«Այդ ո՞նց եղավ, որ վարչության պետի տեղակալը` բարձրաստիճան պաշտոնյան, գնաց ու գերի ընկավ դրանց ձեռքը». Կարեն Մովսիսյան
Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի նախկին պետ Կարեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում դեռևս օգոստոսի 9-ին գրել է.
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին (խոսքն Աշոտ Կարապետյանի մասին է:-խմբ) զբաղեցրած պաշտոնից ազատելը ճշգրտագույն որոշում էր:
Ավելին, դեռ պետք է նրա ծառայության գծով տեղակալի աշխատել-չաշխատելու հարցն էլ բարձրացվի: Եվ կան մի շարք հարցադրումներ, որոնցից են, օրինակ`
1. Ո՞վ է կազմել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակում գործելու ուժերի և միջոցների տեղաբախշման (տեղակայման) տեղադիրը, կամ՝ այն առհասարակ կա՞, թե ոչ:
2. Ո՞վ և ինչպե՞ս է հրահանգավորել ՊՊԾ գնդի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններին: Ի՞նչ ցուցումներ են նրանք ստացած եղել մինչ այդ չարաբաստիկ օրը: Նրանք, առհասարակ ծանո՞թ են ՀՀ Ոստիկանության մասին օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջներին (զենքի կրման կանոններն են):
3. Նույն գիշերը ՊՊԾ գնդի ներսում ծառայություն իրականացնող խումբը ունեցել է մի քանի ինքնաձիգավոր, որոնք փաստացի «без бой» հանձնվել են (բացի Վանոյանից): Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը, որ դուք չեք էլ փորձել մարտի բռնվել, բա ձեր գործի անունն ի՞նչ էր, թե՞ դուք այս պետության մակաբույծներն եք` վարձատրվեք, բայց չաշխատեք հա՞, երևի դուք իմացել եք, թե դուք այդ գնդի ծիրանի այգու պահակներն եք էլի, որ ցոգոլ գողացող երեխեքին աղ ու բիբար կրակելով` վախեցնեք: Ձեզ այդտեղ ծերունային պահակության էին, էլի~, նշանակել, որ տուն պահեք: Բավական չէ՞ մատների արանքով վերաբերվել ամեն ինչին: Բա, հարգելի «պահակներ», այն էլ ինքնաձիգավոր (товарищи автоматчики) սրանից քրեական պատասխանատվության հոտ է գալիս, ու շատ ու շատ արդարացի կլինի, եթե այդ ոստիկաններից մի քանիսը ենթարկվեն քրեական պատասխանատվության: Հենց այդ պատասխանատվությունն էլ կարգ ու կանոն կբերի իր հետ: Բոլորը կսկսեն գիտակցել, որ ոստիկանությունում ծառայելը խաղ ու պար չէ, եղբայր, այստեղ և՛ ուղեղ է պետք, և՛ քաջություն: Տապոռավարի աշխատելու, քավոր-սանիկ խաղացնելու ժամանակները վաղուց անցել են:
4. Ես չեմ հասկանում նաև հետևյալը: Այդ ո՞նց եղավ, որ վարչության պետի տեղակալը` բարձրաստիճան պաշտոնյան գնաց ու գերի ընկավ դրանց ձեռքը: Այ մարդ, սա հո փողոցում շոու անելու, անիմաստ բանակցություններ վարելու կամ յութուբը լցնելու հեթական դրվագ չէր, որ քեզ մեջ գցեցիր ու դրանց զինաթափման ամբողջ գործընթացը հարամեցիր: Դատարկամիտների ու փչած նապաստակների ժամանակներն էլ են անցել, եղբայր, ռուսն այստեղ էլ լավ խոսք ունի` «делом займись», բալամ, շոուի ժամանակն ու տեղը չի:
Մի խոսքով՝ էլի շատ հարցեր ու հարցեր կան: Բայց դե այնպես չի, որ այսքան բանը միայն ես եմ հասկանում: Ավելին հասկացողներ ու գիտակներ շատ կան մեր համակարգում: Կամաց-կամաց ամեն ինչ իրա տեղը կընկնի: Ես համոզված եմ»: