23 տարվա սպասում. «Կասեի երեխաներդ, «Նանդ» քեզ են սպասում, արի»

Լարիսա Սաֆարյանն արդեն 23 տարի է միայնակ է մեծացնում իր երեխաներին՝ սպասելով հրաշքի, որ ամուսինը մի օր կվերադառնա:

Արցախի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում» միայն կանայք են, արդեն որերորդ տասնամյակն է նրանք հավաքվում են՝ սրտներում աղոտ մի հույս․ «գուցե այս անգամ ինչ-որ տեղեկություն իմանան»։

Միության պատերին հարյուրավոր նկարներ են, հայացքներ, որ մնացին անհայտության հսկա օվկիանոսում՝ ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն, միայն սպասում։

Լարիսա Սաֆարյանը նստած է ճակատագրակից ընկերների հետ: Արդեն սպիտակած մազերով այս կանայք հարազատներ են դարձել՝ հանդիպումների ժամանակ հարցուփորձ են անում թոռներից, հարսներից։ Բաժանվելուն պես հսկայական սպասումը ծվեն-ծվեն է լինում, արծաթափայլ մազերով այս կանանց հետ փողոցն ի վար, փողոցն ի վեր անցնում մանրիկ քայլերով։

Քայլում ենք դեպի Ստեփանակերտի Թումանյան փողոց, հասնում բակ, մտնում տան շեմով, Վագիֆ Սաֆարյանը երբեք այս տան շեմով չի մտել… իսկ ընտանիքի անդամները որքան են երազել այդ մասին։

1993թ․ ապրիլի 2-ին Մարտակերտի շրջանի «Պուշկեն Յալ» կոչվող տարածքում տեղի ունեցած մարտից հետո 12 «ճակատագիր» անհետացավ, նրանց մեջ էր նաեւ Լարիսայի ամուսինը՝ Վագիֆ Սաֆարյանը։

«Մի ամիս չէի տեսել, արդեն տուն գալու ժամանակն էր։ Ծանոթներից մեկի միջոցով փոխանցել էր ջուրը տաք պահել, որ գա լողանա ու նորից գնա։ Թե քանի օր եմ ջուրը տաք պահել միայն ես գիտեմ»,- պատմում է Լարիսան։

«Պուշկեն Յալ»-ը այդպես էլ մնաց որպես անհայտության վայր: «Մի անգամ մի քանի կանանցով գնացինք այնտեղ՝ ինչ-որ բան իմանալու։ Բահերով փորում էինք, բայց նույնիսկ ոսկորներ չգտանք»,- ասում է Վագիֆի կինը։

5678

38 տարեկան ամուսնուց ոչ մի տեղեկություն չուներ, եւ չգիտեր ինչ պատասխան տալ երեք երեխաներին, երբ ամենափոքրը՝ 2 տարեկան Սոնյան, որ դեռ նոր էր խոսելը սովորում, ասաց․ «պապան կորալ ա»։

Դժվարն այսօր է եւ ամեն օր

«Վագիֆի քեռին մեր հարեւանն էր, մի անգամ կանչեց ինձ, թե բա, էս ջահելը քեզ ասելիք ունի։ Ասաց՝ ուզում եմ ծանոթանանք։ Մենք թաքուն հանդիպումներ չունեինք, ինքը որոշեց, որ մենք պիտի ամուսնանանք»,- հիշում է Լարիսան։

Նշանդրեքն առանց ձեւականությունների էր․ «Գնացինք Աղդամ, մատանի ընտրեցինք, հագցրեց մատիս։ Մի անգամ էլ տարավ Եղբայրական գերեզմանոց, նայելով գերեզմանաքարերին ասաց՝ բոլորիս վերջը էս է, բայց պիտի համերաշխ ու հավատարիմ մնանք իրար մինչեւ կյանքի վերջ»։

Կնոջ հուշերում Վագիֆի այս միտքն է միշտ. «Հիշիՙր, դժվարն այսօր է եւ ամեն օր, պիտի յոլա տանենք»։

Իսկ դժվարությունները Սաֆարյանների ընտանիքում անպակաս էին։ Ավագ որդին՝ Ստեփանը՝ 12, միջնեկ աղջիկը՝ 10, փոքրը՝ 2 տարեկան էր։ Պետք էր մի կերպ մեծացնել երեխաներին։ Տղամարդու, ընտանիքի հոգսը քաշողի պարտականությունը մնաց 12-ամյա Ստեփանի ուսերին։

