Մետությունը վերածել պետության

Մետությունը վերածել պետության

Հայաստանի խնդիրները շատ են, որքան շատ են, այնքան խորքային են, որքան խորքային են, այնքան համակարգային են, որքան համակարգային են, այնքան անձնային են։ Բայց բոլոր խնդիրների խնդիրը, որն իր էությամբ և՛ խորքային է, և՛ համակարգային, և՛ անձնական, արտաքին քաղաքական կողմնորոշման հարցն է։ Հարց, որը Հայաստանում քաղաքականության մասնակից բոլոր սուբյեկտների կողմից մատնվում է հետևողական, համակարգված ու կազմակերպված լռության։  Իր կարևորությամբ առաջնային ու կենսական այդ խնդիրը լռեցվում է ոչ միայն՝ իշխանության, այլ շատ հաճախ՝ նաև ընդդիմության կողմից, որի՝ իրեն արմատական հռչակող հատվածն այդ գործով զբաղվում է առանձնակի ջանասիրությամբ։

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող գրեթե բոլորի համար արտաքին քաղաքական կողմնորոշումը սկսվում և ավարտվում է Ռուսաստանով, որի անունը լսելիս՝ այդ գրեթե բոլորը ոգևորվում ու կարկամում են միաժամանակ։ Այդպիսով, Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող գրեթե բոլորը՝ ձայն ձայնի ու
ձեռք ձեռքի ու ուս ուսի տված՝ իշխանություն ու ընդդիմություն, վերլուծաբան ու իբրև թե քաղաքացիական ակտիվիստ, իրենց առնվազն լուռ ծառայամտությամբ սպասարկում են Հայաստանում Ռուսաստանի շարունակականությունն ապահովող հակահայկական շահը։

Ընդ որում, այդ գրեթե բոլորը, երբ խոսք է գնում արտաքին քաղաքական կողմնորոշման մասին, իրենց հռչակում են «հայաստանամետ»՝ այդ ռաբիս արտահայտությամբ ցուցանելով փոքրաթիվ ընդդիմախոսների արևմտամետությունը։

Այդ գրեթե բոլորն իրենց ռուսամետ չեն համարում, ու դա միակ հարցն է, որում նրանք իրավացի են՝ իրենք ոչ թե ռուսամետ են, այլ ռուսական։ Եվ ահա քաղաքականությունն իրենցով լցրած այդ ռուսական հավաքականությունը բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում Պուտինի կուռքը, հռչակում են արևմտամետ, հռչակում են այնպիսի ենթատեքստով, որ այդպիսով արտահայտում են ոչ թե այս մյուսների՝ համամարդկային արժեքներին հավատարմությունը, այլ լրտեսությունն արևմտյան երկրների կամ կառույցների համար։ Ճիշտ այնպես, ինչպես վարվում է ռուսական քարոզչությունը ցանկացած մեկի հետ, ով համարձակվում է պուտինապաշտներից տարբերվող կարծիք արտահայտել։

Մինչդեռ արևմտամետությունն այն իմաստով, որով տարբերակում է Հայաստանում գործող փոքրաթիվ ուժերին ու անհատներին ռուսական մեծամասնությունից, նորմալ, իրավական, ժողովրդավարական պետություն ունենալու տեսլականն է։

Դա արևմտյան կամ եվրոպական մոդելի պետությունն է, որում ամեն ինչից առաջ ու ամեն ինչից վեր հարգվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, որտեղ շուկան կարգավորվում է ոչ թե կիսագողական-կիսակուսակցական քվոտաներով, այլ մրցակցության կանոններով, որտեղ բոլորը հավասար են՝ անկախ կուսակցական ու սոցիալական պարտավորությունից։ Եվ իրականում բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հակառակի դիրքերից, այսինքն՝ արժեքային իմաստով արևմտամետությունը մերժողների ու ռուսահպատակությունն ընդունածների դիրքերից, գործում են Հայաստանի դեմ։

Որովհետև ռուսական կողմնորոշումն ու ռուսական ազդեցությունն օրգանապես դեմ են նորմալ, իրավական պետությանը։ Որովհետև իրավական պետությունը տեղ չի կարող ունենալ ռուսական հակաժողովրդավարական կոնգլոմերատներում, որտեղ այսօր Հայաստանն է։ Եվ ուրեմն, բոլոր նրանք, ովքեր չեն համալրել ռուսականների ու պուտինապաշտների ու պուտինավախերի շարքերը, պարտավոր են իրենց գործողություններով, քաղաքական ու ընտրական գործողություններով անել ամեն ինչ՝ Հայաստանն իրենց դավանած արժեքներին համարժեք երկիր դարձնելու համար։

Այլ կերպ ասած՝ բոլոր ոչ ռուսական ուժերը պարտավոր են անել ամեն ինչ՝ մնացածի կողմից անվանարկվող ու որպես պիտակ ներկայացվող մետությունը պետության վերածելու համար։ Այլընտրանքը ռուսական ֆորպոստի հավերժ կարգավիճակն է՝ ժողովրդավարության իմիտացիայի զզվելի դրսևորումներով։

Ինչ վերաբերում է մյուսներին, այսինքն՝ քաղաքական դաշտի մեծամասնությանը, ապա նրանք գոյություն ունեն, որպեսզի Հայաստանը շարունակի գոյությունը ռուսական նախագծերում ու ռուսական ազդեցության տակ։ Խորքային իմաստով՝ այդ ուժերը՝ գործող իշխանությունն ու ընդդիմության երևացող ու երևացվող հատվածը, գոյության այլ իմաստ չունեն։ Նրանք չեն կարող տեղ ունենալ նորմալ, իրավական պետությունում։ Քաղաքականության մեջ, բնականաբար։

Քաղաքական լուսանցքներ ու ազատազրկման վայրեր կան նաև ժողովրդավարական երկրներում։

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: