«Մեր դասախոսները, մասնավորապես՝ 50 և ավելի տարիք ունեցողները, սովետական համակարգի ազդեցության տակ են». Տարոն Սարիբեկյան
168.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի երիտասարդ բժիշկ, ԵՊԲՀ դասախոս Տարոն Սարիբեկյանը, ում մասին գրել էինք նաև «Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում, երբ դեռ սովորում էր Գերմանիայում: Այժմ Տարոնը Հայաստանում է, ու փորձել ենք պարզել, թե ինչպե՞ս է Ուլմում գտնվող Տրանսֆուզիոլոգիայի և իմունոգենետիկայի ինստիտուտում ստացած կրթությունը կիրառում Հայաստանում, ի՞նչ տվեց նրան արտերկրում սովորելը, որպես դասախոս և որպես բժիշկ՝ ի՞նչ խնդիրներ է տեսնում, և այլն:
– Տարոն, Դուք սովորում էիք Ուլմում գտնվող Տրանսֆուզիոլոգիայի և իմունոգենետիկայի ինստիտուտում, որտեղի փորձը և ստացածդ գիտելիքները ցանկանում էիք ներդնել Հայաստանում. հաջողվո՞ւմ է:
– Նախ՝ կցանկանայի նշել, որ շատ ուրախ եմ հարցազրույցն այս անգամ արդեն Հայաստանում անցկացնելու համար, հայրենիքում ուրիշ է: Իհա՛րկե, կուտակած փորձս շատ արդյունավետ է, ու վստահ եմ, որ հաստատ կծառայի իր նպատակին: Երևի տեղյակ եք, որ ընդամենն օրեր առաջ տեղի ունեցավ նոր հեմատոլոգիական ու տրանսպլանտացիոն կենտրոնի բացումը, որը զինված է նորագույն տեխնոլոգիաներով ու ժամանակակից ախտորոշման մեթոդներով: Դեռ տրանսպլանտացիաներ չեն իրականացվել, սակայն շատ մոտ ապագայում կլինեն. այդ ժամանակ գիտելիքս իր նպատակին կծառայի, քանզի ես վերապատրաստվել եմ հենց այդ ոլորտում:
– Գերմանիայում կրթությունը շարունակած բժշկի համար հե՞շտ էր նորից վերադառնալ Հայաստան ու աշխատել այստեղի պայմաններում, թե՞ տարբերությունն առանձնապես մեծ չէ:
– Տարբերությունը շատ մեծ էր՝ մինչև նոր կենտրոնի բացումը, իսկ հիմա տարբերությունն ուղղակի մեծ է: Այդ տարբերությունը պայմանավորող ամենամեծ գործոնն ապահովագրական համակարգն է առողջապահության ոլորտում, որը, կարծում եմ՝ Հայաստանի համար դեռ կշարունակի թանկ հաճույք մնալ, համենայնդեպս, մոտ ապագայում: Երբեմն կշեռքի նժարին դնում ես 2 տարբեր կարևոր բան ու տեսնում, թե որն է առավել կարևոր: Ես դժվար եմ վերահամակերպվում մեր երկրում, սակայն չեմ դժգոհում, ուրախ եմ, որ վերադարձել եմ:
– Արյունաբանական կենտրոնը վերազինվել է, բոլոր անհրաժեշտ սարքավորումները կարծես թե կան, մասնագետների առումով ի՞նչ վիճակ է, կենտրոնը կարո՞ղ է միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցել:
– Մասնագետները վերապատրաստվել և շարունակում են վերապատրաստվել առաջատար տրանսպլանտացիոն կենտրոններում, հուսամ՝ լավ ու կայուն հիմքեր կդրվեն այս նոր ոլորտում: Սա նորություն է Հայաստանի համար, դեռ ուշքի չենք եկել: Պետք է շատ լավ աշխատանք ու շատ լավ գովազդ՝ արտասահմանից պացիենտների ուշադրությունը գրավելու համար: Խոսքն առաջին հերթին՝ վերաբերում է հարևան պետություններին:
– Ձեր ստացած փորձն ու գիտելիքները Հայաստանի բուհական համակարգում հաջողվո՞ւմ է ներդնել:
– Ես շարունակում եմ դասավանդել Բժշկական համալսարանում, ինձ հոգեհարազատ գործ է, որը փորձում եմ բարեխղճորեն ու մեծ ոգևորությամբ իրականացնել: Ինքս մաքսիմալ փորձում եմ Ուլմում ձեռք բերած հմտություններս օգտագործել, գրավել ուսանողների ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը: Ուսանողներիս հետ վարվում եմ այնպես, ինչպես ժամանակին կուզենայի՝ իմ դասախոսներն ինձ հետ վարվեին: Կարծում եմ՝ նրանք գոհ են:
Ես կարծում եմ, որ մեր դասախոսները, մասնավորապես՝ 50 և ավելի տարիք ունեցողները, սովետական համակարգի ազդեցության տակ են: Ուսանողները շատ են սիրում ազատ լինել, չեն սիրում, երբ դասապրոցեսին չվերաբերող մանրուքներով ծանրաբեռնում ու նեղում են իրենց ( օրինակ՝ ուղիղ նստիր, ջուր մի խմիր, դուրս մի գնա, և այլն):
Ամենակարևորը, որ ուսանողը սովորի, տիրապետի իրեն մատուցված նյութին: Դա կարող է լինել օնլայն լեկցիաների ձևով, ինչը և արվում է Գերմանիայում: Իսկ այստեղ դասախոսությունները թելադրվում են (ծիծաղելի է), և այն էլ՝ մի քանի անգամ ու մի քանի խմբերի: Էլ չեմ խոսում այն մասին, որ դասախոսության կեսից ավելին նվիրվում է նկատողություններին՝ ուղղված այն խեղճուկրակ ուսանողներին, ովքեր ներկա են գտնվում դասախոսությանը՝ բացակա չստանալու համար (կամ ձանձրույթից քնում են, կամ խանգարում լեկցիայի բնականոն ընթացքն ու համապատասխանաբար՝ ուսանողներին, ովքեր իրոք ուզում են ինչ-որ բան սովորել): Իմ կարծիքով՝ դասախոսությունները պետք է լինեն ազատ, բռնի ձևով կատարված ցանկացած գործողություն իր նպատակին ծառայել չի կարող:
– Դու ք նշել էիք, որ թե՛ բուհական, թե՛ առողջապահական համակարգում Հայաստանի ու Գերմանիայի միջև հսկայական տարբերություններ կան. ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն մեր բուհական ու առողջապահական համակարգում, որ այդ տարբերությունը գոնե չնչին լինի:
– Ինչ վերաբերում է կրթությանը, ապա կասեմ, որ Հայաստանում այն բավականին խոցելի ու վիրավոր վիճակում է: Ես կարծում եմ, որ Բժշկական համալսարանում սովորելու իրավունք ունեն միայն դպրոցը լավագույն նիշերով ավարտած ուսանողները: Բժշկության մեջ միջակությունն ամենավտանգավոր ու ամենասարսափելի բանն է, որովհետև հիվանդն իր կամքից անկախ՝ իր կյանքը վստահում է պոտենցիալ մարդասպանի: Գերմանիայից այդ առումով դեռ շատ սովորելու բաներ ունենք: Ինչ վերաբերում է առողջապահությանը, ապա պետք է նշեմ, որ մեզանից պահանջվելու է բավականին ջանք ու եռանդ, երկար տարիների համբերատար աշխատանք, քանզի շատ հետ ենք. պետք է գործեն գիտահետազոտական կենտրոններ, պետք է օգտագործենք մեր տաղանդավոր երեխաների մտքի թռիչքը, պետք է թույլ տանք, որ երիտասարդ գիտնականները դրսևորեն իրենց: Իսկ դրա համար պետք է, նախ և առաջ, ֆինանսավորում: Ուղեղի հնարավորություններով ու գիտելիքներով շատ մրցունակ ենք արտասահմանյան շուկայում. դրա վառ ապացույցը Գերմանիայում և այլ զարգացած երկրներում աշխատող հայ մասնագետներն են, ովքեր իրենց կրթությունն այստեղ են ստացել: Սակայն, գործիքների ու համապատասխան նյութերի պակասի պատճառով, վերը նշածս կորցնում է իր դերն ու նշանակությունը:
– Գերմանիայում ստացած կրթությունը լիովին բավարարո՞ւմ է Ձեր ընտրած մասնագիտության մեջ հաջողություններ գրանցելու համար, թե՞ առաջիկայում վերապատրաստման կամ սովորելու նպատակով գուցե այլ բուհեր էլ մեկնեք:
– Ես գնալով ավելի ու ավելի եմ խճճվում բժշկության մեջ, հասկանում, թե ինչքան շատ բան կա սովորելու: Ինձ թվում է, որ ամբողջ կյանքս սովորելով եմ անցկացնելու: Միանշանակ պատրաստվում եմ տարբեր կլինիկաներից ծաղկաքաղ անել, իմ ոլորտում առաջատարը լինել, համեմատել տարբեր աղբյուրներից ձեռք բերված գիտելիքներս: Բայց մի բան կարող եմ վստահ և հստակ ասել. գիտելիքներս ու հմտություններս ծառայելու են միմիայն հայ ժողովրդի առողջությանն ու բարօրությանը: