
«Սին են հույսերը, որ եթե վաղը «միջանցքի» հարցը լուծվի, «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի». Դավիթ Հարությունով

Չնայած այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ «Խաղաղության պայմանագրի» կետերը Հայաստանի ու Ադրբեջանի կողմից համաձայնեցված են, և ՀՀ իշխանությունն էլ մշտապես հայտարարում է, որ հենց վաղն էլ պատրաստ է ստորագրել այն, մինչ այս պահը որևէ զարգացում տեղի չի ունեցել։
Ի տարբերություն ՀՀ իշխանությունների, Ադրբեջանն ամեն օր հայտարարում ու վերահաստատում է իր պահանջները՝ ուղղված Հայաստանին, ասելով, որ այդ պայմանների կատարումից հետո միայն կստորագրի պայմանագիրը։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի խոսքով՝ բացի «Զանգեզուրի միջանցքը» բացելու նախապայմանից, Ադրբեջանն ունի տարբեր նախապայմաններ, և չկա միտում, որ այդ երկիրը դրանք կփոխի։
«Սին են այն հույսերը, որ եթե վաղը «միջանցքի» հարցը լուծվի, «Խաղաղության պայմանագրի» հարցը կլուծվի, բայց դա կարող է գործընթացը մի քիչ արագացնել։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանն այդ պայմանագրից առանձնապես շատ բաներ չի կարող ակնկալել, դա կարող է ինչ-որ առումով մի քիչ նվազեցնել լարվածությունը, բայց վերջին 1-1,5 տարվա փորձը կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են առանց այդ փաստաթղթի էլ ապրել, այն այդպես որոշիչ դերակատարում չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունովը։
Քաղաքագետը չբացառեց սցենարը, որ, օրինակ, հաջորդ տարի ՀՀ Սահմանադրությունը փոխելու հանրաքվեն տապալվի և իշխանությունների կողմից առաջարկված Սահմանադրությունը չընդունվի, և այդ փաստաթուղթը՝ «Խաղաղության պայմանագիրը», այդպես էլ նախաստորագրված մնա՝ առանց որևէ հետևանքների։
«Սա տարբերակ է, որը չենք կարող բացառել։ Մեկ բան ակնհայտ է, որ այդ «միջանցքի» բացումը Թուրքիայի ու Ադրբեջանի նախաձեռնությունն է, բայց շատ բան կախված է նրանից, թե այդ միջանցքի վերահսկողությունն ինչպես է իրականացվելու։ Եթե հաշվի են առնվում ՀՀ շահերը, Հայաստանը չի կորցնում վերահսկողությունն այդ ճանապարհի նկատմամբ՝ իր սեփական տարածքի՝ Սյունիքի մարզի վրա, դա Հայաստանին էլ կարող է օգտակար լինել։ Բայց սա էլ մեկ դեպքում, եթե խոսքը վերաբերում է ոչ թե միայն այդ ճանապարհի հատվածին, այլ բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը։
Բայց եթե խոսքը վերաբերում է նրան, որ իրականացվում է Ադրբեջանի պատկերացրածը, այսինքն՝ Հայաստանն առհասարակ այդ տարածքը չի վերահսկում, ապա, բնականաբար, դա մեր երկրի շահերից չի բխում։ Այստեղ խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանը կորցնելու է վերահսկողությունը Սյունիքի նկատմամբ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով»,- հավելեց Դավիթ Հարությունովը։
Քաղաքագետը վստահ է՝ եթե այս ճանապարհի հսկողությունն իրականացնի որևէ երկիր, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, բնականաբար, հարևան Իրանն ուրախ չի լինի։ Նաև խնդիր կա Ադրբեջանի հետ, որը դեմ է արտապատվիրակմանը։
«Այս ամենն այսօր խոսակցություն է, դեռևս տեսական բնույթ է կրում, իսկ թե որքանով այդ ամենը կտեղափոխվի գործնական դաշտ, կախված է շատ հարցերից։ Մենք որևէ բան չգիտենք բուն առաջարկի մասին՝ ինչ ձև կարող է լինել։
Շատ բաներ կախված են նաև նրանից, թե որքանով Միացյալ Նահանգները լուրջ կզբաղվի այդ խնդրով։ Իրենց առաջարկը մերժելու դեպքում կարող է ճնշումներ սկսվի Հայաստանի, այդ թվում՝ Ադրբեջանի վրա, որից հետո դժվար թե այդ ճնշումներին դիմանան։ Կա նաև մեկ այլ տարբերակ, որ մերժման դեպքում Միացյալ Նահանգները կարող է կորցնել իր հետաքրքրությունը, և հարցը այդպես մնա Թուրքիայի ու Ադրբեջանի հույսին։ Եթե գլոբալ դիտարկեք, ապա Հայաստանի վիճակն այնքան բարդ է, որ առանց ինչ-որ կոմպրոմիսի դրանից դուրս գալն անհնար է»,- ընդգծեց Դավիթ Հարությունովը։