«Հույս ունենք՝ եկեղեցին կվերակառուցվի, և եկեղեցական բոլոր ծեսերը կրկին կանցկացվեն եկեղեցում». Հոռոմի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին օգնության կարիք ունի
Հոռոմի՝ ճարտարապետությամբ եզակի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին օգնության կարիք ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեև եկեղեցու մի պատին առկա արձանագրությամբ այն 1861 թվականին կառուցված շինություն է, սակայն եռանավ բազիլիկ կառուցվածքով ավելի շատ պատկանում է վաղ միջնադարին: Պահպանված կամարներն ու սյուն&երը, դեպի խցեր տանող գաղտնի անցուղիները ևս վկայում են այն մասին, որ կառույցը շատ ավելի հին է:
Նույնիսկ անզեն աչքով է հնարավոր տարբերել շինության՝ տարբեր դարերի պատկանելու փաստը: Ամենայն հավանականությամբ 1861թ. այն վերականգնվել է և ոչ թե կառուցվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Հոռոմի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը: «Այսօր տարածված կարծիք է, որ 1861 թվականն է, բայց Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» ստեղծագործությունից, որը գրվել է ավելի վաղ, մենք տեղեկություն ենք հանդիպում, որ Հոռոմ գյուղն ունի կիսավեր եկեղեցի, բացի այս տեղեկությունից գիտական ճշգրիտ ինֆորմացիա չունենք, դա է ենթադրել տալիս, որ 1861-ը եկեղեցու վերականգման թվագրույթունն է: Եկեղեցին իր ճարտարապետական ոճով շատ ընդհանրություններ ունի Ապարանի «Սուրբ Խաչ» եկեղեցու հետ՝ երկուսն էլ եռանավ բազիլիկ եկեղեցիներ են, իսկ ճարտարապետության մեջ 4-րդ դարն է ընդունելի համարել այս ոճի համար ժամանակաշրջան: Այսպիսով, իր հորինվածքով այս եկեղեցին ոսկեդարյ ան շրջանի ճարտարապետական դպրոց է իր մեջ պարունակում»,-նշեց Տեր Վիգեն քահանա Ղազարյանը:
Այսօր եկեղեցին անտանիք ու կիսավեր է, սակայն վերականգնել հնարավոր է՝ վստահեցնում են հոռոմցիները: Նույնիսկ մասնագիտական խմբի ուսումնասիրություններն են վկայում՝ հնարավոր է վերականգնել այս հիասքանչ եկեղեցին, որի նմանները Հայաստանում քիչ են: Այդ նպատակի համար միայն բավական մեծ գումար է պետք՝ մոտ 300 մլն դրամից ավելի նշում է Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը:
«Համայնքի բնակիչներով մաքրում ենք տարածքը, բայց դա քիչ է, պատրաստ ենք նաև հանգանակություն կատարել, բայց վերականգնման համար անհրաժեշտ գումարը համայն քի համար ահռելի է: Հույս ունենք, որ եկեղեցին կվերակառուցվի, և եկեղեցական բոլոր ծեսերը կրկին կանցկացվեն եկեղեցում»,- նշեց Աշոտ Պասկևիչյանը՝ փաստելով, որ եկեղեցին վերականգնելու համար համայնքը դիմել է տարբեր պատկան մարմինների, բայց առայժմ անօգուտ: Ըստ մասնագետների, հնարավոր է վերականգնել եկեղեցին՝ համարակալելով քարերը և հենց նույն տեսքով ու նույն քարերով վերականգնելով հինը:
Եկեղեցին Արթիկի թեմի եզակի խոնարհված եկեղեցիներից է: Այն ոչ միայն եզակի է իր կառուցվածքով, այլ նաև իր մեջ թաքնված գաղտնիքով՝ սյուների վրա տեղադրված կճուճներով, որոնցից մի քանիսն այս պահին էլ են պահպանված: Կճուճներով կառուցված եկեղեցիներ աշխարհում քիչ կան: Դրանք մի քանի նպատակների համար են տեղադրվել եկեղեցիների պատերի մեջ. եթե արտաքին պատի մեջ է, ապա ջերմամեկուսացման, իսկ ներսում ՝ ձայնադարձման և ծանր կոնստրուկցիաների բեռնաթափման համար: Այն, որ Հոռոմի սուրբ Հռիփսիմե եկեղեցու ճարտարապետը այդ հնարքն օգտագործել է հայ միջնադարյան ճարտարապետության մեջ ձայնադարձման համար, վկայեց երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը:
Արմենուհի Մխոյան