Հայաստանում 10 ամիսներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 96 դատապարտյալ
Այս տարի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 96 դատապարտյալ։ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգում մշակվում են նախագծեր, որոնց արդյունքում իրականացվելու են մի շարք բարեփոխումներ: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցեց Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ:
– Պարոն Գևորգյան, ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգում:
– Ներկայում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ։
Նախատեսված է ստեղծել պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովների գործառույթների հստակ տարանջատման մեխանիզմ, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարդեցված կառուցվածքի պարզեցում, որի արդյունքում առաջարկվում է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման որոշման կայացման հարցում երկու օղակների առկայություն՝ անկախ հանձնաժողով և դատարան:
Պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման ընթացքում հաշվի են առնվելու հստակ ու իրական չափանիշներ և՛ դատարանի և՛ անկախ հանձնաժողովի կողմից:
Վերապահվելու է դատապարտյալի մի շարք իրավունքները, որոնք ուղղված են դատապարտյալին վերաբերող որոշման կայացմանը ներկա գտնվելուն, լսված լինելուն և իր պաշտպանությունն իրականացնելուն:
–ՀՀ-ում 2016 թվականին ընդունվեց «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը: Ի՞նչ ազդեցություն կունենա այն քրեական արդարադատության տեսանկյունից:
– «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը կարևոր քայլ է հանդիսանում պրոբացիայի շահառուին ուղղելու և նրան հասարակություն վերաինտեգրելու տեսանկյունից։ Պրոբացիան նպատակ ունի կանխել քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագիծը ու ապահովել դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարումը:
Այս օրենքը նպատակ է ծառայելու նաև վերականգնել սոցիալական արդարությունը հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին, իսկ անչափահասների շահառուների նկատմամբ ապահովել ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը:
Պրոբացիայի մյուս կարևոր նպատակներից է ապահովել հասարակության անվտանգությունը՝ կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով, ինչպես նաև հաշտեցնել շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին):
Նշյալ նպատակների ապահովումը էական նշանակություն կունենա քրեական արդարադատության իրականացման վրա։
– Հայտնի է, որ ՀՀ–ում պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը կայացվում է երեք հանրային մարմինների մասնակցությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմ, անկախ հանձնաժողով և դատարան։ Արդյոք արդյունավե՞տ է գործում ազատ արձակման որոշում կայացնող այս եռաստիճան համակարգը:
– Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը։
Այսինքն՝ քրեակատարողական հիմնարկն այն առաջին օղակն է, որը կարող է դրական կամ բացասական լուծում տալ այս հարցին։ Երկրորդ օղակը անկախ հանձնաժողովն է, ով որոշում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման միջնորդագրին հավանություն տալու կամ չտալու հարցը։
Եթե կայացվում է նշյալ միջնորդագրին հավանություն տալու մասին որոշում, ապա հարցը ներկայացվում է երրորդ օղակին՝ դատարան։ Արդյունքում՝ դատարանը բավարարում կամ մերժում է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիրը։
Առկա կարգավորումների պայմաններում մենք բախվում ենք երեք օղակների գործառույթների ոչ հստակ տարանջատման խնդրին, որը հանգեցնում է նաև տարբեր մարմինների կողմից նույնաբնույթ գործառույթի իրականացմանը։
Մասնավորապես, խոսքը գնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովի գործառույթների նույնացմանը։ Հետևաբար, ներկայումս առաջացել է եռաստիճան այս համակարգի օղակների կրճատման և նույնաբնույթ գործառույթների իրականացման բացառման անհրաժեշտություն։
-Ո՞ր դեպքում դատապարտյալը հնարավորություն ունի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել ՔԿՀ–ից: Որո՞նք են պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշները Հայաստանում:
-Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի։ Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից։ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը։ Բացի այդ, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է համապատասխան ծանրության հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն ընձեռող ժամկետը։
Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին։
Հարկ է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է ևս մեկ չափանիշ, այն է՝ կարգապահական տույժ չունենալը, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դեպքում՝ վերջին հինգ տարվա ընթացքում պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների համար տույժ չունենալը։
Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի