
ԱՄՆ-ում, հավանաբար, կթողարկվեն 1 դոլարանոց մետաղադրամներ՝ Թրամփի պատկերով

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քննարկում է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով նոր կոլեկցիոն 1 դոլարանոց մետաղադրամներ թողարկելու հնարավորությունը: Fox Business հեռուստաալիքի տվյալներով՝ այդ քայլը նախատեսված է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի տոնակատարության շրջանակում:
Ըստ նախագծի՝ մետաղադրամին ամենայն հավանականանությամբ կպատկերվի Դոնալդ Թրամփը՝ բարձրացված բռունցքով՝ ամերիկյան դրոշի հետնապատկերին: Այդ պատկերը հղում է 2024 թվականին նրա դեմ կատարված մահափորձից հետո արված լուսանկարին:
Ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ չնայած վերջնական դիզայնը դեռևս հաստատված չէ, նախարարությունն ունի օրինական լիազորություններ նման առիթների համար կոլեկցիոն հուշադրամներ թողարկելու համար:
Մեկնաբանելով լուրը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է. «Օ՜, ես վստահ չեմ, թե նա (Թրամփը) տեսել է դա (հաղորդագրությունը), բայց վստահ եմ, որ դա նրա սրտով կլինի»: