Գիտնականներ. հակաքրտինքային միջոցները կարող են քաղցկեղի պաճառ դառնալ
Գիտնականները մեզ պարբերաբար զգուշացնում են ալյումինի աղերի վտանգավորության մասին, որոնք օգտագործվում են հակաքրտինքային միջոցների պատրաստման ընթացքում։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հակաքրտինքային միջոցների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղային նորագոյացությունների առաջացման։ Thejizn.com կայքը գրում է, որ վիճակագրությունը ցույց է տալիս՝ յուրաքանչյուր տարի կրծքագեղձի քաղցկեղով տառապող հիվանդների թիվն աճում է։ Ավելորդ քաշը, ալկոհոլի հաճախակի օգտագործումը և պասիվ կյանքը մեծացնում են հիվանդանալու հավանականությունը։ Մամոգրաֆիայի ոլորտում գիտնականների գիտելիքները մեծանում են, իսկ ուլտրաձայնային հետազոտությունները յուրաքանչյուր տարի զարգանում են, սակայն, ցավոք սրտի, հիվանդների քանակը չի նվազում։
Կարելի է արդյոք դրանում մեղադրել հակաքրտինքային միջոցներին
Հակաքրտինքային միջոցների երկու տեսակ գոյություն ունի։ Առաջինները չեն արգելափակում քրտնագեղձերի աշխատանքը, դրանք պարզապես թաքցնում են տհաճ հոտը՝ չսպանելով բակտերիաները։ Այն միջոցները, որոնք ալյումինի աղ են պարունակում, մեր քննարկման առարկան են։ Այդպիսի միջոցների օգտագործումը հանգեցնում է նրան, որ քրտինքը պարզապես չի արտադրվում։ Դրանք գնահատվում են հենց այդ կարողության համար։ Դրա հետ մեկտեղ՝ մենք կարդում ենք և լսում տեղեկատվություն այն մասին, որ հակաքրտինքային միջոցների պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել կրծքագեղձի քաղցկեղի։
Մեծ Բրիտանիայում քաղցկեղի դեմ պայքարի բարեգործական կազմակերպությունն իր կայքում տեղեկատվություն է հրապարակել հետևյալի մասին. «Տեղեկությունն այն մասին, որ դեզոդորանտներն ու հակաքրտինքային միջոցները կարող են քաղցկեղային նորագոյացությունների առաջացման պատճառ դառնալ, ապացուցված չէ։ Դրանք պարզապես ենթադրություններ են»։ Բժշկական հաստատությունները ևս, հետազոտություններ իրականացնելով, համոզվածությամբ հայտարարում են, որ ռիսկը մինիմալ է։
Բոլորովին վերջերս հանրության ուշադրությունը գրավեց նոր հայտարարություն։ Ժնևի համալսարանի գիտնականներն ապացուցեցին օնկոլոգիական հիվանդությունների և ալյումինի քլորիդի օգտագործման միջև ուղիղ կապը։ Այն կարող է նորագոյացությունների առաջացման պատճառ դառնալ մարդու մարմնի տարբեր հատվածներում։ Պրոֆեսոր Անդրե Պասկալ Սապպինոն հանգել է հետևյալ եզրահանգման. «Ես կարծում եմ, որ մենք պետք է խուսափենք թևատակերի շրջանում այն միջոցների օգտագործումից, որոնք ալյումին են պարունակում»։ Այն պահին, երբ այս միտքը բարձրաձայնվեց, բանավեճեր սկսվեցին։ Դելիտ Մորգանը, ով քաղցկեղի դեմ պայքարի բարեգործական ֆոնդի տնօրենն է, խոսեց այն մասին, որ փորձերը, որոնք խոսում են ալյումինի վնասի մասին, անցկացվել են մկների, և ոչ թե մարդկանց շրջանում, ինչն ուղղակի ապացույց չէ։ «Այս տվյալները խոսում են երկար օգտագործման արդյունքում ռիսկի հավանականության մասին։ Եթե խելամտորեն օգտագործեք, ռիսկը մինիմալ կլինի»,- հավելել է Պոլ Ֆարոն՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորը։ Կրծքագեղձի քաղցկեղի ուսումնասիրման ֆոնդի կայքը տեղեկություններ էր հրապարակում այն մասին, որ ալյումինի ազդեցությունն ապացուցված չէ, քանի որ բոլոր հետազոտությունները կատարվել են մկների շրջանում։
Այս դեպքում ևս կարելի է հակափաստարկ բերել։ 1921թ. Ֆրեդերիկ Բանտինգն իր օգնականի հետ շան ենթաստամոքսային գեղձից ինսուլին ստացավ, և շատերն են այսօր դրա շնորհիվ կարողանում ապրել և լիարժեք կենսակերպ վարել, որքանով դա հնարավոր է։ Եվ որևէ մեկը նրանց չի մեղադրել այն բանի համար, որ իրենց հետազոտություններում նրանք կենդանիների են օգտագործել։ Ալյումինի վտանգավորությունն ուսումնասիրվել է մի քանի ամիսների ընթացքում։ Այդ հետազոտությանը մասնակցել են մեծ թվով գիտնականներ։ Մանրամասնորեն ուսումնասիրելով հարցը՝ նրանք եկան այն եզրահանգման, որ ալյումինի մակարդակը կրծքի արտաքին հատվածում հավաքվելու հատկություն ունի։ Հենց այդ հատվածում են առավել հաճախ հանդիպում քաղցկեղային երևույթները։
Ֆիլիպա Դարբին, ով Օնկոլոգիայի համալսարանի պրոֆեսոր է, նշում է, որ այս հարցում դեռ պետք է խորանալ։ Նա կարծում է, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան պարզապես ամեն ինչում «մեղադրել» ալյումինը։ Ըստ նրա՝ հակաքրտինքային միջոցների բաղադրության մեջ մտնում է նաև մեկ այլ նյութ, որը ևս կարող է վտանգավոր լինել։ Գոյություն ունեն նաև հետազոտություններ այն մասին, որոնք կարող են ուռուցքների առաջացման պատճառ դառնալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը