«Եթե Հայաստանի նման փոքր երկիրը չկարողանա դուրս գալ միջազգային մեկուսացման իրավիճակից՝ զարգացում հնարավոր չէ»

168.am-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը

– Պարոն Եղիազարյան, կառավարության ծրագիրն ի՞նչ է խոստանում, ի՞նչ խնդիրներ է լուծում, և հնարավո՞ր է դրական արդյունքներ ապահովել այս կարճաժամկետ հատվածում` մինչև խորհրդարանական ընտրություններ:

– Կառավարության ծրագիրը չի լուծում երկրի առջև ծառացած մարտահրավերները: Հայաստանը հայտնվել է իսկապես մեկուսացված վիճակում, և, եթե դուրս չգանք, ապա որևէ խնդիր չի լուծվի: Այսինքն` վիճակի բարելավում չի կարող արձանագրվել, բացասական միտումները կշարունակվեն: Այն պարտավորությունները, որ մենք ունենք ԵՏՄ անդամ լինելով՝ սահմանափակել են մեր հնարավորությունները, և կառավարության այս ծրագիրն էլ փաստում է, որ այնտեղ չկան քայլեր, որոնք հնարավորություն կտան այս մեկուսացված վիճակից դուրս գալ, մասնավորապես` բազմաթիվ անգամներ խոսվել է Իրանի հետ հարաբերությունների մասին: Ծրագրում կա մի դրույթ, որ Իրանի և Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պետք է լինեն: Շատ զարմանալի է: Իսկ ի՞նչ հարաբերություններ պետք է լինեին: Ու ոչինչ ավելին, այն դեպքում, երբ այս մեկուսացման հաղթահարման ճանապարհներից մեկն Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհային միջանցքի և տնտեսական գոտու ստեղծումն է, այն նախաձեռնությունները, որ կային, և իրանական կողմն անընդհատ առաջ է քաշում, դրանց իրականացումն է:

Մինչդեռ ոչ մի խոսք այդ մասին չկա: Նույնիսկ, եթե նախորդ կառավարության ծրագրում հիշատակում կար դարակազմիկ Իրան-Հայաստան երկաթուղու մասին` անկախ նրանից՝ դա իրագործելի՞ էր, թե՞ ոչ ԵՏՄ պայմաններում, այս ծրագրում դրա մասին հիշատակումն է անգամ բացակայում: Ի վերջո, մենք հստակ պետք է որոշակիացնենք` ԵՄ-ի հետ շրջանակային նոր համաձայնագիրը կնքո՞ւմ ենք, թե՞ ոչ:

Դրանից է կախված նաև ազդանշանը ներդրողներին, համապատասխան աջակցությունը Եվրամիության կողմից, և այլն: Եթե այսօր այս պայմանները չապահովեն, անհասկանալի է և ընդհանրապես հնարավոր չէ ակնկալել որևէ զարգացում, աճ, ներդրումներ: Կարելի է շատ թվարկել բազմաթիվ կետեր տարբեր ոլորտներում, օրինակ` տրանսպորտի, էներգետիկայի և այլն: Ըստ էության, բոլոր այս ոլորտները, որ ներկայացված են այս փաստաթղթում, դրանց դրույթները կամ մոտեցումները նոր բացահայտումներ չեն, նորություններ չեն, որովհետև այդ գերատեսչություններն իրենց ռազմավարություններում ունեն այդ մոտեցումներն ու դրույթները, հիմա դրանց մի մասը, ոչ ամբողջությամբ, ընտրանքային, որ բարձր է հնչում ու շատ հուսադրող է, ներառված են այս ծրագրում, բայց դրանք, փաստորեն, այդ գերատեսչությունների ռազմավարություններն են, և այս առումով նորություն չկա:

Ընդհանուր առմամբ` ծրագիրը, կարելի է ասել, համարժեք չէ ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողություններին: Ես նկատի ունեմ, թե մեր տարածաշրջանում ինչպիսի խմորումներ են գնում` ԵՄ, ԱՄՆ, Իրան, նրանց ազդեցության մեծացում, տարածաշրջանային նոր նախաձեռնություններ, ծրագրեր, և մյուս կողմում՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացում, մեկուսացման քաղաքականություն: Եթե մենք պետք է մնանք Ռուսաստանի ազդեցության շրջանակում և չփորձենք նոր իրողություններին համապատասխան քայլեր ձեռնարկենք, մեկուսացումն էլ ավելի կխորանա, որևէ դրական սպասումներ այս իմաստով չեն էլ կարող առաջանալ: Այսինքն` ծրագիրը կտրված է իրականությունից: Եթե որևէ մեկն ասում է, թե սա ավելի ռեալ է, այսինքն` գրված են քայլեր, որ իբր կարելի է կատարել, դա խաբկանք է:

Ռեալը ո՞րն է, երբ մեր շուրջ ռեալ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց մենք ադեկվատ չենք արձագանքում. այսպիսի պայմաններում ի՞նչ ակնկալել, որ կարող է բարելավվել: Ծանոթ լոզունգներ, դրույթներ, որոնք նույնպես, ըստ էության, շատ դեպքերում պարտավորություններ են, որոնք Հայաստանը ստանձնել է, օրինակ` պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներ, ԵՄ-ի հետ համագործակցություն, որը վերաբերում է պետական գնումներին, և այլն: Ընդհանուր դրույթներ են: Եթե անդրադառնում ենք այդ աշխարհաքաղաքական իրողություններին, նշված է` «դաշնակցային հարաբերություն Ռուսաստանի հետ», բայց այդ դեպքում ի՞նչ է նշանակում՝ «դաշնակից» կամ «դաշինքի անդամ», բայց այդ նույն դաշինքի անդամներ են Բելառուսն ու Ղազախստանը, ինչո՞ւ չի հայտարարվում, որ նրանք էլ են, այսպես ասած, դաշնակիցներ: Անհասկանալի է: ԱՄՆ-ն էլ դառնում է «բարեկամական գործընկեր», կամ ԵՄ երկրների հետ դեկլարատիվ նշված է՝ «առանձին հարաբերություններ», բայց ո՞ր երկրների հետ: Այնտեղ ԵՄ երկրներ կան, որ Հայաստանին այնքան աջակցություն են ցույց տվել և շարունակում են տալ մինչ օրս նույն էներգետիկայի ոլորտում, որի դրույթներն արտացոլված չեն այս ծրագրում: Ոչ մի հիշատակում չկա: Այսինքն` այս կարգի ծրագիրը չի կարող նպաստել Հայաստանի միջազգային մեկուսացման հաղթահարմանը:

Իսկ եթե Հայաստանի նման փոքր երկիրը չկարողանա դուրս գալ այս միջազգային մեկուսացման իրավիճակից, հնարավոր չէ զարգացում: Մի այսպիսի համեմատություն անեմ. նախորդ ծրագրում` 2014 թվականի, գոնե մակրոմակարդակում խնդիր էր դրված, որին ես այդքան էլ կողմնակից չեմ, որ հնարավոր է այդ ձևով հարց լուծել, բայց նշվում էր՝ ներքին ռեսուրսների հիման վրա խնդիրներ լուծել: Այս ծրագրում նույնիսկ նման բան չկա, այսինքն` քննարկում մակրոմակարդակում, առավել ևս՝ միջազգային տնտեսական հարաբերությունների մակարդակում, բացարձակապես չկա:

Հիմնականում շեշտադրումներն ինստիտուցիոնալ են, հայեցակարգերի մշակում, օրենսդրական նախաձեռնություններ և այս կարգի դրույթներ են: Առավել ևս, փաստը, որ իրավիճակը ծանր է, և այս իմաստով՝ անելանելի, վկայում է այն կետը, որ հետազոտությունների ռազմավարական կենտրոն է ստեղծվելու: Այսինքն` մեր հույսը դառնում է այդ ռազմավարական կենտրոնը, որը մոտեցումներ պետք է առաջարկի: Թե ի՞նչ մոտեցումներ պետք է առաջարկի՝ անհասկանալի է: Եթե իրական մոտեցումները` Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, որտեղից կարելի է ստանալ աջակցություն, չի խոսվում, այդ դեպքում ռազմավարական կենտրոնն ի՞նչ պետք է առաջարկի՝ անհասկանալի է:

– Ծրագրում այդ բացերը կարելի՞ է պայմանավորել դրա կարճաժամկետ լինելու հանգամանքով:

– Չեմ կարծում, ամեն դեպքում ի՞նչ է նշանակում` կարճաժամկետ: Կարճաժամկետում պետք չի՞ այդ մեկուսացումը հաղթահարել: Այսինքն` ի՞նչ է, հետո՞ պետք է դրվեն այդ խնդիրները: Է, թող հիմա ասեն` այդ խնդիրները պետք է լուծենք: Կարճաժամկետում նախ՝ օրակարգային բազմաթիվ հարցեր կան: Կարճաժամկետի մեջ է ներառվում ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, և թող հստակորեն ասեն` լինելո՞ւ է, թե՞ ոչ: Իրանն այս տարվա սկզբից կոնկրետ առաջարկություն է արել Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցքը ստեղծելու հարցով: Պատասխան չկա: Կարճաժամկետում հնարավո՞ր է Իրանի հետ ազատ առևտրի պայմանագիր կնքելու հարց առաջ քաշել: Այդ մասին Իրանը 2010 թվականից է ասում: Ի՞նչ է նշանակում` ծրագիրը կարճաժամկետ է: Ուրեմն հնարավոր չէ՞: Տվյալ դեպքում դա հիմնավորում չէ: Այդ կարճաժամկետը շատ ծանր կարող է նստել մեզ վրա:

– Խոսակցություններ և կարծիքներ կային, որ Կարեն Կարապետյանը խնդիր ունի՝ մեր երկրում գլուխ բարձրացնող ռուսաֆոբիան կանխելու և ռուսական ազդեցությունը մեծացնելու: Այս ծրագրից կարելի՞ է հետևություն անել, որ Հայաստանն ավելի է մտնելու Ռուսաստանի ծիրին մեջ:

– Ես իմ վերլուծությունը կառուցում եմ՝ կոնկրետ փաստերից ելնելով, տվյալ դեպքում՝ ոչ խոսակցությունների հիման վրա: Խոսակցությունները կարող է մի քիչ չափազանցված լինեն, և դա էլ է խնդիր: Տվյալ դեպքում իրականությունն այն է, որ մենք այս ծրագրի շրջանակներում արդեն չենք կարողանում ազատ աշխատել, և դա հիմա ավելի ընդգծված է լինում: Նախորդում գոնե Իրանի հիմնադրույթը կար, որ, թեև իրագործելի չէր այդ պայմաններում, որովհետև այն ժամանակ նույնպես կար մեկուսացում, բայց հիմա մեկուսացումն ավելի խորն է:

– Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում իր խոսքի ժամանակ մի այսպիսի առաջարկ արեց, որ, օրինակ, կարելի է արտահանողներին ռուսական ռուբլով վարկ տալ: Դա «ռուսիֆիկացման» վկայություն չէ՞:

– Կարելի է նաև այդպես դիտարկել: Այսինքն` այդ կախվածության բարդույթը, ըստ էության, աքսիոմի նման է դրվում: Դրա համար ասում եմ` համարժեք չի ծրագիրը:

 

Տեսանյութեր

Լրահոս