Բաժիններ՝

«Գյուղումը 3 շալվար կա, տեղ գնալուց հերթով հագնում, գնում ենք»

Բարեկամավանը Տավուշի մարզի գյուղերից է: Հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով հեռու է ընդամենը երեք կիլոմետր: Մինչեւ 1978 թվականը գյուղը  անվանվել է Դոստրու, որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է բարեկամ կամ բարեկամություն: Գյուղի տարեց բնակիչները պատմում են, որ մինչեւ 90-ականների կռիվը ադրբեջանցիների հետ բավականին լավ հարաբերությունների մեջ են եղել: Բարեկամավանի նախկին` ադրբեջանական անվանումն այդ հարաբերությունների հետ է կապված եղել: Այս մասին գրում է asparez.am-ը:

Բարեկամավանում փաստացի 185 մարդ է ապրում, հաշվառված է, սակայն, 480:

Գյուղը միշտ ադրբեջանական կրակահերթերի տակ է: Սա արտագաղթի հիմնական պատճառն է: Բարեկամավանը լքելու պատճառներից են նաեւ գործազրկությունը, աղքատությունը: Այն, որ գյուղը դատարկվել է միանգամից, հաստատում է գյուղի դպրոցի ուսուցիչների ներկայացրած թվաբանությունը:

-Չունենք առաջին, չունենք չորրորդ դասարաններ, երկրորդ դասարանում` 2 հոգի, երրորդում`մեկ հոգի են: Մյուս տարի էլ չենք ունենա առաջին դասարան: Ծնունդ չկա գյուղում: Ես մի նոր ծնված թոռ ունեմ, բայց դրանով բան դուս չի գա,-ասում է Բարեկամավանի միջնակարգ դպրոցի դասվար Աստղիկ Ազատյանը:

Կարդացեք նաև

Բարեկամավանի դպրոցը կառուցվել է 1976 թվականին: Սկզբնական շրջանում 8-ամյա  է եղել, դպրոցում սովորել է 300 աշակերտ: Այսօր արդեն գյուղն ունի միջնակարգ դպրոց: Թվով 12 դասարաններում սովորում է ընդամենը 20 աշակերտ:

Դասվար Աստղիկ Ազատյանին հանդիպում ենք երեկոյան ժամին: Գոմի բակում է:  Ոչխարի հոտին է ներս անում: Զրույցի ընթացքում գյուղի դժվարություններն է ներկայացնում: Պատմում է, որ դպրոցից ամեն ամիս ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Նույնքան էլ ամուսնու` պատմության ուսուցչի, աշխատավարձն է կազմում: Ընտանիքը յոթ հոգուց է բաղկացած, որից երեքը անչափահաս են, հարսն ու տղան գործազուրկ են: Նշում է, որ սահմանամերձ գյուղում միայն աշխատավարձով ապրելն անհնար է: Միաժամանակ ոչխարաբուծությամբ են զբաղվում: 40 գլուխ ոչխար ունեն, բայց շահույթն է քիչ: Վաճառում են այնքան, որքան առաջարկում են իրանցի գնորդները:

Հանկարծ մեր զրույցն ընդհատվում է, գոմից դուրս է գալիս ընկեր Չիչյանը եւ գոռում. «Ախչի Աստղիկ, ոչխարը գնաց, ի՞նչ ես կանգնել, զրույց անում: Էդ ովքե՞ր են, ի՞նչ են ուզում…լրագրողները մեզ օգուտ չեն տա, գնա ոչխարը բեր, մութը եկավ»: Ընկեր Չիչյանը Աստղիկի ամուսինն է, դպրոցի պատմության 67-ամյա ուսուցիչը:

Ապա նա է միանում մեր զրույցին: Բնակիչների սոցիալական վիճակն այսպես է բնութագրում.

-Ամբողջ գյուղումը երեք շալվար կա, որ տեղ ենք ուզում գնանք, հերթով հագնում, գնում ենք: Ի՞նչ ասեմ,-արագ-արագ ասելով` հեռանում է, գնում ոչխարին բերելու եւ ետ գալիս այն ժամանակ, երբ տիկին Աստղիկին հարցնում եմ, թե ինչու  է  երեխաների թիվը պակասել: Կնոջ խոսքը կտրելով` ընկեր Չիչյանը պատասխանում է.

-Սոված երեխան ի՞նչ սովորի, կրակոցի տակ ապրող երեխան բան կարա՞ սովորի: Ախր, դուք լավ ժամանակ եք եկել: Կրակոց չկա: Եկել են, նկարել, կրակոցը լսել, ոտքով էլ են փախել,-որեւէ մեկից ոչ մի բանի սպասելիք չունենալով` ընկեր Չիչյանն ասում ու շարունակում է ոչխարներին ներս անել:

Ուսուցիչների ոչխարի փարախի մոտից հեռանալիս ուշադրությունս մի բան է գրավում` գյուղի գազի բաշխիչ ցանցի արտաքին պատնեշը: Մետաղյա պատնեշի վրա կրակոցի համար ոչ մի ազատ տեղ չի մնացել: Ուշադրությունս շեղվում է, երբ լսում եմ. «Ադրբեջանցիներն են արել, Սպիտակ քարից են կրակում»:

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս