«ԵԱՏՄ-ում ներքին արժույթով գործարքների համար տնտեսավարողներին ձեռնտու գործիքակազմի ստեղծումը կարևոր է»
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի տեղեկացմամբ` ԵԱՏՄ երկրների միջև գործարքները ներքին արժույթով իրականացնելու համար կենտրոնական բանկերի և մասնագետների մակարդակով մեխանիզմների քննարկումներ են ընթանում, սակայն ամենակարևորը տնտեսավարող սուբյեկտներին ձեռնտու գործիքակազմ ստեղծելն է:
«Խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսավարողներն իրար մեջ առևտուրը կատարում էին գնանշում անելով դոլարը: Երկուսն էլ ընկնում էին փոխարժեքի ռիսկի մեջ` Ռուսաստանի տնտեսավարողը կախված էր մնում դոլար-ռուբլի փոխարժեքից, իսկ Հայաստանինը` դոլար-դրամից: Պետությունը չի կարող պարտադրել, որ գործարքները կնքվեն այս կամ այն արժույթով: Դա կնշանակի, որ պետությունն անուղղակիորեն իր վրա է վերցնում փոխարժեքի ռիսկը: Փոխարժեքի բարձրացումից կամ իջեցումից տնտեսավարողը համապատասխանաբար կարող է կամ շահել կամ տուժել: Հիմա գտնվում ենք այն փուլում, որ կենտրոնական բանկերի և մասնագետների մակարդակով քննարկում ենք մեխանիզմներ»,- ասաց Վարդան Արամյանը:
Արամյանն ակնհայտ համարեց այլ արժույթների համեմատ դոլարի հանդեպ վստահության ավելի մեծ լինելը, քանի որ դոլարի ետևում գտնվող պետությունը համաշխարհային տնտեսության մեջ համարվում է «եղանակ ստեղծող»: «Ակնհայտ է, որ գերհզոր տնտեսություն ունեցող ԱՄՆ-ից ածանցված արժույթը շատ ավելի վստահելի է, քան այն տնտեսությունից, որը կարող է տարուբերումներ ունենալ»,- նշեց նախարարը:
Ֆինանսների նախարարի ներկայցմամբ, մինչև բանակցությունները ԵԱՏՄ երկրների միջև, պետք է յուրաքանչյուր պետություն իր ներսում կատարի էքսպերտային աշխատանք:
«Քանի որ ԵԱՏՄ-ն իր փիլիսոփայությամբ տնտեսական միություն է, ապա առաջընթացը նախատեսում է ինտեգրման փուլերով: Եթե պայմանները ստեղծվեն կարող է լինել նաև մեկ միասնական արժույթ, բայց դրա մասին շատ վաղ է խոսելը, քանի որ մենք դեռ չենք ավարտել երրորդ փուլը, որը մաքսային միությունն է: Վերջինս պետք է ամբողջական աշխատի, նոր անցում կատարվի մյուս փուլին»,- հավելեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: