«2017-ի ՀՆԱ 3.2% աճը ռիսկային է, իսկ բացասական սցենար չի քննարկվում». Աշոտ Եղիազարյան
«Հաջորդ տարվա բյուջեն պլանավորվել է ՀՆԱ-ի 3.2% աճի հիմքի վրա, բայց կարծում եմ, այդ աճի կանխատեսման հիմքերը շատ-շատ թույլ են: Եթե այն պայմանավորենք գլոբալ տնտեսության աճի տեմպերով և Ռուսաստանում տնտեսական իրավիճակի կայունացմամբ, կարծում եմ, դա հիմնավոր չէ մեր պարագայում, որովհետև նախ` միջազգային տնտեսական գործընթացներից Հայաստանն արդեն քանի տարի կտրված է, Հայաստանում գործում են զարգացման այլ օրինաչափություններ, որովհետև մեր երկիրը տնտեսապես նույնպես մեկուսացվել է, և այս պահի դրությամբ այդ մեկուսացումը խորանում է: Ռուսաստանի տնտեսական կայունության հետ կապված գնահատականները ևս, կարծում եմ, հիմնավորված չեն: Եվ կապել այս երկու միտումների հետ ու կանխատեսել 3.2% աճ, կարծում եմ, դա ռիսկային է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը` խոսելով 2017թ. բյուջեի նախագծի ցուցանիշների մասին:
Ներկայումս ակտիվ քննարկվող կառավարման համակարգի օպտիմալացման վերաբերյալ Ա.Եղիազարյանը նշեց, որ այն ունի 2 կողմ, նախ` պետական համակարգում համատարած կրճատումները սոցիալական լուրջ խնդրի են հանգեցնելու, սակայն մյուս կողմից էլ՝ բոլորովին արդարացված չէ, որ մի նախարարը բազմաթիվ խորհրդականներ ու օգնականներ ունենա, որոնք շատ դեպքերում չինովնիկների զավակներ են: «Խնդիրը նրանում է, որ մեր այս գնահատականները շատ օբյեկտիվ չեն կարող լինել, որովհետև մենք նախկինում և այս տարի գործ ունեինք աճող բյուջետային եկամուտների և ծախսերի հետ, իսկ հաջորդ տարի գործ կունենանք կրճատվող եկամուտների ու ծախսերի հետ, ինչը պահանջում է այլ մոտեցումներ ու գնահատականներ:
Կարծես թե այս ամեն ինչը եղել է շատ հանպատրաստից, քանի որ ինչ-որ տեղ կապիտալ ծախսեր, աշխատողներ կրճատելը պահանջում է լուրջ հիմնավորումներ, որ այս պահին չի երևում»,- ասաց Ա.Եղիազարյանը:
Նրա գնահատմամբ` խնդիրն ավելի մեծ է և գլոբալ՝ այն իմաստով, որ չի քննարկվում որևէ սցենար, որ, եթե չարձանագրվի 3.2% աճ, և, ասենք, նույնքան անկում լինի, այդ 3.2%-ի վրա կառուցված մյուս ցուցանիշներն ի՞նչ պետք է լինեն, և ի՞նչ պետք է արվի, այսինքն` բացասական սցենարներն անտեսվում են.
«Ընդհանրապես, ես կառանձնացնեի 2 հնարավոր սցենարներ: Եթե Հայաստանի շուրջ իրավիճակը, արտաքին միջավարը փոխվի, և Հայաստանը կարողանա դուրս գալ այս մեկուսացումից, նկատի ունեմ` ԵՄ-ի և արտաքին աշխարհի հետ կարողանա ինքնուրույն քաղաքականություն տանել, հնարավոր է նույնիսկ դրական դինամիկա և նույնիսկ ավելի մեծ ցուցանիշի արձանագրում:
Այսինքն` հայտնի չի՝ ինչ տեղի կունենա հաջորդ տարում: Բայց եթե դա տեղի չունենա, շարունակվեն ներկայիս գործընթացները, որ նվազման միտում է արձանագրվում այս պահին, և որևէ հիմք չկա ասելու, որ այդ նվազումը կվերածվի աճի, այսինքն` ՀՆԱ 3.2% ցուցանիշի ապահովումը կասկածի տակ է, հետևաբար` կասկածի տակ է եկամուտների հավաքումը և ծախսերի կատարումը»: