«Ոստիկանությունը տվել է իր մեկնաբանությունը, հետևաբար թող բարի լինեն հնարավորություն ստեղծեն, որպեսզի տղաներն էլ իրենց բացատրությունը տան». Ալեք Ենիգոմշյան

Խորենացի փողոցում քիչ անց մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի աջակիցների և համախոհների հրավիրած հանրահավաքը: Չնայած Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հայտարարություններին՝ ցուցարարների թիվը հետզհետե ավելանում է:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր հայտարարել է, թե Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով, հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով:

Ոստիկանությունը պահանջել է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն, ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով ԱԱԾ-ն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ:

«Ոստիկանությունը պիտի ողջամիտ բացատրություն տա իր այդ դիմումի համար՝ ո՞րն է պատճառաբանությունը։ Ոստիկանության տված պատճառաբանությունը ոչ մի հիմք չունի»,- այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով այսօր ոստիկանության տարածած հայտարարությանը, որում հավաքի փաստացի ղեկավարներին պահանջ էր ներկայացվել՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը:

Ալեք Ենիգոմշյանը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ 4 օր անց ոստիկանությունը որոշեց, որ հուլիսի 22-ին կատարվածը կարող է 4 օր անց վտանգ ներկայացել։ Նա նշեց, որ այս ամենն անհեթեթություն է, պարզ է, որ վարչախումբը զգում է, որ ժողովուրդն իսկապես ոտքի է կանգնում։

«Եվ երեկվա հզոր հանրահավաքից և երթից վախեցած՝ ուզում է այս տարածքում իր համար ապահով, անվտանգ վայր ստեղծել, իր համար անվտանգ ասելով՝ նկատի ունեմ տղաների նկատմամբ իրենց գործողությունների առումով, որովհետև ժողովրդի ներկայությունն այստեղ դրա դեմ գլխավոր երաշխիքն է»,- ասաց նա՝ նշելով, որ նման քայլի դիմելով՝ ոստիկանությունն ինքն է լարվածություն հրահրում։

Անդրադառնալով առավոտյան տեղի ունեցած դեպքերին՝ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ ոստիկանությունը տվել է իր մեկնաբանությունը, հետևաբար թող բարի լինեն հնարավորություն ստեղծեն, որպեսզի տղաներն էլ իրենց բացատրությունը տան, և այդ ժամանակ հանրությունը թող որոշի, թե որն է իրականությունը։ Հարցին՝ արդյոք Աշոտ Մինասյանը բանակցություն տանո՞ւմ է, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց.

«Իմ տեղեկություններով՝ երեկ ամբողջ օրվա ընթացքում, վստահ եմ, որ ոչ մի բանակցություն չի կայացել։ Եվ այսօրվա մասով՝ կարծում եմ, որ նաև այսօր ոչ մի բանակցություն չի կայացել»։

Ալեք Ենիգոմշյանն ասաց նաև, սր սննդի հարցը լուծվել է այն տղայի շնորհիվ, ով առավոտյան, վտանգի տակ դնելով սեփական կյանքը, տղաներին սնունդ է տարել։ Նա նշեց, որ այն անուն ազգանունը, որ հրապարակվել է լրատվամիջոցների կողմից, իրեն ոչինչ չի ասում, հավատում է, որ այդ մարդն անկեղծ հայ քաղաքացի է եղել, իսկ եթե վտանգ կամ ռիսկ գոյություն ունի, ապա տղաներն այդ ռիսկը կչեզոքացնեն։

Ալեք Ենիգոմշյանն ասաց նաև, որ հանգուցալուծման հնարավորությունն առաջին իսկ օրվանից ներկայացվել է իշխանություններին.

«Հենց կիրակի օրվանից Ժիրայր Սէֆիլյանը հայտնել է, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ստեղծված իրավիճակն արյունահեղությամբ չավարտվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ նախ ինքը մոտիկից ծանոթանա տղաների պահանջներին, հնարավորություն ունենա հանդիպել տղաների հետ, զրուցել նրանց հետ և դրանից հետո երկրի բարձրագույն իշխանությունը զբաղեցնող մարդկանց հետ նստի բանակցությունների՝ Հայաստանում էական բարեփոխումներ անելու ուղղությամբ լուրջ քաղաքական բանակցությունների»։

Նա կրկին նշեց, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թե Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց, իրականության խեղաթյուրում էր. Ժիրայր Սէֆիլյանը չի ասել, որ ինքն այդ սկզբունքից հրաժարվում է։ Ինքն ասել է, որ ներկա իրավիճակն ավելի խաղաղ ձևով ավարտելու համար գտնում է այս միջոցը»։

Նրա խոսքով՝ առաջին իսկ օրվանից իշխանությունների կողմից երկու մոտեցում է եղել՝ բանակցությունների իմիտացիա և դրա ընթացքում խաբկանք ու խաբերություն։ Նրա խոսքով՝ կա մի կողմ, որը ողջամիտ առաջարկներ է ներկայացնում, իսկ մյուս կողմն այս իրավիճակում ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ այս իրավիճակից խաղաղ հանգուցալուծմամբ դուրս գալու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս