«Ազնիվ մարդիկ դուրս են գալիս փողոց ու պահանջում թույլ չտալ արյունահեղություն, ուժ չգործադրել «Սասնա ծռեր» խմբավորման տղաների դեմ». Անդրիաս Ղուկասյան
Խորենացի փողոցում մարդկանց շարքերն ավելանում են, ազնիվ մարդիկ դուրս են գալիս փողոց ու պահանջում թույլ չտալ արյունահեղություն, ուժ չգործադրել «Սասնա ծռեր» խմբավորման տղաների դեմ։ Այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքի ընթացքում ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Նա նշեց, որ ժամանակն է եկել՝ կոչ անել մարդկանց դուրս գալ փողոց։
Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ եղան փոքրաթիվ մարդիկ, ովքեր գտնում են, որ այդ գործողություններն անթույլատրելի են, ովքեր հորդորում են վայր դնել զենքը և հանձնվել՝ նշելով, որ սա ճիշտ ճանապարհ չէ։
Ըստ նրա՝ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ կա այլ ճանապարհ, թող ետ վերադարձնեն 2015թ. դեկտեմբերի 6-ին կեղծված հանրաքվեն, Միհրան Պողոսյանի՝ Պանամայում կուտակված գումարները, 2013թ. կեղծված նախագահական ընտրությունների արդյունքները, Թալիշին՝ գյուղի բնակիչներին՝ հայրենիքում ապրելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ մարդիկ այսօր փողոցում են, որովհետև այդ անցյալի հետ կապ ունենալ չեն ցանկանում, ուզում են ստեղծել նոր ապագա։