
Ինկուբատորը, Սորսիոն և Picsart-ը. Վերահսկիչ պալատի բացահայտումները

Լրատվամիջոցներն արդեն գրել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեության՝ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքների մասին։ Մասնավորապես, բուռն քննարկման առարկա դարձան Հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանի ստացած պարգևավճարները, նրան տրամադրված անտոկոս վարկը և այլն։
Սակայն ոչ պակաս հետաքրքիր և թերևս ավելի կարևոր է ուսումնասիրության այն մասը, որը վերաբերվում է Հիմնադրամի բուն գործունեությանը՝ ընկերությունների ստեղծման ու օտարման գործընթացին։ Թեման հետաքրքրանում է նրանով, որ այստեղ շոշափվում է հայտնի Picsart հավելվածը։
Սկսենք հերթով։
Հիմնադրամի խորհրդի նիստի 2005 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 10 արձանագրության համաձայն Խորհուրդը հավանություն է տվել Հիմնադրամի 50% բաժնային մասնակցությամբ, 30,800.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալով նոր «Սորսիո» ՓԲ ընկերության ստեղծմանը և լիազորել է Հիմնադրամի տնօրենին, որպես Հիմնադրամի ներկայացուցիչ, կնքել ընկերության հիմնադիր պայմանագիր ընկերության մյուս 50%-ի բաժնետեր Հովհաննես Ավոյանի հետ (Խորհրդի անդամ ՀՀ Վարչապետի 2002թ. հունվարի 14-ի թիվ 16 որոշում) և մասնակցել վերոնշյալ ընկերության հիմնադիր ժողովին:
«Սորսիոն» կարճ ժամանակում մեծ հաջողությունների է հասել՝ ինչպես Picsart, այնպես էլ Monitoras համակարգերով։ Հաշվետվություններում ամրագրված ցուցանիշների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2006 թվականին «Սորսիո» ՓԲ ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց հասույթը կազմել է 90,8 մլն դրամ. դրամ: Հաջորդ տարի՝ 2007 թվականին, ընկերության եկամուտներն աճել են շուրջ 2.4 անգամ՝ կազմելով 219,6 մլն դրամ:
Դրանից ի վեր ընկերության եկամուտներն ու արժեքը կայուն աճ են ունեցել։ 2015 թվականին Forbes-ը հավելվածի արժեքը գնահատել է 250 մլն դոլար։
Հիմա ամենակարևոր մասը։
2016 թվականի հունիսին Հիմնադրամի տնօրենը Խորհրդին հայտնել է, որ որոշ կազմակերպությունների կողմից հետաքրքրություն է առաջացել «Սորսիո»- ՓԲ ընկերությունում Հիմնադրամի բաժնեմասը ձեռքբերելու հարցում և առաջարկել է քննարկել այդ մասնակցությունը 20% հավելաճով օտարելու նպատակահարմարությունը, որի վերաբերյալ Խորհուրդը լիազորել է Հիմնադրամի տնօրենին վարել բանակցություններ։
2007 թվականին «Սորսիո» ընկերության բաժնետոմսերը օտարվել են «Սորսիո» ՓԲ ընկերության հիմնադիր, 50 %-ի բաժնետեր, ինչպես նաև ընկերության տնօրեն Հ. Ավոյանին: Ինչպես նշում է ՎՊ-ն, բաժնետոմսերն օտարվել են առանց Հիմնադրամի խորհրդի կողմից ընդունված համապատասխան որոշումների, ընդամենը 18.5 մլն դրամ արժեքով։
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, «Սորսիո» ՓԲ ընկերությունում ունեցած բաժնեմասերն օտարելիս ընկերությունն արդեն գործարկել էր հաջողված ծրագրային համակարգեր (առաջին դեպքում «Մոնիտորաս» և «Մոնիտիս», երկրորդ դեպքում՝ «Պիկսարտ»), որոնց հաջողված և արժեքավոր լինելու հանգամանքը երկու դեպքում էլ պարզ էր թողարկումից կարճ ժամանակ անց: Պետական շահի տեսանկյունից անհասկանալի և ոչ շահավետ է բաժնեմասերի վաղօրոք և առանց իրական շուկայական գնի որոշման օտարումը:
Նշենք նաև, որ «Սորսիո»-ից բացի, նմանատիպ ճակատագիր է ունեցել նաև հիմնադրամի կողմից ստեղծված «Էյ-Այ-Թի» ընկերությունը։ «Էյ-Այ-Թի» ՓԲ ընկերության 2007 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով ընկերության ծառայությունների մատուցումից հասույթը կազմել է 136,078.0 հազ. դրամ՝ միաժամանակ ապահովելով շահութաբերության բարձր, այն է՝ 34.3% մակարդակ, քանի որ տվյալ տարում շահույթը կազմել է 46,774.0 հազ. դրամ: Սակայն, ինչպես «Սորսիո» ՓԲ ընկերության պարագայում, այնպես էլ տվյալ դեպքում Հիմնադրամի բաժնեմասը վաճառվել է կամայականորեն սահմանված (չհիմնավորված) 20% հավելյալ արժեքով՝ ընդամենը 18,000.0 հազ. դրամ գումարով:
Այս ամենի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ՎՊ հաշվետվությունում։