Հեռուստատեսությունը պետք է փոխվի, այլապես անդառնալիորեն կպարտվի համացանցին. Արմեն Արզումանյան. tert.am
Մեկ տարի առաջ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը» և «Յուքոմ» հեռահաղորդակցության առաջատար ընկերությունը ռազմավարական համագործակցություն սկսեցին։ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» առաջատարը՝ «Արմենիա Թի-Վին», «Յուքոմ» ցանցի բաժանորդների համար ստեղծեց 6 նոր հեռուստաալիք: Այսօր ընկերությունները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 31-ից «Յուքոմ» ցանցով եթեր է հեռարձակվել 4 նոր նախագիծ, որոնք խոստանում են բեկումնային դառնալ։
Նոր նախագծերի, դրանց մտահղացման նախադրյալների, մեդիա խմբի և հեռուստատեսության խնդիրների ու ապագայի մասին Tert.am–ը խոսեց «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանի հետ։
– Պարոն Արզումանյան, տեխնոլոգիական առաջընթացին զուգընթաց համացանցից օգտվողների թիվն աճում է՝ ի հաշիվ հեռուստացույց դիտողների։ Որքանո՞վ է այս միտումը վտանգում հեռուստատեսության ապագան, ի՞նչ մարտահրավերների առջև են այսօր կանգնած «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» կազմի մեջ մտնող հեռուստաընկերությունները, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ժամանակով թելադրվող խնդիրները լուծելու համար։
-Մենք ապրում ենք տեխնոլոգիական հեղափոխությունների ամենօրյա հեղեղի մեջ։ Իրականություն է, որ ավանդական հեռուստատեսությունն ամեն օր զիջում է իր դիրքերը։ Նոր դարաշրջանի հեռուստադիտողը թելադրում է փոխվել, արագորեն ներդաշնակ դառնալ ժամանակակից պահանջներին կամ անդառնալիորեն պարտվել ինտերնետին ու վերանալ։ Հիմա աշխարհում ամենամոդայիկ արտահայտություններից մեկը՝ «ես հեռուստացույց չեմ նայում» նախադասությունն է։ Իրականում մենք ավելի շատ ենք դիտում հեռուստատեսություն, քան մեզ թվում է։ Բայց այդ «չեմ նայումը» արտասանելիս մենք չենք ստում, ուղղակի ինքներս էլ չենք հասկանում, որ այդ նույն «թիվիի» արտադրանքն ենք հաճախ սպառում «Յութուբում» ու «Ֆեյսբուքում»։ Այդ դեպքում դուք կհարցնեք՝ էլ ինչո՞ւ են անհանգստանում հեռուստաընկերությունները, եթե նրանց «պրոդուկտի» դիտելիությանը փաստացի ոչինչ չի սպառնում։ Բայց իրականությունն այն է, որ եթե առաջ դու նստում էիր հեռուստացույցի դիմաց ու հաղորդման կամ ֆիլմի դիտման ընթացքում քեզ հրամցվում էր գովազդ, որի համար ստացված գումարներով էլ ապրում էին հեռուստաընկերությունները, հիմա, երբ մենք հեռուստատեսություն ենք դիտում կաբելային ցանցում, երբ կարող ենք թռչել գովազդի վրայով ու չնայել այն, երբ «Ֆեյսբուքում» ու «Յութուբում» նույնպես առանց գովազդի ենք նայում նույն հաղորդումը, հեռուստաընկերությունը չի ստանում իրեն հասանելիք գումարը «ձեզ վաճառած» հաղորդման դիմաց։
Այս տրանսֆորմացիաները տեղի են ունենում ողջ աշխարհում, և հեռուստաընկերությունները բուռն փոփոխությունների ճանապարհ են բռնել։
Նույնպիսի փոփոխություններ են սպասվում նաև հեռահաղորդակցության ընկերություններին։ Աշխարհում ավանդական հեռախոսազանգերի քանակը շեշտակիորեն նվազում է։ Մարդիկ ավելի ու ավելի են գերադասում «Վայբերը», «Ուոթսափը», «Սկայպը» կամ «Ֆեյսթայմը»։ Բոլոր օպերատորների տեխնիկական սպասարկման մակարդակը դառնում է գրեթե իդենտիկ։ Մյուս կողմից էլ՝ ինտերնետի էքստենսիվ տարածումն ավարտվում է, և հեռահաղորդակցության ընկերությունները հասկանում են, որ եկել է նոր ծառայություններով մրցելու ժամանակը։
Ստեղծվել է իրավիճակ, երբ հեռահաղորդակցության ընկերություններն ու հեռուստաընկերություններն ուղղակի դատապարտված են համագործակցության։ Այս երկու ոլորտներն աշխարհում մեծ թափով փոխլրացման ու փոխներգործման պրոցեսներ են ապրում։
Netflix-ն ու Amazon-ը սովորական ինտերնետ էջից վարածվում են կինոհեռուստակաբելային հեռահաղորդակցության հսկաների։ Այլ հեռահաղորդակցության հսկաներ սերտ համագործակցություններ են սկսում «թիվի»-ների հետ։ Երբ HBO հեռուստաընկերությունը սկսեց հեռարձակել իր ամենախոշոր նախագծերը, հնարավորինս նպաստեց, որ դրանք մաքսիմալ տարածում ունենան նաև համացանցում։ Արդյունքում՝ այսօր նրա պրոդուկտները բոլոր հնարավոր ու անհնար ռեկորդներն են սահմանում ինչպես հեռուստաեթերում, այնպես էլ համացանցում։
