«Վաշինգտոնի ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կմեծանա Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում». Լուկիանով

«Հիլարին աչքի է ընկնում իր ճկունությամբ, և չի բացառվում, որ կոնֆլիկտային գոտիներում փորձի նոր մոտեցումներ կիրառել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ՌԴ հարաբերություններին։

Ֆյոդոր Լուկիանովը նշեց, որ դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կունենան ռուս-ամերիկյան հարաբերություններն ամերիկյան ընտրություններից հետո, քանի որ դեռ լիովին պարզ չէ, թե որ թեկնածուն կհաղթի։ Այնուամենայնիվ, ըստ նրա՝ նախագահական ընտրությունների ցանկաված ելքի դեպքում էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում բեկումներ չեն ակնկալվում։ Լուկիանովի կարծիքով, Հիլարիի հաղթանակի դեպքում Ռուսաստանի նկատմամբ մեղմ քաղաքականությունն անակնկալ կդիտարկվի՝ հաշվի առնելով նրա  հակառուսական դիրքորոշումը։

Բայց, Լուկիանովի փոխանցմամբ՝ Հիլարին պատրաստ է նաև բեկումնային քայլերի, եթե կա դրանում շահ։ «Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ Հիլարին և Պուտինը միմյանց կհամակրեն, ինչը կարևոր կլիներ ռուս-ամերիկյան կարգավորման համար»,- ընդգծեց Լուկիանովը։ Վերջինիս խոսքով՝ ինչ վերաբերում է Թրամփին, ապա նա ցանկություն ունի վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չունի դրա կարողությունը, քանի որ լուրջ դիվանագետ չէ։ Այնուամենայնիվ Ֆլոդոր Լուկիանովն ավելի հավանական է համարում Հիլարի Քլինթոնի հաղթանակը՝ որպես հարուստ փորձ ունեցող ամերիկյան քաղաքական գործիչ։

«Այդ դեպքում, իմ համոզմամբ, ամերիկյան արտաքին քաղաքականությունը բեկումներ չի ապրի։ Հիլարին աչքի է ընկնում իր ճկունությամբ, և չի բացառվում, որ կոնֆլիկտային գոտիներում փորձի նոր մոտեցումներ կիրառել, որոնք դրանք կհանգուցալուծեն։ Բայց սա ես դատում եմ, հիշելով Հիլարի Քլինթոնին՝ որպես ԱՄՆ պետքարտուղար։ Այդ պաշտոնում նա իրեն դրսևորում էր՝ որպես ազատ ստեղծագործող, և շատ հարցերում հենց այդ պատճառով ինչպես՝ հաջողեց, այնպես էլ՝ տապալվեց»,- ասաց  Լուկիանովը։

Անդրադառնալով Հարավային Կովկասի նկատմամբ նորընտիր նախագահի վերաբերմունքին՝ Լուկիանովն ասաց, որ Հարավային Կովկասն ԱՄՆ-ի համար կարևոր տարածաշրջան է։ «Հիլարիի հաղթանակի դեպքում կարելի է ակնկալել որոշակի ամերիկյան ակտիվություն հարավկովկասյան խնդիրներում։ Նա բավականին ցավոտ էր ընկալում ժամանակին հայ-թուրքական փակ սահմանի առկայության փաստը։ Չեմ կարծում, թե ԼՂ հիմնախնդրի շուրջ ԱՄՆ-ը կփոխի իր մոտեցումները, ԱՄՆ-ը արդեն բավականին ակտիվ աշխատում է Մինսկի խմբում։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ուշադրությունը կմեծանա, քանի որ նա լավատեղյակ է այդ տարածաշրջանի խնդիրներին»,- նկատեց Ֆյոդոր Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս