Facebook-ը և սոցցանցերում շփվելը երկարացնում է կյանքը. գիտնականներ
Ցանցի 12 մլն օգտատերերի կենսակերպի դիտարկումները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ակտիվորեն օգտվում են սոցցանցերից, միջին հաշվով ավելի երկար են ապրում, ինչը, հավանաբար, պայմանավորված է սոցիալական ավելի մեծ ակտիվությամբ եւ «արտաքին աշխարհի» հետ կապերի պահպանմամբ: Այդ մասին Facebook ընկերությունում աշխատող գիտնականները հայտարարել են PNAS հանդեսում հրապարակված հոդվածում:
«Առցանց շփումը, ինչպես երեւում է, օգտակար է առողջության համար, հատկապես եթե այն չի իրականացվում ի վնաս օֆլայն շփման եւ սերտորեն փոխգործակցում է նրա հետ: Պարզվել է, որ միայն ամենածայրահեղ դեպքերն են կապված կյանքի տեւողության կրճատման հետ, երբ մարդիկ, չշփվելով «արտաքին աշխարհի» հետ, ամբողջ կյանքն անցկացնում են ցանցում»,- ասել է ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակից Ուիլյամ Հոբսը:
Հոբսը եւ մի քանի այլ գիտնականներ, այդ թվում նաեւ Facebook ընկերության մասնագետները, այս եզրակացության են եկել՝ հետեւելով Կալիֆոռնիայի նահանգի՝ սոցիալական ցանցում գրանցված եւ բժշկական ապահովագրություն ունեցող մի քանի միլիոն բնակիչների կյանքին:
Ինչպես ընդգծում են գիտնականները, ուսումնասիրությունն անցկացվել է անանուն. անձնական բոլոր տվյալները ջնջվել են այն բանից անմիջապես հետո, երբ վերլուծության ծրագիրը բժշկական գրանցումները համադրել է Facebook-ի ներքին վիճակագրության հետ: Բացի այս ցանցի օգտատերերից, այդ մարդկանց թվում են հայտնվել նաեւ նրանք, ովքեր երբեք հաշիվ չեն բացել Facebook-ում կամ այլ սոցցանցերում: Այդ մարդիկ եղել են 25-ից մինչեւ 70 տարեկան:
Կես տարվա ընթացքում սոցցանցից օգտվելու տվյալները ցույց են տվել, որ դրա ռեսուրսների չափավոր օգտագործումը վաղաժամ մահվան հավանականությունը նվազեցրել է 12 տոկոսով: Դա կարող է կապված լինել ինչպես գլոբալ ցանցի միջոցով բուն շփումից բարերար ազդեցությունների, այնպես էլ այն բանի հետ, որ սովորաբար ցանցի օգտատերերը նյութապես ավելի ապահովված են լինում, ինչի բացակայությունը շատ մարդկանց թույլ չի տալիս համակարգիչ կամ սմարթֆոն ձեռք բերել Facebook-ում շփվելու համար:
Մյուս կողմից, մահացության հաճախականության տարբերությունը ցանցի ակտիվ օգտատերերի շրջանում, որոնք բազմաթիվ ընկերներ ունեն եւ եւ նրանց հետ ակտիվորեն շփվում են, եւ այն մարդկանց շրջանում, ովքեր գրեթե չեն օգտվում Facebook-ից, խոսում է այն մասին, որ կյանքի ավելի երկար տեւողության եւ առցանց շփման միջեւ ինչ-որ կապ, այնուամենայնիվ, գոյություն ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: