«Ժողովրդին սիրաշահելու խնդիր կա». Գագիկ Մակարյանը՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման մասին
Ինչպես հայտնի է, ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին. «Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական, ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես՝ գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»։ Վարչապետը նշել էր, որ այդ ամենը պետք է արվի ոչ թե բյուջեի հաշվին, այլ տնտեսվարող սուբյեկտների, որոնք մատուցում են այդ ծառայությունները:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է՝ շատ հստակ չի ասված, թե դա ում հաշվին է լինելու։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հստակ չէ, թե «այլ սպառողների հաշվին» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի վարչապետը։
«Ես ավելի շատ հակված եմ, որ ստվերային գազ և հոսանք օգտագործողների հաշվին պետք է դա լինի։ Այսինքն՝ պետք է փորձի «Գազպրոմին» կամ ՀԷՑ-ին օգնել, որ, եթե նրանք ինչ-որ վճարներ չեն կարողանում հավաքագրել, ապա այդ հավաքի հաշվին՝ գուցե նրանք համաձայնեն ավելի չքավոր ընտանիքներին էժան գնով վաճառել։ Բայց քանի որ հանձնաժողովին էլ է ներառել այդ պրոցեսի մեջ, ապա ենթադրում եմ, որ կարող է այդ մեխանիզմը չգործել»,- նշեց Գ. Մակարյանը։
Մեր զրուցակիցն այդ ստուգումներն անելու հետ կապված խնդիրներ է տեսնում։ Նրա խոսքով՝ եթե պետք է արվեն ստուգումներ, ապա ստուգող ո՞ր մարմինների միջոցով դրանք պետք է արվեն՝ էներգետիկայի տեսչությա՞ն, հարկային մարմնի՞, թե՞ դատարանի և դատախազի սանկցիաներ լինեն։ Գ. Մակարյանի խոսքով՝ վարչապետի այդ քայլը «հնչող» է, ժողովրդի մեջ հույսեր է առաջացնում, բայց անգամ այդ պրոցեսի իրականացման մոդելը «հստակ» չէ։
Ըստ նրա՝ սովորական մարդիկ միանգամից կարող է չզգան այդ փոփոխությունը, որովհետև այն կարող է մեկ ամսում արվել. «Բայց ես միշտ ասել եմ, որ ՀԷՑ-ը կարող է իր համակարգի էֆեկտիվությունը բարձրացնելով՝ էժանացման գնալ ամբողջ հանրության, ժողովրդի և բիզնեսի համար։ Ուրիշ հակադրում էլ ունեմ, «Գազպրոմը» տարիներ շարունակ բերում էր 550-750 էջանոց փաթեթներ ու ամեն անգամ հիմնավորում էր, որ գները պետք է բարձրանան, որովհետև իրենց կորուստներն են շատ։ Երբ փաստաթղթերում կորուստները նայում ես, կորուստները խողովակաշարի վրա նշված էլ չեն, ամբարներում են նշված կամ ինչ-որ այլ տեղերում։ Այսինքն՝ այստեղ պետք է ավելի ուշադիր լինել։ «Գազպրոմն» անընդհատ թանկացման է գնացել, մենք վստահ ենք, որ ոչ մի անգամ նորմալ այդ փաթեթները չեն էլ ուսումնասիրվել։ Այդ ամբարներում ի՞նչ է կատարվում, որ այդքան կորուստներ կան, գուցե այդտեղի՞ց պետք է սկսել»։
Գ. Մակարյանի խոսքով՝ եթե էլեկտրաէներգիայի և գազի սակագներն ընդհանուր չէժանացվի, միայն էժանացվի ցածր խավի վրա, այն տնտեսության վրա էական նշանակություն չի կարող ունենալ. «Որովհետև աղքատ խավը մի կերպ իր ծախսերը կվճարի, և իր մոտ փողի ավելցուկ չի առաջանա, որ ինքը դնի բիզնեսի մեջ, դրանից միայն կշահի էլի ՀԷՑ-ը և «Գազպրոմը»։ Ժողովրդին սիրաշահելու խնդիր կա, մի քիչ լարվածությունը թուլացնելու, ինքը տնտեսական առանձնապես նշանակություն չի ունենա»։