դռանը։

Նիկոլական համակարգն ունի բոլոր հնարավորությունները գործը ձգձգելու մինչև վաղեմության ժամկետը լրանա. 5 տարուց մնում է 1 տարի 7 ամիս էլ ձգձգեն-գլորեն դատական քաշքշուկներով։ Դիմել են վերաքննիչ դատարան, որը կարող է ամիսներով քննել ու հետո գործը հետ ուղարկել առաջին ատյանի դատարան և ամեն ինչ նորից սկսվի, կամ եթե դա էլ չլինի, վճռաբեկում էլ կարող են ձգձգել։

Այդպես է, որովհետև նիկոլական համակարգն ի սկզբանե ամեն ինչ արեց, որ վարորդը չկալանավորվի, իսկ շարասյան ղեկավարների հանդեպ գործ հարուցել ընդհանրապես հրաժարվում են։ Նույնիսկ աշխատանքից չազատեցին, հանգիստ գնում է գործի։

Իսկ Միքայել սրբազանին միանգամից կալանավորեցին։ Ու կալանքը, ըստ էության, արդեն օգտագործում են՝ որպես պատիժ։

Հ.Գ. Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության գործը փաստացի դարձել է բռնապետական անարդարության յուրօրինակ «քանոն», որով «չափում» են մյուս անարդարությունները։

Տեսանյութեր

Լրահոս