Մենք նույնպես գնացել ենք այդ քայլին՝ մեկ տարի առաջ համագործակցություն սկսելով հեռահաղորդակցության առաջատար «Յուքոմ» ընկերության հետ, և միտված ենք ցանցի բաժանորդներին բացառիկ որակյալ կոնտենտ տրամադրել։ Այսօր կարող եմ ասել, որ «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքը, որը «Արմենիա Թի-Վիի» առանց գովազդի տարբերակն է, որտեղ հաղորդումների ու ֆիլմերի զգալի մասը ցուցադրվում է մեկ օր շուտ, «Յուքոմ» ցանցի միանձնյա առաջատարն է։ Մեր մյուս ալիքներն ուղղված են տարբեր տարիքային, սոցիալական, կրթական ու մշակութային խմբերին և նույնպես մեծ դիտելիություն են ապահովում՝ հուշելով, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։
-Շատ է քննարկվում նաև «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» և «Յուքոմի» նոր նախաձեռնությունը։ Խոսքը հոկտեմբերի 31-ից եթեր հեռարձակված մի քանի նոր նախագծերի մասին է։ Ստացվում է՝ մի կողմից մենք խոսում ենք հեռուստատեսության բյուջեի կրճատման մասին, մյուս կողմից՝ եթեր են մտնում տպավորիչ բյուջեով միանգամից մի քանի նախագծեր։ Համենայն դեպս, այդպես էր ասվում գովազդում։
– «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքների ընտանիքի ստեղծումից մեկ տարի անց «Յուքոմը» և մենք որոշեցինք ևս մեկ քայլ առաջ գնալ։ Հոկտեմբերի 31-ից եթեր է հեռարձակվել 4 նոր նախագիծ, որոնք հնարավոր կլինի դիտել միայն «Արմենիա Պրեմիում» -ի եթերում։ Սկսած այդ օրվանից ամեն օր ժամը 21:00-ին «Արմենիա Պրեմիումի» եթերում կլինի որակյալ արտադրանք, որը կկարողանան դիտել միայն «Յուքոմ» ցանցի բաժանորդները։
Երեք տարվա դադարից հետո նոր սիթքոմով վերադառնում է Հայկ Մարությանը։ «Ազիզյանները» կոչվող հումորիստական պատումների առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 24 մասից և շաբաթվա ընթացքում կցուցադրվի 2 մաս։
Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ հումորիստական ֆիլմաշարը հուսով ենք կսիրվի «Արմենիա Պրեմիումի» հեռուստադիտողների կողմից՝ հատկապես, որ ֆիլմում նա միանգամից երկու կերպար է կերտելու: Այն նույնպես կհեռարձակվի շաբաթը 2 սերիա սկզբունքով։ Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Ցանկալի փեսացուն» կոչվող հաղորդումը կհեռարձակվի ամեն ուրբաթ։ Այն ռեալիթի ժանրի հաղորդում է, որտեղ մեկ տասնյակից ավելի աղջիկներ պայքարում են «Ցանկալի փեսացուին» գրավելու համար։ Շաբաթ և կիրակի երեկոյան կհեռարձակվի «Հին արքաներ» պատմական բազմասերիանոց ֆիլմը։ Սա խիստ ծախսատար և հավակնոտ նախագիծ է, որ պատմում է մ.թ.ա առաջին դարի Հայաստանի մասին։ Ֆիլմաշարը գեղարվեստական է, սակայն իրադարձությունները, որոնց մասին պատմվում է ֆիլմում, կարող էին մեր օրերում տեղի ունենալ։ Վստահ եմ, որ այն հսկայական հեռուստալսարան կունենա ու բուռն քննարկումների առիթ կդառնա։ Հայկական հեռուստատեսային պատմության ընթացքում սա առաջին նման փորձն է։ Ու, իհարկե, անհնար կլիներ իրականացնել, եթե չլիներ մեր և «Յուքոմի» համագործակցությունը։
-Այսինքն՝ ստացվում է, որ այդ նոր նախագծերը նախատեսված են սահմանափակ թվով մարդկանց համար և հանրության մի զգալի շերտ, որը «Յուքոմի» բաժանորդ չէ, փաստացի, զրկված է լինելու այդ մեդիապրոդուկտները սպառելու հնարավորությունից։ Ի՞նչ պետք է անի այն քաղաքացին, որը «Յուքոմ» ցանցի բաժանորդ չէ։
-Իսկ ի՞նչ է անում այն քաղաքացին, որը զրկված է, օրինակ, Discovery ալիքը դիտելու հնարավորությունից։ Աշխարհի շատ առաջատար հեռուստաընկերություններ ու հեռարձակողներ վաղուց կիրառում են վճարովի կաբելային ալիքներով հեռարձակման պրակտիկան, և դա օգնում է գումար հայթայթել՝ ստեղծելու այնպիսի նախագծեր, որոնց ստեղծումն այլ պարագայում ֆինանսական առումով դժվար կլիներ։
Մեր խումբը միշտ հայտնի է եղել նորարարական լուծումներով և աշխարհի փորձը մեր երկրում առաջինը կիրառելով։ 4 տարի առաջ «Արմենիա Թի-Վին» առաջինն էր, որ սկսեց հեռարձակվել HD որակով։ Այսօր «Արմենիա Թի-Վին» նաև տեխնիկական որակի առումով է քայլ առաջ կատարում՝ նոր նախագծերը նկարահանելով 4K ձևաչափով, կամ պարզապես 4 անգամ ավելի որակյալ պատկերով, քան Full HD-ն է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։