The Guardian-ի անդրադարձը հայկական դպրոցներում ռոբոտաշինությանը
Հանրահայտ The Guardian պարբերականն անդրադարձել է Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանը և դպրոցներում ռոբոտաշինական դասարանների առկայությանը: Պարբերականը նշել է, որ Հայաստանում պետական ծրագրով նախատեսված է մինչև 2019 թվականը բոլոր դպրոցներում ունենալ կազմակերպված ռոբոտաշինական դասարաններ:
Ներկայացնում ենք պարբերականի պատրաստած հոդվածն ամբողջությամբ:
«Փոքրիկ ռոբոտն արձակում է տարօրինակ ձայներ, պտտվում է ողջ սենյակով, հայտնաբերում է հրդեհը և օդի ուժեղ հոսքով փորձում է մարել այն: Նրա առաքելությունը կատարված է: Ազդանշանի ձայնը ցածրանում է, և ռոբոտը կտրուկ կանգնում է:
Այս ռոբոտը ստեղծվել է ոչ թե փորձառու ինժեներների կամ ոլորտի մասնագետների, այլ 18 և 14 տարեկան հայ դպրոցականների՝ եղբայրներ Ռաֆայել և Սահակ Սահակյանների կողմից:
Սա ընդամենը հայտնագործություններից մեկն է, որ արվել է երիտասարդ ինժեներների նախապատրաստական ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի նպատակն է՝ մինչև 2019 թվականն ինժեներական լիարժեք խմբակներ ունենալ Հայաստանի բոլոր դպրոցներում: Հայաստանում արդեն գործում են 121 ինժեներական խմբակներ, որոնք նախատեսված են 12-18 տարեկան աշակերտների համար:
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս միջոցով կբարձրացնի ինժեներական կրթության մակարդակը և կխրախուսի ապագայի նորարարությունները:
Այս եղբայրների դպրոցում՝ Գյումրիում՝ Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկում, ամեն շաբաթ դասերից հետո նախագծելու և նոր ռոբոտներ ստեղծելու են հավաքվում ավելի քան 20 աշակերտներ:
«Երբ ես փոքր էի, իմ ընկերները դասերից հետո իջնում էին բակ, ֆուտբոլ էին խաղում, իսկ ես գնում էի տուն և քանդում էի էլեկտրական սարքավորումները, որպեսզի հասկանամ՝ ինչպես են դրանք աշխատում»,- պատմում է Ռաֆայել Սահակյանը:
Ռաֆայելի նվիրվածությունը տվեց իր արդյունքները: Նրանց պատրաստած ռոբոտը կմասնակցի ամենամյա ռոբոտների մրցույթին, որտեղ ներկայացված են Հայաստանի բոլոր մարզերի աշակերտների պատրաստած ռոբոտները:
Ուսուցիչ Ռաֆայել Հեքիմյանը նշում է, որ այս նախագիծն օգնում է երեխաներին զարգացնել ինքնուրույն մտածողությունը, որը կծնի ինժեներների նոր սերունդ:
«Հայաստանի նման երկրի համար, որը չունի բնական մեծ պաշարներ, տեխնոլոգիաները կարող են լինել տնտեսությունը զարգացնելու հրաշալի հնարավորություն»,- նշում է նա:
Այս նախագիծն իրականացնող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ) նշում են, որ նախաձեռնությունը մի քանի փորձարարական խմբից վերածվել է մեծ ծրագրի:
«Ծնողներից շատերը մեզ խնդրել են ընդլայնել ծրագիրը, քանի որ նրանք օգտակար են համարում իրենց երեխաների համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Խմբակների ծրագրային ապահովման համար օգտագործվում են Scratch և Turtle ծրագրավորման լեզուները, որոնք մշակվել են Մասաչուսեթի տեխնոլոգիական համալսարանի կողմից:
«Scratch-ը ծրագրավորման ազատ լեզու է, որտեղ կարելի է ստեղծել սեփական ինտերակտիվ պատմությունները, անիմացիաներն ու խաղերը»,- նշում է Կարեն Վարդանյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշում է, որ այս նախաձեռնությունը միանգամից կլուծի մի քանի խնդիր:
«Կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է գերակա ճյուղ Հայաստանում: Դրա իրագործման համար մենք պետք է ունենանք համապատասխան թվով մասնագետներ: Դրա համար մենք ընտրել ենք երեխաների հետ աշխատանքը: Կարծում ենք, որ 12-18 տարեկանը լավագույն տարիքն է նպատակային ցուցանիշների հասնելու համար»,- նշում է նա:
Ռաֆայելն ու Սահակն ինժեներների ընտանիքից են, նրանք միասին ստեղծել են իրենց ռոբոտը:
«Դա այնքան էլ հեշտ չէր: Մենք պետք է կյանք տայինք անշունչ երկաթի կտորին: Ամեն օր մենք փորձարկում էինք նոր լուծում, որպեսզի կատարելագործեինք մեր աշխատանքը: Մենք ունեցել ենք շատ հիասթափություններ, բայց մենք հույս ունենք կատարելագործվել առաջիկա ամիսների ընթացքում և մասնակցել մրցույթին»,-պատմում է Սահակը:
Վերջում պարբերականի լրագրողներն առաջարկում են ծանոթանալ Հայաստանում ինժեներական խմբակներում արված Թոփ-5 նորարարություններին:
- Ռոբոտ, որը կարող է գտնել և չեզոքացնել չպայթած ականը:
- Հավաքարար ռոբոտներ, որոնք կարող են մաքրել աղբը:
- Ռոբոտներ, որոնք կարող են հայտնաբերել և հանգցնել հրդեհը:
- Ռոբոտ, որը կարող է հասցնել առաջին բժշկական օգնության համար նախատեսված պարագաները վտանգավոր գոտիներ:
- Գծին հետևող ռոբոտ, որը կարող է հետևել կոնկրետ երթուղուն:
Սիրարփի Աղաբաբյան