«Մեծ մարդկանց հետ աշխատանքի էր գնում, աշխատած գումարը տուն բերում, ալյուրի գումար էր։ Ես էլ արեւածաղիկ էի ծախում։ Ժամանակ չունեի անգամ նստել թասի մոտ, աթոռին թողնելով վերեւից նայում էի, դեռ կա՞, թե նորից տանեմ, իսկ ես լվացք անում»,- հիշում է Լարիսան։

5679

Վաճառված արեւածաղկի փողը գնորդները թասի տակ էին թողնում, Լարիսայի խոսքով, եթե մեկը խաբում էր՝ 10-ը չէին խաբում։ Հավատ կար, վստահություն։
Խագյանի․ ադրբեջանցու ընտանիքն ու եւս մեկ մարած հույս:

Պատերազմից հետո Լարիսան ամեն կերպ փորձեց տեղեկություն ստանալ ամուսնուց։ Մեկ տարի 8 ամիս Ստեփանակերտում այցելում, սնունդ էր տանում ադրբեջանցի գերեվարված մի ընտանիքի՝ հույսով, որ կփոխանակի իր ամուսնու հետ։

«Ամեն օր պերեդաչա եմ տարել Խագյանու համար /գերեվարված ընտանիքի տղամարդը-հեղ/, համոզվելու համար, որ հասնում է, նաեւ նամակ եմ գրել»,- հիշում է Լարիսան։

Կինը խնամքով պահում է բոլոր այն փաստաթղթերը, հեռախոսային խոսակցությունների կտրոնները, Խագյանուն գրած նամակները եւ մնացած ամեն ինչ, ինչ կապված է ամուսնու փնտրտուքների հետ։

Նամակներից մեկում ադրբեջանցի գերին գրում է․ «Լարիսա քույր, նեղություն մի քաշիր մեզ համար, երեխաներիդ մեծացրու»։

«Լավ մարդ էր Խագյանու հայրը, պիտի գտներ ամուսնուս, որ փոխանակեինք։ Ասում էի գոնե, եթե ամուսինս չլինի 12 անհետացածներից մեկը լինի՝ էլի ինչ-որ տեղեկություն կունենանք»,- բայց, ինչպես Լարիսան է ասում, «լավ մարդիկ» ծտի պես թռցրին իր պահած ադրբեջանցիներին։ Փոխանակումը կատարվեց, բայց այլ մարդկանց հետ։ Իսկ Վագիֆից ոչ մի տեղեկություն։

5680

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» նախագահ Վերա Գրիգորյանի խոսքով՝ Արցախում հաշվառված է 710 անհայտ կորած, որոնցից 239 ազատամարտիկ։ Ղարաբաղյան պատերազմից հետո միայն 2 դեպք է եղել, երբ հակառակ կողմը տեղեկություն է տրամադրել անհայտ կորածների մասին։

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Ղարաբաղյան գրասենյակի ցուցակում 372 անհայտ կորած անձ կա։ Սա անհայտ կորածների ամբողջական ցուցակը չի, այլ այն անհայտ կորած անձանց, ում հարազատների հետ ԿԽՄԿ-ն գտնվում է կապի մեջ:

Վերջին շրջանում ԿԽՄԿ-ն նախաձեռնել է ԴՆԹ նմուշառման գործընթաց: ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանի խոսքով՝ կա սահմանված քայլերի, գործողությունների հավաքածու, որը կիրառում է ԿԽՄԿ-ն։

«Սկզբի համար խնդրում ենք յուրաքանչյուր ընտանիքի պաշտոնապես գրանցել իրենց անհայտ կորած հարազատներին, ինչն էլ անում ենք 1992 թ․-ից սկսած: 2008-2011 թթ․ մենք հավաքել ենք հարազատներից մանրամասն տեղեկություններ` մեր կողմից գրանցված յուրաքանչյուր անհայտ կորածի մասին»,-ասում է նա։

Լրացված հարցաթերթիկները պարունակում են տեղեկություններ ատամնաբուժական տվյալների, ֆիզիոլոգիական առանձնահատկությունների, տարած վիրահատությունների մասին, տեղեկություններ հագուստի վերաբերյալ, ով, երբ եւ ինչ հանգամանքներում է տեսել վերջին անգամ անհայտ կորածին եւ այլն․ Այս փուլում տեղեկատվություն են հավաքում անհայտ կորածի արյունակից հարազատի առկայության մասին եւ միաժամանակ, նրանց համաձայնությամբ, վերցնում են ԴՆԹ-ի նմուշներ հարազատներից:

«Հարցաթերթիկների մանրամասն տեղեկությունները եւ կենսաբանական նմուշները կարող են օգնել մեզ հաստատել այն մնացորդների պատկանելիությունը, որոնք գտել են այն վայրերում, որտեղ նրանք թաղվել են պատերազմի ժամանակ։ Ահա թե ինչու է մեզ համար կարեւոր ճանաչել հարազատներին ու աշխատել նրանց հետ»,- նշում է Էթերի Մուսայելյանը։

Կարմիր Խաչի միջազգային Կազմակերպությունը մի շարք սոցիալական ծրագրեր է իրականացրել անհայտ կորածների ընտանիքների համար։

ԿԽՄԿ-ն ընտրել է 2 ուղի այդ ընտանիքներին օգնելու համար՝ հաղթահարել ինչպես հոգեբանական խնդիրները, այնպես էլ բարելավել այն ընտանիքների տնտեսական վիճակը, որոնք դրա կարիքն ունեն: 2011-2015 թթ․ԿԽՄԿ-ն իրականացրել է միկրոտնտեսական ծրագրեր 183 ընտանիքների համար: Այս ծրագրերի հիմնական նպատակն էր՝ ստեղծել լրացուցիչ եկամուտի աղբյուրներ անհայտ կորածների ընտանիքների համար: 23 տուն է վերանորոգվել, որոնք պատկանում էին անհայտ կորածների միայնակ, ծեր ծնողներին:

Սոցիալական ծրագրերից օգտվել են նաեւ Սաֆարյանները։

Լարիսա Սաֆարյանն ունի 7 թոռ՝ մարզիկներ, պարուհիներ…տան անկյուններում նրանց հաղթանակը խորհրդանշող մեդալներ են։ Թոռները պապիկի մասին միայն պատմածներից գիտեն եւ նկարներից։ Ստեփանը բացել է կարմիր, թավշապատ ալբոմը, որ հայրը տարիներ առաջ Ռուսաստանում աշխատելու ժամանակ էր գնել, փոքրիկ Վագիֆին ցույց է տալիս իր հոր նկարներն ու պատմում նրա մասին։

Լարիսան 59 տարեկան է, 23 տարի է սպասում է ամուսնուն։ Ամուսնու անհետացումից հետո կոսմետիկա չի օգտագործում, ժամանակին ամուսինն էր իր կոսմետիկան ու օծանելիքը նվիրում։ «Ագաթ»՝ այդպես էր կոչվում օծանելիքը, որ ամուսնու կարծիքով կնոջ ամենասիրելին էր։

Ճակատագրակից կանայք ներկում են մազերը, հարցիս ի՞նչու ինքը չի ներկում՝ պատասխանում է․ «Մազս ներկեցի, էստեղ էլ եմ ներկելու»,- ցույց է տալիս կրծքավանդակը, սիրտը, որ բազում ցավեր է տարել։

Ի՞նչ կասեիք, եթե իմանայիք, որ Ձեր խոսքը կհասնի Վագիֆին,- հարցիս ի պատասխան Լարիսան զարմացած հայացքով նայում է ու տարակուսած պատասխանում․ «Բայց այդպիսի բան հնարավո՞ր է»։

Մի պահ լռում է ու շարունակում. «Կասեի երեխաներդ, «Նանդ» քեզ են սպասում, արի»։ «Կյանքում անունս չի տվել, ինձ «Նան» էր ասում» ,- ձաստում է Լարիսան։

Քիչ անց նորից ավելացնում է․ «Երբեմն կատակում եմ՝ հաստատ էնտեղ ամուսնացել է, երեխաներ էլ ունի։ Թող թեկուզ ամուսնացած լինի, երեխաներ ունենա, միայն թե իմանանք, որ ողջ է»,- ասում է 23 տարի ամուսնուն սպասող Լարիսա Սաֆարյանը։
Մարիամ Սարգսյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս