Որ ասում էի՝ գինին շառ ա

Դժվար չէր ենթադրելը, որ նոր կառավարության կազմից գործնական առաջին տեղեկատվությունները սպասվում են Գյուղնախարարությունից: Բերքահավաքը, կամ ավելի ճիշտ՝ բերքի մթերումը մեր գյուղատնտեսության հիմնական խնդիրն է եղել միշտ: Վերջին տարիներին ամենաբարդը խաղողի մթերման խնդիրն է:

Հակառակի պես` 2015-ը գյուղատնտեսության համար հաջողակ տարի էր: Անցած տարի խաղողագործները պարբերաբար ճանապարհներ էին փակում, և կառավարությունը` ի դեմս գյուղնախարարի, վերամշակող գործարաններին պարտադրեց մթերել աճեցված բերքը: Մթերելը` մթերեցին, բայց գյուղացուն չվճարեցին: Սկզբում խոստացան վճարել մինչև նոր տարի: Հետո այլ ժամկետներ նշվեցին: Մթերման նոր սեզոնը սկսվեց` նախորդ տարվա պարտքերը չմարված:

Նորանշանակ գյուղնախարարը ծանր ժառանգություն ստացավ: Բայց քանի որ գյուղացիներն առ այսօր էլ իրենց հասանելիքը ստանալու համար դիմում են ավտոմայրուղիները փակելու ավանդական ու ազդեցիկ մեթոդին՝ խնդիրը հասարակական լայն մասշտաբ է ստացել:

Եվ ահա հրապարակվեց պաշտոնական տեղեկատվություն, որ ՀՀ գյուղնախարարը գործուղման է մեկնել Ռուսաստան: Գործուղման նպատակը կարելի էր առանց պաշտոնական բացատրության էլ անսխալ գուշակել՝ «Խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու համար»: Եվ այս բանակցությունների արդյունքին միայն գինեգործներն ու խաղողագործները չէ, որ սպասում են: Առաջիկա ամիսներին հանրապետությունում անխափան երթևեկելու համար դա կարծես ամենակարևոր պայմանն է լինելու:

Մինչդեռ տարիներ առաջ մեզ բոլորովին այլ ու բավական լուսավոր պատկեր էր ներկայացվում: Հայտնի է, որ մեր գինիների իրացման հիմնական շուկան հիմնականում Ռուսաստանն է: Երբ միջպետական հարաբերությունների պատճառով ՌԴ-ն արգելեց վրացական գինիների ներմուծումը՝ մենք այդ շուկան գրավելու մտադրություն ունեինք: Վրաստանը ՌԴ արտահանում էր 50 մլն շիշ գինի: Գումարային արտահայտությամբ` դա 100 մլն դոլարն էապես գերազանցող ծավալ է:

Բայց ոչինչ չարեցինք ՌԴ շուկայում ամրապնդվելու համար: Եթե ուսումնասիրենք տնտեսական վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ գինեգործությունը մեր տնտեսության մեջ չափազանց փոքր ծավալ ունեցող ոլորտ է: Օրինակ, 2010թ. Հայաստանն արտահանել է ընդամենը 2,9 մլն դոլարի խաղողի հումքով պատրաստված գինի: 2011-ին արտահանումը նվազել է՝ 2,5 մլն դոլար: 2012-ին աճել է՝ 4,1 մլն, 2013-ին՝ 4,3 մլն: Իսկ ա՛յ, 2014 թվականին պաշտոնապես կարողացել ենք արտահանել 6,3 մլն դոլար արժեքի գինի: Անցած տարի արտահանումը նորից նվազել է՝ հասնելով 4,2 մլն դոլարի:

Ակնհայտ է, որ մեր գինեգործները երբեք չեն հաջողի մոտենալ 100 մլն դոլարը գերազանցող վրացական ցուցանիշներին: Ավելին, ամենևին էլ պետք չէ ենթադրել, որ մեր երկիրը գինի իրացնելով, արտահանումների չափով տարադրամ է ստանում: Գինու արտադրությունն իսկապես տնտեսության հազվադեպ ճյուղերից է, ուր արտահանում-ներմուծումը դրական հաշվեկշիռ ունի: Իսկապես, մենք թե՛ գումարային, թե՛ ֆիզիկական ծավալով ավելի շատ գինի արտադրում ենք, քան ներմուծում ենք: Բայց 2010-ականներին տարեկան միջինը մենք 1,5 մլն դոլարի գինի էինք ներմուծում: Այսինքն՝ որքան էլ գովերգենք հայրենական արտադրության գինին, միևնույն է, արտասահմանյան արտադրության գինիները նկատելի ծավալ ունեն մեր ներքին շուկայում: Բայց սա բոլորովին այլ հարց է:

Տարիներ շարունակ պետությունն ուշադրություն չի դարձրել այս խնդրին. հավանաբար ելնելով շուկայական տնտեսության մասին իրենց պատկերացումներից՝ պետությունը երբեք չի աջակցել այս ոլորտի գործարարներին: 2015-ը դրա ամենատիպական օրինակն էր: Պետությունը` օգտագործելով իր լծակները, գինեգործական համարյա բոլոր ձեռնարկություններին պարտադրեց մթերել խաղողի բերքը: Սակայն ոչինչ չարեց նրանց աջակցելու համար: Գինեգործները, իհարկե, հարկային բարենպաստ պայմանների սպասում չունեին:

Բայց նրանց արտոնյալ՝ ցածր տոկոսադրույքներով վարկեր էին խոստացել: Խոստացել էին նաև աջակցել իրացման շուկաների հարցում: Խոստումները, իհարկե, չկատարվեցին: Ու հիմա խաղողագործների ու գինեգործների հույսերը նոր նախարարի գործուղման հետ են կապված: Տնտեսության ավանդական ու ազգային հպարտության մի ճյուղ հիմա սպասումի մեջ է: Գյուղատնտեսությունը գործարարության տեսանկյունից միշտ էլ գնահատվել է առանձնահատուկ ու ռիսկային ոլորտ: Այստեղ էական դերակատարում ունի սեզոնայնությունը: Այսինքն՝ գործունեության խիստ սահմանափակ ժամկետներ են տրվում:

Փաստորեն, նոր կառավարության համար մթերումների առաջիկա սեզոնը ծանր ու փորձաշրջանի պես մի բան է լինելու: Եվ դա բոլորիս է վերաբերելու: Ի վերջո, մեր երկրի տարածքում բոլորիս ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող են սահմանափակել խաղողի մթերման դիմաց իրենց հասանելիքը չստացած գյուղացիները: Ու հասարակական կարծիքը, հավանաբար, նրանց կողմը կլինի:

Տեսանյութեր

Լրահոս