«Կեղծ լիազորագրերի շրջանառությունը զգալիորեն կսահմանափակվի, եթե չասենք՝ գնալով անհնար կդառնա». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով, ըստ նրա՝ առաջարկվում են մի քանի կարևոր փոփոխություններ.

«Առաջին՝ այսօրվա օրենքով նոտարը պատասխանատվություն կրում է բացառապես դիտավորությամբ պատճառած վնասի համար, մինչդեռ նախագծով առաջարկվում է, որ նոտարը պատասխանատվություն կրի ինչպես՝ անզգուշությամբ, այնպես էլ՝ դիտավորությամբ պատճառված վնասի համար։ Բացի այդ, ապահովագրական գումարի բարձրացում է նախատեսվում ՝ նոտարի կողմից մատուցվող տարեկան ծառայությունների չափի կրկնապատիկի չափով, բայց ոչ պակաս, քան 6 մլն դրամը, և միևնույն ժամանակ՝ նախատեսվում է, այսպես կոչված, պահուստային ֆոնդ, որ այն դեպքերում, երբ նոտարի կողմից պատճառված վնասի հատուցումը չի կարող երաշխավորվել մի դեպքում՝ ապահովագրական հատուցման, երկրորդ հերթին՝ նոտարի անձնական գույքի, ապա երրորդ հերթին՝ վրա է հասնում իր անդամավճարների 10 տոկոսը, որը կապիտալացվում է, և դրա հաշվին է վնասի հատուցումը լինելու։ Քաղաքացիների կրած վնասի մասին է խոսքը»։

Երկրորդ կարևոր նորամուծությունը, ըստ նրա՝ այն է,  որ նոտարներին իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման իրավազորություն է տրվելու. «Նոտարին իրավունք է վերապահվում հաստատել, ասենք, ազգակցական հարաբերությունները, ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության, մահվան ու նմանատիպ այլ դեպքերի գրանցումները, և այլն։ Նոտարը կարծես դառնում է միջանկյալ օղակ համապատասխան պետական մարմնի և դատարանի միջև՝ թեթևացնելով քաղաքացու բեռը»։

Երրորդ փոփոխությունը, արդարադատության նախարարի խոսքով՝ վերաբերում է այն իրավիճակներին, երբ այսօրվա գործող օրենքով ասվում է, որ շահագրգիռ անձանց խնդրանքով նոտարը  կարող է նոտարական գործողությունները կատարել նոտարական տարածքից դուրս, բայց այստեղ հայեցողական լիազորության որոշակի դրսևորում կա. «Այսինքն՝ այդ շահագրգիռ անձանց խնդրանքի բավարարման հայեցողությունն այդուհանդերձ մնում է նոտարի մոտ, ինքը որոշում է՝ երբ է իրեն հարմար, գնա՞, թե՞ չգնա, ի՞նչ վճարի դիմաց գնա, ու այսպես շարունակ։ Մինչդեռ մենք հստակեցրել ենք այդ դեպքերը և նշում ենք, որ, եթե շահագրգիռ անձի տեղաշարժի հնարավորությունը սահմանափակ է, ապա այս դեպքում նոտարը պարտավոր է այդ խնդրանքին համապատասխան գործողություն իրականացնել։

Մյուսը՝ լիազորագրերի, ժառանգական գործերի և կտակների էլեկտրոնային շտեմարանն է, որը նշանակում է՝ լիազորագրերի դեպքում նոտարին հնարավորություն ընձեռել հստակ տեսնել դրա իսկությունը, վավերությունը, բնօրինակ լինելու հանգամանքը, ինչը նշանակում  է՝ կեղծ լիազորագրերի շրջանառությունը զգալիորեն կսահմանափակվի, եթե չասենք՝ գնալով անհնար կդառնա»։

Նոտարի կողմից կատարողական մակագրություն անելու ինստիտուտի ներմուծումը, ըստ նրա՝  ևս կարևոր է. «Այն դեպքերում երբ պարտապանի ու պարտատիրոջ միջև կա վեճ, և պարտատերն ուզում է, օրինակ, հավաստել, որ այս մարդն իրեն գումար է պարտք, չի վճարել, կատարողական թերթ ստանալու համար պետք է դիմի դատարան, դատարանից ստանա կատարողական թերթը, այնուհետև գնա Հարկադիր կատարման ծառայություն, որպեսզի հարկադիրն ապահովի նրա այդ պարտավորության կատարումը։ Այս իրավակարգավորմամբ, եթե երկու կողմերը համաձայն են, առաջարկվում է այսպիսի մի կարգավորում.  եթե նոտարը կատարողական մակագրություն է կատարում՝ իր կողմից վավերացված գումարի գործով գումար վճարելու, գույք հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորությունը չկատարելու դեպքում, այս դեպքերում նոտարն ինքը կարող է կատարել կատարողական մակագրություն, և դրա հիման վրա կդիմեն ԴԱՀԿ։ Սա ևս հեշտացնում է մեր քաղաքացիների գործը։

Նախարարի խոսքով՝ փոփոխություններ են կատարվել նաև նոտարական կարգապահության հետ կապված, հստակ տարանջատում կա, թե որ առիթի դեպքում ինչ հիմքով նոտարը կարող է պատասխանատվության ենթարկվել։

Տեսանյութեր

Լրահոս