2017թ. ակնկալվում է 3.2 տոկոս տնտեսական աճ. նախարարը բացատրում է՝ ինչպես է դա հնարավոր
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց, թե որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք թույլ են տվել ակնկալել 3.2 տոկոս տնտեսական աճ.
«Առաջինը՝ արտաքին միջավայրն է, որը սպասվում է 2017 թվականի ընթացքում։ Նշեմ, որ Ռուսաստանի տնտեսությունում նույնպես 2017 թվականին սպասվում է վերականգնում, այս տարվա ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, նորից բացասական կլինի տնտեսական աճի առումով Ռուսաստանի համար, բայց մյուս տարի մենք ակնկալում ենք դրական աճ՝ շուրջ 1 տոկոս։ Սա մի քանի ուղղություններով մեզ վրա ազդելու է՝ տրանսֆերտներ, առևտրային հոսքեր և ներդրումներ։ Դրանից ելնելով՝ դա թույլ է տալիս, որ մենք ավելի բարձր տնտեսական աճ ակնկալենք 2017 թվականին, քան 2016 թվականին»։
Նախարարի խոսքով՝ երկրորդ արտաքին գործոնը հումքային ապրանքների գների վերականգնումն է. «Մենք այսօր ևս ականատես ենք հումքային ապրանքների գների դեպի վերևի ճշգրտմանը, բայց ամեն դեպքում 2017 թվականին մետաղի միջազգային գները, ակնկալվում է, որ մինչև 3-4 տոկոս աճ կլինի, ու դրանից ածանցված՝ մենք կունենանք ավելի բարենպաստ արտաքին միջավայր։ Ներքին տնտեսության զարգացումների տեսակետից պետք է հաշվի առնենք, որ երկու տարի մենք ունեցել ենք արտածին շոկեր, դրանցից ածանցված մենք ստիպված ենք եղել հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնող պահել, ընդ որում՝ դա տեղափոխվելու է նաև 2017 թվական»։
Վ. Արամյանը նշեց, որ մյուս գործիքը դրամավարկային քաղաքականությունն է, որը ևս 2016 թվականի ընթացքում եղել է ընդլայնող։ Նրա խոսքով՝ այդ ընդլայնումները տեղափոխվելու են 2017 թվականին, և 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշները պայմանավորված են նաև դրանցով։
«Կարծում ենք, որ 3.2 տոկոս տնտեսական աճին նպաստող կլինի արդյունաբերությունը, որն ակնկալում ենք, որ աճելու է 5.5 տոկոսով, ծառայությունը՝ 2.8 տոկոսով, որոնք համապատասխանաբար՝ 0.9 և 1.3 տոկոսային կետերով կնպաստեն 3.2 տոկոս տնտեսական աճին։ Այս տարի տեսանք, որ արտահանումն աստիճանաբար վերականգնվում է։ 2016 թվականի վերջին ականատես կլինենք, որ արտահանման աճի տեմպն ավելի առաջանցիկ կլինի, քան ներմուծման աճի տեմպը, ներմուծումը կլինի գրեթե 0-ական, բայց արտահանումը մենք ակնկալում ենք շուրջ 13 տոկոս աճ»,- նշեց նախարարը։
Վ. Արամյանը նաև ասաց, որ 2017 թվականին իրենք ակնկալում են ավելի բարձր վարկավորման աճի տեմպ՝ շուրջ 8 տոկոս, քան 2016 թվականի 4 տոկոսն է, ինչը նույնպես կնպաստի տնտեսական աճին։