«ԼՂ հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ». Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով անցած շաբաթ գտնվում էր Մոսկվայում, ռուսական Interfax լրատվական գործակալությանը ծավալուն հարցազրույց է տվել՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի մասին։
Ուորլիքի խոսքով՝ որպես այլ հարցերի վերաբերյալ բանակցություններին երկար տարիներ մասնակցած մարդ՝ ինքը կարող է ասել, որ բանակցությունները չեն կարող հաջող լինել, երբ կողմերից մեկը ստիպված է գնալ զոհաբերությունների ու փոխզիջումների:
«Եղել են ժամանակներ, երբ հայերն ու ադրբեջանցիները միմյանց հարևանությամբ խաղաղ են ապրել, հիմա այդ ժամանակներն անցել են։ Ցավալի է, սակայն փաստ, որ հայերի և ադրբեջանցիների նոր սերունդը մեծացել է՝ միմյանց չիմանալով։ Նրանք միմյանց մասին գիտեն միայն ԶԼՄ-ներից և լուրերից։ Դա տխուր է։ Մենք կցանկանայինք շփում տեսնել մարդկանց միջև։ Որպես խաղաղ կարգավորում՝ մենք կցանկանայինք, որ հայերն ու ադրբեջանցիները կարողանային միասին ապրել։ Ես հավատում եմ, որ Հայաստանում և Ադրբեջանում կան բազմաթիվ բնակիչներ, որոնք պատրաստ են դրան գնալ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:
Դրանք եղել են կարգավորման պայմանները, սակայն ոչ միակ պայմանները՝ փախստականների վերադարձ, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայություն: Այդ բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններն են, և դրանք բոլորն էլ հայտնի են: Մեզ անհրաժեշտ է աշխատել կողմերի հետ, որպեսզի գտնենք այդ բոլոր պայմանները միավորելու եղանակը և հասնենք խաղաղ կարգավորման, որից կշահեն տարածաշրջանի բնակիչները»,- ասել է Ուորլիքը։
«Մենք հուսով ենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը տարիներ չի տևի, սակայն, բնականաբար, պետք չէ ակնկալել անսպասելի բեկում տվյալ հարցի վերաբերյալ։ Բանակցությունները պահանջում են ժամանակ և բազմաթիվ քննարկումներ:
Սակայն մենք ունենք ուղի՝ առաջ շարժվելու համար, կան կոնկրետ առաջարկություններ։ Նախագահները ներգրավված են այդ հարցում։
Շատերն այդ հակամարտությունն անվանում են սառեցված, սակայն ինչպես տեսնում ենք, հատկապես վերջին շրջանում, այն ընդհանրապես այդպիսին չէ: Դա շատ ակտիվ հակամարտություն է։ Ապրիլի սկզբին մենք տեսանք, թե այն որքան վտանգավոր կարող է լինել: Այսօր իրավիճակն ավելի վտանգավոր է, քանի որ տեսանք հրթիռների ու այլ ծանր սպառազինության ներկայություն։
Ապրիլին մենք տեսանք, թե որքան վտանգավոր դա կարող է լինել։ Կարծում եմ՝ կա հակամարտության էսկալացիայի ռիսկ՝ այդ բոլոր ծանր սպառազինությամբ։ Այդ պատճառով ես չէի անվանի այդ հակամարտությունը սառեցված, ես այն կանվանեի ակտիվ հակամարտություն, որը մեր կողմից պահանջում է մեծ ուշադրություն։ Կարծում եմ՝ նրանք, որոնք այդ հակամարտությունը համարում են կառավարելի, սխալվում են»,- հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը: