Բաժիններ՝

«Հայ ուսանողները տեղեկացված չեն, թե արտասահմանում որակյալ կրթություն ստանալու ինչքան առավելություններ ունեն, ու ինչքան ծրագրեր կան»

«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքի հերոսն այս անգամ բժիշկ Տարոն Սարիբեկյանն է, ով այժմ Գերմանիայում է ԴԱԱԴ ծրագրով, որը երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում մասնակցել Գերմանիայի տարբեր անկյուններում իրականացվող գիտահետազոտական գործընթացներին: Տարոնը 2007-2012թթ. սովորել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ստանալով բժշկական գիտությունների բակալավրի աստիճան, որից անմիջապես հետո շարունակել է կրթությունը նույն համալսարանի մագիստրատուրայում և կարմիր դիպլոմով ավարտելով՝ ստացել է բժշկի կոչում: 2014-ից առ այսօր նա համարվում է նույն համալսարանի կլինիկական օրդինատոր «Արյունաբանություն, տրանսֆուզիոլոգիա և լեյկոզոլոգիա» մասնագիտական ոլորտում: Կլինիկական օրդինատուրան անցկացնում է Զեյթունում գտնվող պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնում:

Taron Saribekyan 011 Taron Saribekyan (7) Taron Saribekyan (5)

Հայաստանում եղած ժամանակահատվածում համատեղել է կլինիկական օրդինատուրան՝ որպես ասիստենտ աշխատելով Բժշկական համալսարանի Հյուսվածաբանության ամբիոնում: Աշխատել է նաև «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում՝ որպես բժիշկ:

«Շատերը կհամաձայնեն, որ այսօր Գերմանիան համարվում է առաջատարներից մեկը բժշկագիտության ոլորտում, և՝ ոչ միայն: Մեր սերնդին տրված է հիանալի հնարավորություն՝ կրթվել այնպիսի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպիսին Շարիտեն է, աշխարհին շատ հայտնի: Ինձ բաժին է հասել Ուլմում գտնվող Տրանսֆուզիոլոգիայի և իմունոգենետիկայի ինստիտուտը, որը իր ծավալած գործունեությամբ և կատարվող հետազոտությունների ծավալով առաջինն է Եվրոպայում և երկրորդը՝ ամբողջ աշխարհում:

Կարդացեք նաև

Այստեղ կատարվում է ոսկրածուծի կամ ցողունային բջիջների տրանսպլանտացիայի ենթակա պացիենտների և դոնորների հիստոհամատեղելիության որոշում, որին զուգահեռ՝ կենտրոնն իր դիտակետում ուշադրություն է սևեռում արյան խմբային նոր անտիգենների հայտնաբերմանը, այդ անտիգենների կլինիկական նշանակությանը տրանսպլանտացիայի ոլորտում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երիտասարդ բժիշկը:

Taron Saribekyan (8) Taron Saribekyan (3) Taron Saribekyan (2)

Տարոնի օրը շատ հագեցած է անցնում: «Պարտադիր լաբորատոր փորձերից բացի, հաճախում եմ Ուլմի համալսարանական կլինիկա՝ տեսական գիտելիքները կլինիկայի հետ համատեղելու: Փորձերը կատարվում են ժամանակակից և գերժամանակակից տեխնոլոգիաներով և գործիքներով, դասախոսություններին և գիտաժողովներին մասնակցում և զեկույցներով ներկայանում են ոլորտի առաջատար և հմուտ մասնագետները: Ամեն պայման ստեղծված է հիանալի ուսուցում ստանալու համար, մնում է միայն ցանկանալ և վերցնել,- նշեց նա՝ հավելելով, որ դասերից ու գիտահետազոտական ծրագրից դուրս ազատ ժամանակն օգտագործում է շրջագայությունների վրա, որը մեծ հաճույքով է անում ընկերների հետ,- Եվրոպայում սահմանները միայն «վերացական» իմաստ են կրում, այստեղ շատ հարմարավետ կարելի է այցելել հարևան երկրներ, ծանոթանալ նոր մշակույթի, նոր լեզվի և նոր մարդկանց հետ»:

Taron Saribekyan (4)

Տարոնին խնդրեցինք խոսել նաև հայկական կրթական համակարգի ու եվրոպականի միջև եղած տարբերությունների մասին. «Հայաստանի հետ տարբերությունը համակարգում հսկայական է: Այստեղ ուսուցումը կատարվում է պետության հաշվին, ուսանողն ուսանողական տարիներին օգտվում է մի շարք առավելություններից (անվճար տրանսպորտ, սպորտ, օտար լեզուների ուսուցում և այլն), հրամցվում է ամենաթարմ մասնագիտական գրականությունը, որը Հայաստանում շատ արդիական խնդիր է: Մեր մասնագետներն իրենց գիտելիքներով չեն զիջում Գերմանիայի բժիշկներին, ուղղակի իրենց մոտ ամեն ինչ համակարգային է ու գործիքներով հագեցած: Իսկ առողջապահության ոլորտում մեծ տարբերություն է այն, որ կա բժշկական ապահովագրություն, ու հիվանդները կարողանում են ցանկացած անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի՝ ի տարբերություն Հայաստանի»: Նրա խոսքով՝ կարելի է ժամերով խոսել տարբերություններից, քանի որ «համակարգում յուրաքանչյուր գործառույթ կատարվում է համաձայնեցված ու բարձր մակարդակով»:

Taron Saribekyan (1)

Նա ընդգծում է՝ հայ ուսանողները տեղեկացված չեն, իրենք էլ չգիտեն, թե ինչքան առավելություններ ունեն, ու ինչքան ծրագրեր կան՝ արտասահմանում որակյալ կրթություն ստանալու համար. «Պայմանը միայն լեզվի իմացությունն է, որը, կարծում եմ, կարճ ժամանակահատվածի հարց է: Ես հորդորում եմ բոլորին ավելի շատ քչփորել, փորձել ինտերնետն ավելի արդյունավետ օգտագործել՝ հօգուտ իրենց: Սակայն ձեռք բերած գիտելիքները միանշանակ պետք է ներդրվեն Հայաստանում, քանզի Հայաստանը կարիք ունի խելացի մարդկանց: Ծրագրի ավարտից հետո մտադիր եմ վերադառնալ Հայաստան ու ներդնել ձեռք բերված փորձս ու տեսական գիտելիքներս նոր Տրանսպլանտացիոն կենտրոնում, որի բացումը նախատեսվում է այս տարվա ամռանը: Կենտրոնը եզակի է լինելու տարածաշրջանում նրանով, որ նախկինում չենք ունեցել նման ոլորտ՝ ոսկրածուծի տրանսպլանտացիա, և հաստատ զգացվելու է արտասահմանում վերապատրաստված մասնագետների պակաս: Այդ կենտրոնի բացումը հնարավորություն կընձեռի հիվանդներին ոսկրածուծի փոխպատվաստման ենթարկվել իրենց երկրի ներսում, մինչդեռ այսօր մեր հիվանդները ստիպված են լինում ահռելի ծախսեր կատարել ու այդ նույնն իրականացնել Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլուր»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս