«Ուորլիքը կարող է հարյուր բան ասել, բայց այստեղ խնդիրը նույնիսկ Ուորլիքը չէ…». Թևան Պողոսյան

«1994 թվականից սկսած բանակցություններում այդ թեման մշտապես արծարծվել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարության մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։

Թ. Պողոսյանի խոսքով՝ խնդիրն այստեղ այն չէ, թե ինչ են այդ սենյակում գտնվող մարդիկ իրար հետ քննարկում, այլ այն, թե «ինչպես ենք մենք պատրաստ մեր տանը, մեր հողի վրա իրականացնել մեր քաղաքականությունը, ու պատրաստ լինենք հայանպաստ լուծման համար պատրաստելու մեր այն հնարավորինս եղած ազգային ռեսուրսը, որը կդիմակայի ցանկացած սցենարի ճնշմանը»։

«Ուորլիքը կարող է հարյուր բան ասել, բայց աստեղ խնդիրը նույնիսկ Ուորլիքը չէ, կլինի դա Պոպովը կամ Ֆրանսիայի համանախագահը, գլխավոր խնդիրն այստեղ այն է, թե մենք ինչ ենք այստեղ անում, իսկ այն աշխատանքները, որոնք կատարվում են հիմա Արցախում, ինձ վստահություն են ներշնչում ասելու, որ որևէ լուծման մեխանիզմ կյանքի չի կոչվելու, և մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիրներ ունենք նաև Հայաստանում լուծելու, կարգավորելու»,- նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Ջ. Ուորլիքը նաև նշել էր, որ իրենք կցանկանային շփում տեսնել մարդկանց միջև. «Որպես խաղաղ կարգավորում՝ մենք կցանկանայինք, որ հայերն ու ադրբեջանցիները կարողանային միասին ապրել։ Ես հավատում եմ, որ Հայաստանում և Ադրբեջանում կան բազմաթիվ բնակիչներ, որոնք պատրաստ են դրան գնալ»։

Անդրադառնալով ամերիկացի համանախագահի այս դիտարկմանը՝ Թ. Պողոսյանն ասաց, որ բոլոր համանախագահները շատ լավ հասկանում են, որ երկու հանրությունում էլ այսօրվա դրությամբ չկա պատրաստակամություն՝ ինչ-որ լուծումների գնալու։ Ըստ նրա՝ համանախագահների գլխավոր աշխատանքը պետք է լինի հանրության հետ աշխատելը և պատրաստելն այն սերունդներին, որոնք կկարողանան կողք կողքի ապրել։

«Դրա համար ամենաճիշտն այն պետք է լինի, որ Ուորլիքը ոչ թե այսօրվա դրությամբ խոսի, թե ինչքան լավ կլիներ, որ հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ միասին խաղաղ ապրեին, նա պետք է հասկանա, թե ինչ ծրագրեր պետք է առաջ տանել, որ այդ հանրություններին պատրաստեն։ Առաջին քայլը, որ իրենք պետք է անեն, օրինակ, այն է, որ Ադրբեջանի իշխանություններին դիմեն՝ ասելով՝ փոխեք ձեր պատմության դասագրքերը, այլևս անհանդուրժելի է մեզ համար որևէ հայատյացության երևույթ, այլևս անհնարին է այս տեսակի բաներ անել, Սաֆարովին նորից բանտ նստեցնեն, բոլոր այն մեղավորները, որոնք գլուխ և ականջ էին կտրում վերջին ապրիլյան դեպքերին, պատժվեն, և բոլոր նրանք, ովքեր հերոսացնում էին այդ մարդկանց։ Մինչև այդ քայլերը չլինեն, մնացածը սիրուն խոսքեր են, որոնք մեկ անգամ չենք լսել նույն Ուորլիքից էլ ու մյուս համանախագահներից էլ»,- նկատեց Թ. Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս