«Բարեփոխումներն արված են, արվում են և կշարունակվեն». Խոսրով Հարությունյան
«Մեր հանրային կյանքը բարեփոխման կարիք ունի, և ոչ միայն արմատական, և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Եթե լինենք անկեղծ, վերջին տարիներին առանձին ոլորտներում բավականին լուրջ տեղաշարժեր կան, հատկապես՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված: Օրինակ՝ 7-8 տարի առաջ ՀԲ բոլոր փորձագետները միաբերան ասում էին, որ կան մի քանի ոլորտներ, որոնք կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, այդ թվում՝ նոտարիատ, կադաստր, հարկային վարչարարություն, դատական համակարգ, ՆԳՆ-ում ՃՈ, և այլն: Այս տարիների ընթացքում նոտարիատի ոլորտում արմատական փոփոխություններ են կատարվել, և այսօր մտածել, որ որևէ նոտարի կաշառելով՝ կարելի է որևէ խնդիր լուծել, և այլն, նման հնարավորությունն այսօր բացառվում է, և համակարգը գնահատվում է՝ որպես կոռուպցիոն ամենանվազ ռիսկեր պարունակող»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում արտահայտած միտքը, թե հասարակության արձագանքը «Սասնա ծռերի» գործողությանը ցույց է տալիս, որ երկիրն ապրելու է վառոդի տակառի վրա, եթե արմատական ռեֆորմներ չիրականացվեն:
Քոչարյանի նախագահության տարիներին տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Խ.Հարությունյանի խոսքով՝ հարկային վարչարարությունում ներդրվեց էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում տեսուչ-հարկատու հարաբերություններն էապես կրճատվում են, և հետևաբար՝ կոռուպցիոն ռիսկերը նվազում են.
«Մենք անցանք արտոնագրային վճարների, շրջանառության հարկի տեսակների, որոնք ևս էապես նվազեցնում են հարկային տեսուչ-հարկատու շփումները: Ասել, որ ամեն ինչ իդեալական է, չի կարելի, բայց բավականին լուրջ աշխատանք է կատարված էլեկտրոնային հաշվետվությունների, էլեկտրոնային ստորագրությունների, էլեկտրոնային վերահսկողության տեսակետից, ակնհայտ է: Լուրջ աշխատանքներ են կատարվել նույն ՃՈ գործունեության մեջ: Ժամանակին մեկ մեքենայի գրանցումը ժամանակ ու գումարներ էր պահանջում, իսկ այսօր 15 րոպեում կարելի է ստանալ վարորդական իրավունքներ, գրանցել մեքենա:
Կադաստրում մեծ բարեփոխումներ տեղի ունեցան, օրինակ՝ Մեղրու բնակիչը կարող է Ամասիայում իր անշարժ գույքի առքուվաճառք և ձևակերպում անել: Սրանք, անշուշտ, բարեփոխումներ են: Բավարա՞ր են, հավանաբար՝ ոչ: Եվ ամենամեծ պահանջը, որ այսօր ներկայացվում է, դա դատական համակարգին ներկայացվող պահանջներն են, որտեղ առ այսօր չի հաջողվել լուրջ բարեփոխումներ իրականացնել: Դա, եթե կուզեք, առանձին տեղերում չինովնիկների դիկտատն է: Այստեղ խնդիրներ ունենք, բայց ասել, որ ոչինչ չի արված, և հասարակական կայնքն արմատական բարեփոխումների կարիք ունի, դա, ըստ էության, նշանակում է՝ արվածը չգնահատել»:
Խ.Հարությունյանի կարծիքով՝ պետք է փորձել այս ամենին համակարգային բնույթ տալ և բարեփոխումները շարունակել:
«Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունները, թեկուզ՝ լարված, բայց հնարավորություն են տալիս հանրային կյանքը տանել առաջ և տնտեսական իրավիճակը բարեփոխել: Օրինակ՝ սահմանամերձ համայնքները հայտարարվել են առանց հարկի գոտիներ, և կամաց-կամաց այդ իներցիան կոտրվում է, այնտեղ ՓՄՁ աշխուժացում կլինի: Վերջին ժամանակներս բավականին թափ են ստացել տեխնոգոտիները, որն իր արդյունքը կտա: Նաև ԵՏՄ անդամակցությունն է սկսել իր պտուղները տալ՝ առաջին, թեկուզև՝ փոքր, արտահանման ծավալները մեծացել են: Բավարա՞ր է, միգուցե՝ ոչ: Դրականն այն է, որ մեր պահանջները միշտ ավելին կլինեն, քան մեր կարողությունները, ինչը և առաջընթացի հիմքն է: Իսկ բարեփոխումներն արված են, արվում են և կշարունակվեն»,- ասաց Խ. Հարությունյանը: