«Հալեպից Հայաստան ժամանած ընտանիքների հիմնական խնդիրը բնակվարձն է»
«Ներկայումս Հալեպում գտնվում է 8-10 հազար հայ. այս թիվը մեզ տրամադրել են տեղի ազգային կառույցները, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և մեր հյուպատոսը՝ Տիգրան Գևորգյանը։ Վերջին անգամ Սիրիայի հետ կապվել եմ երեկ երեկոյան ժամը 10-ին։ Ռեիսյանն ասել է. «Այս պահին հայկական թաղամասերում խաղաղ է, պայթյուններ, հրաձգություններ չկան, և ես հենց հիմա ընկերներիս հետ խաղաղ անկյուններից մեկում նստած՝ սուրճ եմ խմում»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը։
Նա նշեց, որ հոկտեմբերի 17-ին սպասում են 21 հոգանոց խմբի, որոնք երեք ընտանիքի անդամներ են. «2 օր առաջ դիմավորել ենք 1 ընտանիքի՝ 4 հոգանոց խմբի։ Մեր աշխատակիցներն այս պահին էլ գտնվում են օդանավակայանում, որոշակի հերթապահող խումբ ունենք, տեղեկանում ենք, թե Հայաստան եկողների մեջ սիրիահայ կա՞, թե՞ ոչ։ Նրանց դիմավորում ենք, տեղափոխում ժամանակավոր կացարան՝ հետո հարցին վերջնական լուծում տալու համար»։
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ նախագահ Լենա Հալաջյանն էլ հավելեց, որ իրենց տվյալներով՝ 2016թ. 428 նոր տեղափոխվող է եղել. «Հարյուր ընտանիքի մասին է խոսքը։ Այսօր, երբ Հալեպի ավերակների նկարներն են ցուցադրվում, ընդհանուր պատկերը չի երևում. Հալեպն ունի շատ խաղաղ անկյուններ, որոնք երբեք չեն վնասվել։ Այսօր միայն Հալեպում ապրում է ՀՀ-ի բնակչության չափ մարդ։ Նախորդ ամիս Հայաստան տեղափոխված ընտանիքներից 1-2-ը վերադարձան Հալեպ, որովհետև եթե այստեղ 500 դոլարով պետք է ամսական կեցությունը մի կերպ հոգա Հայաստանում, ապա Հալեպում նա այնտեղ շատ ավելի բարեկեցիկ կյանքով կապրի, իր գույքին ու բիզնեսին տիրություն կանի»։
Նա ընդգծեց, որ ընտանիքներն իրենց սեփական որոշումներով են տեղափոխվում Հայաստան կամ վերադառնում Հալեպ, ոչ ոք չի միջամտում. «Եթե կան ընտանիքներ, որոնք ուզում են Հայաստան տեղափոխվել, բայց հնարավորություն չունեն, թող դիմեն պաշտոնական խողովակներին։ Ես դեմ եմ նրան, որ որոշ հասարակական կառույցներ այս հարցը թմբկահարելով՝ իրենց փիարն են անում։ Նրանք չեն մտածում, որ այդպիսով վնասում են երկու երկրների քաղաքական հարաբերություններին։ Օդանավակայանում Հալեպից Հայաստան ժամանած մի աղջիկ ասաց, թե բոլորը ցանկանում են տեղափոխվել Հայաստան. ոչ ոք իրավունք չունի բոլորի անունից խոսելու»։
Նա նաև նշեց, որ իրենց կազմակերպությունն օգնում է արդեն Հայաստան ժամանած սիրիահայերին. «Եկող ընտանիքների հիմնական խնդիրը բնակվարձն է։ Աշխատանքի, կրթության, առողջապահության խնդիրները լուծված են, միայն ծածկի խնդիրն է»։