«Տվեք մեզ հնարավորություն և մենք կապացուցենք». «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի գործադիր տնօրենը՝ բնապահպան ակտիվիստներին
««Լիդիան Ինթերնեյշնլ»-ն Ամուլսարի օրինակով փորձում է ցույց տալ, որ կարող է լինել առանց բացասական ազդեցության հանքարդյունաբերություն»,- այս մասին ԱՄՆ դեսպանատան, HSBC Հայաստանի հետ համատեղ կազմակերպված «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը` ներկայացնելով այն չափանիշները, որոնցով առաջնորդվում է ընկերությունն ապահով և անվտանգ հանքարդյունաբերություն իրականացնելու նպատակով:
Հովարդ Սթիվենսոնն ասաց, որ ՀՀ հանքարդյունաբերական ոլորտն իրենից հզոր հնարավորություն է ներկայացնում ՀՀ տնտեսությունը զարգացնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու տեսանկյունից: Ըստ նրա, հիմնական մարտարավերն ու խնդիրն այն է, որ հանքարդյունաբերական ոլորտը կրում է անցյալի բացասական փորձն ու խնդիրները, որովհետև հանքարդյունաբերությունը հիմնականում Սովետական ժամանակից է գալիս Հայաստան:
«Ցավոք սրտի, այդ խնդիրը ստեղծել է մի իրավիճակ, որ հասարակության շրջանում մի այնպիսի համոզմունք կա, որ հանքարդյունաբերությունն անպայմանորեն պետք է բացասական ազդեցություն ունենա բնության վրա: Մենք՝ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը, Ամուլսարի օրինակով փորձում է ցույց տալ, որ դա այդպես չէ, որ կարող է լինել այլ տեսակի հանքարդյունաբերություն: «Լիդիան Ինթերնեյշնլ»-ն ուզում է ցույց տալ, որ հանքարդյունաբերությունն այլ կերպ կարող է իրականացվել և պարտադիր չէ, որ այն ունենա բացասական ազդեցություն բնապահպանության վրա»,- ասաց Հովարդ Սթիվենսոնը:
Կազմակերպության գործադիր տնօրենը նաև ներկայացրեց այն չափանիշները, որոնցով առաջնորդվում է:
«Մենք հետևում ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) չափանիշներին և նաև այլ միջազգային չափանիշներ կան, որոնց պետք է հետևել, որպեսզի հանքարդյունաբերությունը բնապահպանական տեսանկյունից բարձր մակարդակով իրականացվի»,- տեղեկացրեց Սթիվենսոնը:
Հովարդ Սթիվենսոնը լրագրողների խնդրանքով դիմեց բնապահպանական ոլորտի ակտիվիստներին. «Տվեք մեզ հնարավորություն: Ներկայումս մենք նոր ենք սկսում հանքի շինարարությունը, հրապարակել ենք բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատական, որը հսկայածավալ աշխատանք է, որով ցանկանում ենք ցույց տալ, որ հնարավոր է այլ կերպ անել: Առաջին անգամ է, երբ Հայաստանում նման հետազոտություն է իրականացվում: Սա այն քայլերից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք պատրաստվում իրակնացնել հանքարդյունաբերությունը: Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել՝ տվեք մեզ հնարավորւթյուն և մենք կապացուցենք, որ դա հնարավոր է»: