Բաժիններ՝

«Վերանայեք հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները պաշտպանող օրենսդրական դաշտը». Արմեն Ալավերդյանի հորդորը նոր կառավարությանը

«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀ կառավարության փոփոխությունների, նոր նշանակումների և վերանշանակումների մասին, ինչպես նաև անդրադարձավ նոր վարչապետից ու կառավարության նոր կազմից՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց ակնկալիքներին.

«Ես այսօր խոսում եմ ոչ միայն իմ, այլ նաև ակտիվ հաշմանդամություն ունեցող անձանց անունից: Այստեղ գալուց առաջ ես մի փոքրիկ հարցում եմ իրականացրել համացանցում այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունեն այդ մարդիկ կառավարության նոր կազմից: Արդյունքում՝ հետևյալ պատկերն է գրանցվել. այդ մարդիկ բաժանվել են երկու անհավասար հատվածների, որից փոքր հատվածը որևէ ակնկալիք չունի նոր կառավարությունից, իսկ մեծամասնությունն արտահայտվել է կոնկրետ հարցադրումներով, և ես համամիտ եմ այդ մեծամասնության հետ»:

Առաջնահերթ խնդիրների շարքում, որ բարձրացրել են հաշմանդամություն ունեցող մարդիկ, Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ՝ աշխատանքի և աշխատատեղերի հարցն է.

«Իսկ ի՞նչ կարող է անել կառավարությունն այդ հարցով. ո՛չ վարչապետը, ո՛չ նախարարները, լինեն՝ նորանշանակ կամ վերանշանակված, չեն կարող անհատներին ապահովել աշխատանքով: Նրանք պետք է մշակեն այնպիսի քաղաքականություն, որ կնպաստի այդ գործընթացի բարելավմանը»:

Արմեն Ալավերդյանը ևս մեկ անգամ ընդգծեց այն փաստը, որ մեր քաղաքը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար շարունակում է մնալ անմատչելի և անհարմարավետ.

«Մեր բոլոր կրթական օջախները՝ ներառյալ նաև բուհերը, ֆիզիկապես անմատչելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, էլ չեմ խոսում ծրագրային մատչելիության մասին: Միայն Ամերիկյան համալսարանն է, որ հարմարեցված է այսպիսի խնդիրներով մարդկանց համար: Հին սովետական շենքը դարձրել են 100 տոկոսանոց մատչելի կառույց, և բոլոր այն կառույցները, որոնք պատճառաբանում են, թե խորհրդային տարիների ճարտարապետությունը թույլ չի տալիս բարեփոխումներ անել, ես օրինակ եմ բերում այդ համալսարանը: Խնդիրը նման դեպքերում միայն ցանկության բացակայության մեջ է, այլ ոչ թե միջոցների կամ հնարավորությունների»:

Արմեն Ալավերդյանն ընդգծեց նաև, որ նույն անմատչելիության խնդիրն առկա է նաև մշակութային օջախներում, որտեղ ոչ միայն անհարմարավետ է հաշմանդամություն ունեցող մարդկանց մուտքը, այլև որևէ տեղ հաշվի չի առնվել այն նրբությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց մեջ կարող են լինել նաև արվեստագետներ, որոնց համար հասանելի պետք է լինեն նաև բեմերը.

«Այս առումով լավագույնս մտածված է, թերևս, միայն «Նարեկացի» արվեստի միության շենքը, որի հիմնադիր Նարեկ Հարթունյանն այդ կառույցը ստեղծել է համահավասար՝ նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքների համար, սկսած մշակութային օջախի մուտքից՝ մինչև սանհանգույցը: Կամերային երաժշտության տան բեմը նույնպես հասանելի է մեզ համար, և սա ուրախալի փաստ է: Սա պետք է օրինակելի դառնա բոլորի համար: Մենք գոնե դրա հույսն ունենք, թեև տեսնում ենք, որ ոչ բոլորն են հակված հոգ տանելու այսպիսի խնդիրներ ունեցող մարդկանց կարիքները»:

Արմեն Ալավերդյանն անդրադարձավ նաև այս ոլորտում առկա օրենսդրական բացերին.

«Ես ուզում եմ բերել հաշմանդամության կարգ սահմանելու պրոցեսի օրինակը: Վերջերս ահազանգ ստացա, որ Վանաձորում բնակվող անձը, ով լսում է միայն լսողական սարքի օգնությամբ, փորձել է հաշմանդամության կարգ ստանալ, բայց նրան մերժել են, թեև կարծես օրենքն այս առնչությամբ հստակ սահմանում ունի. կա կառավարության որոշում, որտեղ հստակ նշվում է, որ օժանդակ սարքերը ֆունկցիոնալ դեր ունեն և չեն կարող ամբողջությամբ կոմպենսացնել անձի հաշմանդամությունը: Այս առումով չեմ կարող չնշել, որ օրենքները մեզ մոտ շատ լղոզված են, և եթե նույնիսկ վերին օղակներում կա ցանկություն օգնելու հաշմանդամություն ունեցող մարդկանց, ապա միջին օղակներում ծագող խնդիրներն այնքան շատ են, որոնց արդյունքում ծագում են զանազան ստվերային գործընթացներ, բյուրոկրատիա, ուղղակի չուզողություն և այլն: Իմ հորդորն է՝ վերանայել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները պաշտպանող օրենսդրական դաշտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս