«Հնարավոր է նոր տեղային պատերազմ, որը կրկին կավարտվի Մոսկվայի «խաղաղարար» միջնորդությամբ»
Մեր զրուցակիցն է Janeգs Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը
– Դատելով միջնորդների և հակամարտող կողմերի հայտարարություններից, որոշակի զարգացումներ կան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որից անտեղյակ են երկու երկրների հասարակությունները։ Նախևառաջ` ԱՄՆ պետքարտուղար Քերին նշեց, որ նախագահները պատրաստ չեն կարգավորման։ Սրան հաջորդեց նաև Ադրբեջանի նախագահի խոսքն այն մասին, որ փակ դռների ետևում ճնշում են ճանաչել ԼՂ անկախությունը։ Օրերս նա նաև հարցազրույց է տվել` նշելով, որ չի բացառվում Ադրբեջանի ԵՏՄ անդամակցությունը։ Նա տեղեկացրել է նաև. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է դառնալ ինքնավար հանրապետություն»։ Դատելով այս հայտարարություններից` ի՞նչ կարող ենք եզրակացնել` որտե՞ղ է գտնվում կարգավորման գործընթացը ներկայիս փուլում և դեպի ո՞ւր է ընթանում։
– Դատելով վերջին լուրերից, ապրիլյան պատերազմից հետո սկսված Բաքու-Մոսկվա սակարկությունը դեռ շարունակվում է։ Ակնհայտ է, որ դեռ երկու կողմերը լիովին համաձայնության չեն եկել, թե Ադրբեջանը հինգ շրջանները ստանալու փոխարեն` ի՞նչ զիջումների է պատրաստ, հատկապես Ռուսաստանի հետ ինտեգրվելու առումով։
Մոսկվան ԼՂ խնդիրը հստակ օգտագործում է Հարավային Կովկասում ամրանալու համար` օգտվելով այն փաստից, որ Արևմուտքի ուշադրությունը վերջերս ավելի էր նվազել տարածաշրջանի նկատմամբ։ Հարավային Կովկասում ամրանալու համար Ադրբեջանը Մոսկվայի ազդեցության տակ պետք է բերել, ինչից հետո Վրաստանն ավելի խոցելի կլինի։ Մոսկվայի այս պլանը չի փոխվել։ Ներկայիս բանակցությունների հիմնական շարժիչը հենց սա է, այլ ոչ թե Մոսկվայի միջնորդությամբ ԼՂ կոնֆլիկտի վերջնական լուծումը, ինչը դեմ է Մոսկվայի շահերին, քանի որ ռուսական ազդեցությունը Երևանի և Բաքվի վրա խիստ կթուլանա։
Բայց Ռուսաստանը երեք գլխավոր արգելք ունի ԼՂ խնդիրն իր համար շահավետ եղանակով լուծելու համար։ Այդ ծրագիրը` պարզեցված, հետևյալն է. հողեր` ԼՂ որոշակի կարգավիճակի և կամ ԼՂ-ում ռուսական ներկայության, ինչպես նաև` Ռուսաստանի հետ Ադրբեջանի լիակատար ինտեգրման դիմաց։
Առաջին արգելքն այն է, որ Ադրբեջանը դեմ է ԼՂ-ում հնարավոր ռուսական ներկայությանը և ԼՂ-ի անկախ կարգավիճակին, ինչպես նաև` Ռուսաստանի հետ խորը քաղաքական և հատկապես ռազմական ինտեգրմանը։ Մյուս կողմից` լուրջ խոչընդոտ է հայ հասարակության խիստ ընդդիմությունը ցանկացած տարածքային զիջումներին և այս ֆոնի վրա աճող հակառուսական տրամադրությունները։ Երրորդը, ԱՄՆ-ը ևս դեմ է այս պահին ստատուս-քվոյի փոփոխմանը` գիտակցելով ներկայիս կարգավորման տակ թաքնված վտանգները, այսինքն` Ռուսաստանի տարածաշրջանում ամրանալը։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, թերևս, նախընտրում են խնդրին անդրադառնալ ԱՄՆ ընտրություններից հետո, երբ կհստակեցվի Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, և կպարզվի նաև պուտինյան Ռուսաստանի արձագանքն այդ փոփոխություններին։
ԼՂ-ն այլևս մեկուսացված հակամարտություն չէ։ Այն պետք է դիտարկել Ուկրաինայի և Սիրիայի հետ մեկտեղ` իբրև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների մի օղակ։ Այս կոնֆլիկտներում ավելի կոշտ ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել Արևմուտքի հետ իր ներկայիս առճակատման գիծը։ Սառը պատերազմի հռետորաբանության դրական արդյունքներից գլխավորը Պուտինի բարձր վարկանիշն է Ռուսաստանում, բայց Ռուսաստանը չունի տնտեսական հնարավորություն երկարատև Սառը պատերազմ վարելու համար։ Ռուսաստանի տնտեսությունն անգամ աշխարհի առաջին տասնյակի մեջ չի մտնում, և ավելի փոքր է, քան, օրինակ, Հարավային Կորեայինը` 2015 թվականի տվյալներով։
Ուստի, հնարավոր է, որ Ռուսաստանը կարող է որոշ զիջումների գնալ, օրինակ, Սիրիայում, փոխարենը` Արևմուտքից կորզելով զիջումներ, օրինակ` Հարավային Կովկասում` ԼՂ հարցում։ Այսինքն, եթե Արևմուտքը համաձայնի Կովկասն ընդունել իբրև ռուսական ազդեցության գոտի, ապա սա թույլ կտա ԼՂ-ի հարցը ռուսական տարբերակով լուծել։ Այս պարագայում չի բացառվում, որ Ադրբեջանը կդիմի նաև պատերազմի, եթե հայկական կողմը չհամաձայնի այս ծրագրին։ Սա շատ վտանգավոր զարգացում կլինի Հայաստանի, և, ի վերջո, Վրաստանի համար։
Մեկ այլ տարբերակ կարող է լինել կոնֆլիկտի սառեցումը և անվտանգության մեխանիզմների ներդրումը, որին հիմա Ռուսաստանն ու Ադրբեջանը դեմ են։ Այս տարբերակը, թերևս, այս պահին լավագույնս բխում է Հայաստանի շահերից և որոշ առումով համընկնում է ԱՄՆ-ի գծի հետ։
Սակայն շատ հավանական է, որ Ադրբեջանը շարունակի և ուժեղացնի իր «հյուծող» պատերազմը։ Այս դեպքում Հայաստանին սպասում են պարբերական ներխուժումներ, զինադադարի ամենօրյա խախտումներ` առավել ծանր զինատեսակների կիրառմամբ։ Չի բացառվում նաև, որ Ադրբեջանը, դասեր քաղելով ապրիլյան պատերազմից և վերանայելով իր ռազմական տակտիկան, նորից դիմի լուրջ հարձակման` նպատակ ունենալով գրավել մեկ կամ երկու շրջաններ։ Իհարկե, սա կարվի դիվանագիտական ճակատն ապահովելով, այսինքն` Ռուսաստանի հետ շարունակվող բանակցությունների հետ մեկտեղ։
– Բավականին ուշագրավ էր սեպտեմբերին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտություն է առաջացել լրջորեն վերանայել այն փոխզիջումները, որոնք տեղ էին գտել Մադրիդյան սկզբունքներում։ Այս դիտարկումը որոշակիորեն բացահայտում է հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացում։ Ըստ Ձեզ` ի՞նչ է սա ենթադրում և որքանո՞վ է ճիշտ այս փուլում։
– Մադրիդյան սկզբունքների վերանայման հնարավորություն եղավ ապրիլի պատերազմից հետո։ Բայց Հայաստանը բաց թողեց այդ հնարավորությունը։ Ավելին, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը, ըստ էության, կասեցրին անվտանգության մեխանիզմների հաստատումը շփման գծում` Հայաստանը չընդվզեց և չպահանջեց, որ անվտանգության մեխանիզմների վերաբերյալ ամերիկյան նախաձեռնությունը դառնա բանակցությունների նախապայման։ Կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ փոխնախարարի հայտարարությունը զուտ տակտիկական քայլ է։
Երևանը փորձում է ցույց տալ, որ ինքը ևս կարող է կոշտ դիրք գրավել։ Սակայն Մադրիդյան և դրա հետագա ռուսական տարբերակի գլխավոր կետերից մեկն այն է, որ Հայաստանը սկզբունքորեն համաձայնել է տարածքներ հանձնել Ադրբեջանին։ Ավելին, ՀՀ-ն համաձայնել է շարունակել բանակցություններն առանց ԼՂ-ի։ Այս դիրքորոշումը չվերանայվեց ապրիլի պատերազմից հետո։ Այսինքն, երբ Ադրբեջանը համաձայնի Կազանի սկզբունքներին, այն է` ԼՂ-ում անկախության հանրաքվեի անցկացմանը` յոթ շրջանների դիմաց, ապա Երևանը պետք է համաձայնի և Ադրբեջանին հանձնի յոթ շրջան։
Ի տարբերություն Հայաստանի, դատելով մամուլի հաղորդագրություններից, Ադրբեջանը տարիներ շարունակ տարբեր պահանջներ է ներկայացրել բանակցությունների ընթացքում և ժամանակ առ ժամանակ այլընտրանքներ առաջարկել, օրինակ, ԼՂ-ին ինքնավարություն, մշակութային ինքնավարություն շնորհելու տարբերակները։ Հայաստանը նախագահական մակարդակով չի բարձրացրել, օրինակ, ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու, Շահումյանի և նախկին ԼՂԻՄ-ի` այժմ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքների հարցը։
– Տպավորություն կա, որ ադրբեջանական կողմը շարժվում է կարգավորման գործընթացում Արևմուտքին վարկաբեկելու ճանապարհով, ինչը ենթադրաբար նշանակում է` համագործակցություն Ռուսաստանի հետ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Քերիի` Ղարաբաղին վերաբերող հայտարարությունը քննադատեցին թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն։ Հնարավո՞ր է, որ Բաքուն և Մոսկվան փորձեն «հաշվեհարդար» տեսնել ԱՄՆ-ի հետ Ղարաբաղում, Մոսկվան` Սիրիայի, Բաքուն` Ղարաբաղյան հակամարտությունում ԱՄՆ-ի ոչ այնքան ադրբեջանական դիրքորոշման համար` հաշվի առնելով նաև Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով ՌԴ իշխանությունները մեղադրում էին Թուրքիային Ադրբեջանին հրահրելու մեջ։ Այս փուլում ի՞նչ պետք է սպասել ու ինչպե՞ս զգուշանալ Բաքու-Մոսկվա-Անկարա առանցքից։
– Ապրիլին արդեն հստակ էր, որ ԼՂ-ի վրա հարձակումը թուրք-ադրբեջանական գործարք չէր։ Լավրովի հայտարարությունն ընդամենը հաստատեց սա։ Թուրքիան շատ ավելի լուրջ խնդիրներ ունի իր երկրի հարավային սահմանների մոտ` Սիրիայում և Իրաքում։ Ուստի, ԼՂ-ում պատերազմ հրահրելու կամ այնտեղ ռեսուրսներ ներդնելու ցանկություն չունի, քանի որ ԼՂ-ում ադրբեջանական հաղթանակը, մանավանդ` հիմնականում ռուսական զենքով և Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, Թուրքիայի առաջնային ազգային անվտանգության խնդիրներ չի լուծում։
Ավելին, կարծում եմ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունները տասնամյակներ է, ինչ մնում են պատանդ հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Անկարան կցանկանա իր հարաբերությունները Հայաստանի հետ ԼՂ խնդրից ձերբազատել, բայց հաշվի առնելով Բաքվի հետ իր յուրահատուկ հարաբերությունները, ինչպես նաև ներքաղաքական կյանքում ազգայնական ընտրողների կարևորությունը, թուրքական ղեկավարությունը կշարունակի աջակցել Ադրբեջանին։ Թուրքիային ավելի մեծ դեր տալով ԼՂ հարցում` Ռուսաստանը նախ` փորձում է օգտագործել ԼՂ կոնֆլիկտը ռուս-թուրքական մերձեցման համար այս փուլում և բարի կամքի արտահայտություն անել Անկարային։ Սա ավելի շատ ուղղված է Արևմուտքի դեմ։ Բացի այդ, Թուրքիայի մասնակցությունը ԼՂ պրոցեսին` Ռուսաստանի բարի կամքով, ևս մեկ անգամ կհաստատի, որ ռեգիոնում գերիշխող ուժը Ռուսաստանն է։
Իհարկե, Բաքու-Մոսկվա-Անկարա առանցքը միայն ակնհայտ է դարձնում Հայաստանի դիվանագիտական ձախողումը։ Երևանն ունի մեկ ստրատեգիական դաշնակից` ի դեմս Ռուսաստանի, և այս միակ ստրատեգիական դաշնակիցը, իր սեփական շահերը առաջ տանելու համար, սերտացնում է իր հարաբերությունները Հայաստանի ախոյանների հետ` Հայաստանի և ԼՂ-ի անվտանգության հաշվին։ Սա արտահայտվում է թե՛ Ադրբեջանին զենքի վաճառքով, թե՛ շփման գծում անվտանգության մեխանիզմների գործընթացը սառեցնելով, Թուրքիային ԼՂ կարգավորման գործընթացին հրավիրելով, ինչի արդյունքում շփման գծում շարունակելու են նոր զոհեր լինել։
Ինչ վերաբերում է «պատժիչ» գործողություններին ԼՂ-ում, ապա սա հնարավոր է, ավելի ճիշտ` հնարավոր է նոր տեղային պատերազմ, որը նորից կավարտվի Մոսկվայի «խաղաղարար» միջնորդությամբ։ Ինչպես նշեցի, Ուկրաինայի և Սիրիայի հետ մեկտեղ` ԼՂ կոնֆլիկտը լծակ է Ռուսաստանի համար Արևմուտքի հետ իր հարաբերություներում։ Այս կոնֆլիկտները թեժացնելով` Մոսկվան Արևմուտքին հիշեցնում է, որ իրեն մեկուսացնելը միայն խնդիրներ կառաջացնի Արևմուտքի համար։ Մինսկի խումբը, Նորմանդական խումբը (Ուկրաինայի հարցով) և սիրիական բանակցություններն այն ֆորմատներն են, ուր Ռուսաստանն ուղղակի բանակցում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ` երբեմն նաև ավելի կառուցողական դիրք գրավելով։ Բայց պետք է հիշել` ոչ թե լուծված, այլ շարունակվող կոնֆլիկտներն են, որ Ռուսաստանին հնարավորություն են տալիս լինել «գլոբալ» խաղացող։
– Արտաքին և երկու երկրներում ներքաղաքական զարգացումների ֆոնին սրվել է իրավիճակը շփման գծում։ Որքա՞ն վտանգավոր ծավալների կարող է հասնել շփման գծում տիրող իրավիճակը։
– Դժբախտաբար, տարիներ անց ԼՂ խնդիրը, առավել հավանական է, որ ռազմական ճանապարհով կլուծվի։ Թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմը բանակցային պրոցեսին մասնակցել են` իրականում պատրաստ չլինելով խոստացած զիջումներին։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են կողմերը համաձայնել այս բանակցային ֆորմատին։ Ադրբեջանը, որ ռազմական պարտություն կրեց 1990-ականներին, այս բանակցություններով կարողացավ սառեցնել կոնֆլիկտը։
Այն օգտագործեց 22 տարվա զինադադարը, ստեղծեց լավ զինված բանակ և զարգացրեց հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Ապրիլին կարողացավ հայկական կողմին անակնկալի բերել և ամեն դեպքում նոր դիրքեր գրավել` ցրելով այն պատրանքը, թե հայկական կողմի վրա հարձակումը կհանգեցնի ավելի մեծ հակահարձակման և Ադրբեջանի համար տարածքային կորուստների։
Դիվանագիտական առումով` Բաքուն բացահայտեց ՀՀ դիվանագիտական մեկուսացվածությունը, երբ Երևանի դաշնակիցներից ոչ մեկը, այդ թվում` Ռուսաստանը, անգամ չքննադատեցին Ադրբեջանին ապրիլյան հարձակման համար։ Բաքուն վաղուց այլևս չի գործում` իբրև պարտված կողմ, այլ պրոակտիվ և պայմաններ թելադրող կողմ է։ Ավելին, ապրիլյան պատերազմն օգնեց Ադրբեջանին վերջ տալ իր շահերից չբխող ստատուս-քվոյին։ Ներքաղաքական առումով ևս պատերազմը շատ շահավետ գործիք է Ալիևի համար, քանի որ տնտեսական անկման ֆոնին նրա վարկանիշն ամեն դեպքում բարձրացավ ապրիլի պատերազմից հետո։