Հայաստանի փրկության միակ հնարավորությունը

Հանձնվել։ Հանձնել։ Հրաժարվել… Այս գաղափարի կամ հասկացության շուրջ են ընթացել առնվազն վերջին մի քանի ամիսներին Հայաստանի համար կարևորագույն, կենսական նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները։ Ապրիլյան պատերազմից՝ մինչ «Սասնա ծռեր»։

Մեր երիտասարդ զինվորները՝ չհամակերպվելով տարածքները, իրենց պաշտպանած մի կտոր հողը զիջելու արտաքին և ներքին պարտադրանքին, իրենց կյանքի գնով հրաժարվել են հանձնել։ Հրաժարվել են՝ արդյունքում նախապես որոշված ամբողջը, գուցե՝ Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես, պահպանելով՝ 800 հեկտար կորցնելով։
Այդ տղաները հրաժարվել են իրենց կյանքից, որովհետև կյանքից հրաժարվելուց առաջ ու կյանքի գնով հրաժարվել են հանձնել իրենց պաշտպանած հողը։

Հուլիսի 31-ին «Սասնա ծռերի» տղաները հանձնվեցին՝ վայր դնելով զենքերը։ Հանձնվելն այդ հերոսակա՞ն էր, վե՞հ էր, հաղթակա՞ն էր… հնչել ու հնչելու են բազմաթիվ գնահատականներ։ Բայց բոլոր այդ ու այլ մակդիրներից բացի՝ այդ հանձնվելը խելամիտ էր, բանական էր ու այդքանով՝ նաև հաղթական էր։ Որովհետև հանձնվելն այդ հայրենասեր մարդկանց ամենամեծ քայլն էր, որի արդյունքը, այո, հաղթանակ է։ Հաղթանակ է չթափված հարյուրավոր մարդկանց արյունը, հաղթանակ է պետությանը, ոչ թե իշխանությանը, այլ պետությանը չհասցված ավելի մեծ հարվածը։

«Սասնա ծռերի» տղաները հրաժարվեցին իրենց մտադրություններից, իրենց ցանկություններից, իրենց պատկերացմամբ՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու իրենց գաղափարից՝ այդ հրաժարումով մեծագույն ծառայություն մատուցելով պետությանը, որի դեմ ուղղված էր իրենց, գուցեև խորքում ազնիվ մղումներ ունեցող, քայլը։
Հանձնումն ու հրաժարումը միշտ չէ, որ պարտություն է։ Նպատակներին հասնելու համար երբեմն հրաժարումն ավելի ընդունելի ու բարոյական միջոց է, քան պայքարի՝ կույր ու մթագնած շարունակումը։ Եթե անգամ պայքարի հիմքում դրված նպատակներն ի սկզբանե վեհ ու ազնիվ են թվացել։

Հայաստանում ստեղծված վտանգավոր իրավիճակի հանգուցալուծումը նախագահ Սերժ Սարգսյանը տեսնում է ազգային համաձայնության իշխանության ձևավորման մեջ։ Նրա տեսլականում դա կարող է տեղի ունենալ 2017 թվականի ընտրությունների արդյունքում։ Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն իրավացի է, ավելի հավանական է, որ դա իրականում պետականակործան այս ընթացքը կանգնեցնելու միակ ճանապարհն է։

Բայց այդ նպատակին հասնելու համար այն հայտարարողները պետք է ի սկզբանե պատրաստ լինեն հրաժարումի։ Ավելի առարկայաբար՝ ազգային համաձայնության իշխանության ձևավորման նպատակ հռչակելուց առաջ, այսօր իշխանություն ունեցող ՀՀԿ-ն պետք է պատրաստ լինի նաև որոշակի հրաժարումի, պետք է պատրաստ լինի իշխանությունը հանձնելու։ Ընտրությունների արդյունքում, բնականաբար։ Քանի որ այլընտրանքը կարող է լինել իշխանության, ու որպես դրա հետևանք՝ պետության հանձնումն արկածախնդրությանը, բախտի ու այդ բախտը տնօրինող արտաքին ուժերի քմահաճույքին։
Ազգային համաձայնության իշխանությունը ենթադրում է համաձայնություն տվյալ ձևակերպմամբ՝ ազգի ու իշխանությունը կրողների միջև։ Ժամանակակից, ժողովրդավարական ընկալմամբ դա պետք է կոչվեր ոչ թե ազգային համաձայնության, այլ հասարակական համաձայնության իշխանություն։ Որովհետև պետության հիմքն ու պետության սեփականատերը ոչ թե ազգն է, այլ հասարակությունը՝ դրանում ներառված բոլոր ազգային խմբերի ամբողջությունը։ Բայց, անկախ ձևակերպումներից, այն, ինչ նկատի ունի Սերժ Սարգսյանը, հնարավոր է միայն այն պարագայում, եթե բոլոր, բոլորը, բայց առաջին հերթին՝ իշխանությունը՝ իր գլխավորությամբ, պատրաստ լինեն հանձնելու իշխանությունը, եթե ընտրությունների արդյունքում այդպես կորոշի հասարակությունը։ Համաձայնություն չի կարող կայանալ անազնվության ու ստի պարագայում։

Ընտրությունների կեղծումը, բացի սահմանադրական ու իրավական խախտումից, իր էությամբ, ստի, խաբեության արտահայտություն է, որի հիման վրա ձևավորված իշխանությունը լինելու է ոչ թե ազգային, այլ քրեական, աշխարհաքաղաքական, ստվերային համաձայնությունների իշխանություն։

Հրաժարումը, հանձնելու պատրաստակամությունը կարող է լինել հաղթանակի գրավականը։ Առավել ևս, երբ խոսքը ոչ թե՝ արտաքին թշնամու դեմ պատերազմի, այլ՝ սեփական հասարակության հետ գոնե մի անգամ խաղաղ գոյակցելու մասին է։
Հայաստանն ունի փրկության իրական հնարավորություն՝ անգամ այս, առաջին հայացքից՝ անդառնալի թվացող իրավիճակում։ Եթե իշխանությունը կարողանա ունենալ այնքան համարձակություն, որքան ունեին ապրիլյան պատերազմի հերոս զինվորները։ Նրանք հրաժարվեցին իրենց կյանքից։ Իշխանությունը պետք է հրաժարվի ընդամենը պաշտոններից։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս