«Նման տեղեկատվություն հրապարակելիս՝ նախևառաջ պետք է մտածել զոհերի ընտանիքների մասին»

Լրատվամիջոցներն օրերս հրապարակել էին ԼՂՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որում ներկայացվել էին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, ապա խոշտանգված զինծառայողների մասին մանրամասն տեղեկություններ:

168.am-ի հետ զրույցում իրավաբան, փորձագետ Արա Ղազարյանն ասաց, որ նման տեղեկատվություն հրապարակելիս՝ նախևառաջ պետք է մտածել զոհերի ընտանիքների մասին, նրանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի մասին. «Իհարկե, կարող են արդարացնել, թե հանրային շահը գերակա է, որպեսզի հանրությունն իմանա: Հանրությունը տեղյակ էր, բայց մի բան է, երբ մարդիկ իրար են պատմում, մի բան է, երբ հրապարակավ՝ զանգվածային լրատվության միջոցներով, համացանցով, դա ներկայացնում է, իսկ եթե որևէ տեղեկատվություն մտնում է համացանց, դա հուր-հավիտյան մնում է՝ որպես հրապարակային: Եվ քանի անգամ այդ տեղեկատվությունը հրապարակվում է, այնքան անգամ ավելի ցավ է պատճառում տուժողի հարազատներին»:

Ինչպես հայտնի է,  2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, խոշտանգված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանը գրանցել էր գանգատները, սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների և այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը, ինչով պայմանավորված՝ դիմողները և նրանց ներկայացուցիչները չեն կարող ապահովվել հանրությանը տեղեկատվության լիարժեք հասանելիությունը:

Արտակ Զեյնալյանը հայտարարություն էր տարածել այս առնչությամբ՝ նշելով, որ դատարանի ընթացակարգային կանոնների խախտումը դիտարկվում է՝ իրավունքների չարաշահում, և կարող է հանգեցնել ընդհուպ՝ դատարանի կողմից դիմումների քննության դադարեցմանը:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ արդյոք հրապարակված տեղեկատվությունը չի՞ կարող վնասել գործընթացին, նա պատասխանեց, որ չի կարծում՝ դա կարող է վնասել գործընթացին. «Գործընթացը վաղուց է սկսվել: Պարզապես ցանկալի կլիներ, որպեսզի զսպվածություն ցուցաբերվեր և՛ պետական մարմինների, և՛ քաղաքացիների կողմից այդ տեղեկատվության տարածման հետ կապված, բայց կրկին իմ մտքերն առաջին հերթին՝ տուժողների, նրանց հարազատների հետ են»: Նրա խոսքով՝ տեղեկատվություն տրամադրելիս՝ այլընտրանքային եղանակներ է պետք մտածել.

«Սահմանափակել, չեմ ասում՝ արգելել: Դա տուժողների սահմանադրական իրավունքն է, պետք է հարգենք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս