«Ո՞րն է պատճառը, որ ավիատոմսերի մեծ գնային տարբերություններ կան մեր և Վրաստանի միջև». մեկնաբանում է փոխնախարար Էմիլ Տարասյանը

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց 2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրին:

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի՝ համաձայնագիրը կապահովի ազատ իրավապայմանագրային դաշտ, սահմանափակումներ չկան, օդն ազատականացված է:

«Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ընդլայնել և զարգացնել զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգի հետ»,- ասաց Է. Տարասյանը` հավելելով, որ Լյուքսեմբուրգի փոխադրողները կկարողանան նաև կարգո ծառայություններ տրամադրել ոչ միայն այլ ուղղություններով, այլև երկրի ներսում, իսկ կարգո ծառայությունը կխթանի արտահանումը:

ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը, որ ավիատոմսերի մեծ գնային տարբերություններ կան մեր և մեր հարևան երկրի մեջ, և ի՞նչ կարելի է անել, որ այդ տարբերությունը հօգուտ Հայաստանի փոխվի:

«Մոսկվա, Դուբայ, Դոհա, Կիևի ուղղություններով «Զվարթնոց» օդանավակայանից ավելի մատչելի է, քան Թբիլիսիի օդանավակայանից»,- հակադարձեց Է. Տարասյանը:

Ըստ նրա` 2013 թ.-ին բաց երկնքի քաղաքականություն հռչակելուց հետո չվերթերի ուղղությունները շատացան` Աթենք, Դոհա, Բաղդադ, Թբիլիսի, Սպահան, Թավրիզ և այլն, և այստեղ Հայաստանը մրցունակ է Վրաստանի համեմատ, որովհետև այս ուղղություններով թռիչքները կատարվում են Հայաստանի միջոցով:

Փոխնախարարի խոսքով` նմանատիպ համաձայնագիր շրջանառվում է նաև Չինաստանի, Ղազախստանի, Բելգիայի և Մոլդավայի հետ, որպեսզի ուղիղ չվերթեր իրականացվեն: Է. Տարասյանը նշեց, որ «Արմենիա» ավիաընկերությունը Եվրոպա թռչելու հետ կապված որոշ խնդիր է ունեցել, այժմ դիմել է եվրոպական համապատասխան կառույցներին՝ հավաստագրվելու համար:

Է. Տարասյանը տեղեկացրեց, որ նախարարությունն ուսումնասիրություն է կատարում, թե որոշ ուղղություններով գներն ինչո՞ւ են բարձր.

«2014թ. հետո չվերթերի նվազում եղավ, բայց մարդկանց շարժն աճում էր դինամիկ կերպով: Դա գալիս էր նաև նրանից, որ նախկինում օդանավերը թերծանրաբեռնված էին գնում: Հիմա հաճախակիությունն են ավելացնում»:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը հարցադրում արեց` արդյոք նախարարությունն ուսումնասիրե՞լ է՝ հանրության քանի՞ տոկոսն է օգտվում այդ էժան ուղղություններից.

«Եթե մարդուն ասեն, որ պետական մարմինները վերլուծություն են անում, շուտով արդյունքները կհրապարակեն, դա էդ մարդուն չի տաքացնում, իր բարեկամը թռնում է Թբիլիսիից: Այն ուղղությունները, որ պահանջված չեն, ինչքան էլ ցածր լինեն, էական չի: Պահանջված ուղղությունները թանկ են: Ինչքան էլ մեր հարևանն է, բարեկամն է, բայց ավելի լավ կլիներ՝ այդ գումարները մնային մեր ընկերությունների մեջ»:

Ըստ Բեքարյանի` «Պոբեդա» ավիաընկերության հայտարարությանը, որ ՀՀ օդանավակայանի գների պայմաններում հնարավոր չի թռնել, պետք է արժանի պատասխան տրվի:

Է. Տարասյանը նշեց, որ, եթե համեմատում ենք «Զվարթնոցը»  Թբիլիսիի հետ, մենք մրցունակ ենք, եթե համեմատում ենք Քութաիսի հետ, մրցունակ չենք.

«Համակարգային լուծումներ են անհրաժեշտ, որ մեկ ուղևորի հաշվարկով ծախսերը պակասեն: Ղազախների հետաքրքրությունը ծովային հանգիստն է, ավելի շատ գնում են Վրաստան: Ավիափոխադրողի համար 10 բաղադրիչ կա, պետք է գրավիչ լինի, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, մեկ օրվա խնդիր չի»:

Տեսանյութեր

Լրահոս