Կառավարության տնօրինած ռեսուրսները
Նոր կառավարության ձևավորման մասին կարծես բոլորն արտահայտվեցին: Կառավարության ծրագիրն էլ կարծես համապարփակ վերլուծվեց: Գնահատականները միայն վերլուծություն չէ, որ պարունակում էին: Հաճախ դրանք ցանկություն էին, որ հավանաբար բացատրվում է սպասումով: Դժվար է վերջին 10-15 տարում հիշել կառավարության ձևավորման այլ օրինակ, որ այդքան ակնկալիք-սպասումներով է ուղեկցվել: Այդ սպասումները կարելի է բացատրել այն տնտեսական ու քաղաքական իրավիճակով, որում ձևավորվեց նոր կառավարությունը:
Ընտրություններից առաջ կառավարության փոփոխությունը քաղաքական իմաստով ընդունված տարբերակ է իշխանության համար: Հին ու փորձված տարբերակ, որ անխափան է աշխատում:
Փոփոխությունը հնարավորություն է տալիս տնտեսական կյանքի անհաջողությունները բարդել «գնացողների» վրա և հասարակական նոր հույսեր ձևավորել: Նոր կառավարությունն իրավիճակի գնահատման հարցում բավական անկեղծ է և հասարակությանը հասկացնում է, որ մինչև ընտրություններ արմատական արդյունքներ չեն լինելու: Այս կառավարությանը «ներվեց» անգամ 2017-ի բյուջեի համեստ նախագիծը: Բոլորն էլ հասկանում էին, որ էական փոփոխությունների համար ժամանակը բավարար չէր: Նույնիսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցչությունները հանդուրժողական էին այս հարցում:
Այդպիսին էր նաև Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի երևանյան գրասենյակի տնօրենի գնահատականը: Տնօրենն արևմտյան գործիչներին պակաս բնորոշ խստությամբ գնահատելով մեր տնտեսական համակարգը` նախ հայտարարեց, որ «Հայաստանը հարկային թափանցիկություն ունեցող երկիր չէ»:
Դժվար է հիշել այլ օրինակ, երբ մեր տնտեսական համակարգն այդքան խիստ ու միանշանակ գնահատականներ ստացած լինի միջազգային տնտեսական կառույցներից: Բայց ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը հնչեցրեց այն, ինչի մասին գիտեն մեր գործարար կյանքի հետ բոլոր առնչություն ունեցողները:
Ըստ նրա, Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունները թաքցնում են եկամուտները, որովհետև վախենում են՝ «Եթե դուք եկամտաբերություն եք ցույց տալիս, վախենում եք, որ ձեր ետևից կընկնեն»: Նման կոշտ կարծիք մեկ անգամ էլ էր հնչել: Տարիներ առաջ Երևան ժամանած ռուս գործարարներից մեկը մեր խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական խոչընդոտն այն է, որ մեր իշխանությունները չափազանց մեծ մասնաբաժին են պահանջում օտարերկրյա ներդրողից:
Փաստորեն «փայ» մտնելու մեր ավանդական պահանջի մասին բոլոր հնարավոր օտար ներդրողները գիտեն ու բարձրաձայն հայտարարում են այդ մասին: Բայց իրավիճակի նման գնահատական տալիս է արդեն մեր նոր կառավարությունը: Ու այդ գնահատականներից ոգևորված Մարկ Դևիսը հայտարարում է, թե ուրախ են, որ «Կառավարությունում քննարկում են համակարգային փոփոխությունների հարցեր»: Հայտարարում ու ավելացնում է, որ այդ գործում հաջողության հասնելու համար «Պետք են տեխնիկական կարողություններ դաշտը մաքրելու համար»: Նոր կառավարության մասին վերլուծություն-գնահատականներում այն ավելի հաճախ բնութագրվում է` որպես «պրագմատիկ մենեջերների» կառավարություն: Եվ այսպես, խնդիրները ձևակերպված են:
Պրագմատիկ մենեջերները հրապարակել են իրենց գործունեության ծրագիրը: Ավելին՝ որոշ օլիգարխ չինովնիկներ կորցրել են իրենց պաշտոնները: Բայց դժվար է միանշանակ պնդել, որ նրանք կորցրել են մեր քաղաքական ու տնտեսական կյանքի վրա էական ազդեցության լծակները: Ի վերջո, մեր երկրում երեք նախագահների ու բազմաթիվ կառավարությունների օրոք ձևավորված օլիգարխների ցանկը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Տարեցտարի մեծացել է նրանց ազդեցությունը թե իշխանավորների, թե քաղաքական ուժերի վրա: Հիմա խնդիրը նոր երանգ է ստանում:
Հիմա կարևոր է դառնում այն հարցը, թե որքանով պրագմատիկ մենեջերների թիմը կհաջողի տեխնիկական հմտություններ ձեռք բերել, Դևիսի ասած` «դաշտը մաքրելու համար»: Ի վերջո, բացի օլիգարխների դիմադրությունից, նրանք պիտի փորձեն հաղթահարել իշխանությունների և իշխանական քաղաքական ուժերի դիմադրությունը: Կես տարի հետո ընտրություններ են: Որքան էլ որ վարչապետը հայտարարի «կախարդական փայտիկ» չունենալու մասին, միևնույն է, ընտրությունների մոտենալուն զուգահեռ` իշխանական ուժերը նոր կառավարությունից պոպուլիստական քայլեր են ակնկալելու:
Տնտեսական ծանր իրավիճակի պատճառով 2017-ի ընտրություններին իշխանությունները գնալու են չբարձրացված աշխատավարձերով ու թոշակ-նպաստներով: Եթե, իհարկե, նոր կառավարությունը դիմանա ճնշմանը և պոպուլիստական քայլերով ավելի չվատացնի երկրի տնտեսական իրավիճակը: Հարկավ, սա լուրջ փորձություն է լինելու նոր կառավարության համար: Ի վերջո, ընտրությունների մոտենալուն զուգահեռ` նոր կառավարությունը միայն իշխանական ճնշումների տակ չէ, որ հայտնվելու է: Մեր քաղաքական դաշտում բազմաթիվ ագրեսիվ պոպուլիստական ուժեր կան: Իսկ Գյումրիի ու Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ ուժերն ընդդիմադիր կեցվածք որդեգրելով` ընտրական քվեների էական մասնաբաժին ունեն: Իսկ հասարակական աջակցությունն ու համակրանքն անսպառ ռեսուրս չէ, եթե, իհարկե, այն ռեսուրս կարելի է համարել մեր քաղաքական կյանքում: