Բաժիններ՝

«Այս քանակի տեղումների մասին չէր կարելի պատկերացնել անգամ ամենավատ երազում. Ժայռակտորներ էին խուժել քաղաք». Արթիկի քաղաքապետը՝ տեղի ունեցած աղետի մասին

Հռոմի պապի այցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները չեն խոչընդոտել Արթիկում կատարվող գործողություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանը:

Խոսելով հունիսի 24-ինԱրթիկ քաղաքում տեղի ունեցած հեղեղումների և դրա հետևանքով առաջացած վնասների մասին՝ Ա. Սողոմոնյանը պատմեց, որ այդ օրը մինչև ուշ գիշեր Արթիկում է եղել Տարածքային կառավարման և զարգացման նախարարը, հետո նաև՝ վարչապետը, և շաբաթ օրը քաղաքում վարչապետի հանձնարարականով աշխատանքներ են սկսվել: Նա նշեց, որ վնասների չափի գնահատման հանձնաժողով է ստեղծվել, որտեղ ընդգրկվել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ մարզպետարանից, նախարարությունից, և այլն:

«Աշխատանքներին հետևել ենք նախարարի տեղակալի մակարդակով, և նախարարի ներկայացուցիչը շուրջօրյա աշխատանքներ է իրականացնում Արթիկում: Ջրի հոսքն առաջին օրերին չի դադարել, դրա համար հենց առաջին օրվանից մեծ տեխնիկա չէր լինում գործի դնել»,- հայտնեց նա:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե միջոցները կենտրոնացված էին Հռոմի պապի այցի վրա, և բավարար չափով ուշադրության չէր արժանանում Արթիկում տեղի ունեցած դեպքը, Ա. Սողոմոնյանը պատասխանեց, որ Հռոմի պապի այցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները չեն խոչընդոտել Արթիկում կատարվող գործողություններին:

Կարդացեք նաև

«Այստեղ կարճաժամկետ միջոցառումներ չէ, որ պետք է իրականացվեն: Միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ պետք է կատարվեն»,- նշեց բանախոսը:

Խոսելով նաև կատարվածի մեղավորների և պատճառների մասին՝ Ա. Սողոմոնյանը նշեց, որ հանձնաժողովի անդամներն ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս՝ կխոսեն նաև տեղումների պատճառներից, որտեղ կերևան նաև մեղավորները. «Մասնագիտական եզրակացություն է պետք, և մինչև եզրակացությունը սիրողական, ոչ մասնագիտական կարծիքներ կլինեն»:

Նա նկատեց, որ կառավարության վերջին նիստի ընթացքում հայտարարվել է, որ 42 միլիոն դրամ է հատկացվելու Արթիկի քաղաքացիներին՝ վնասների աջակցության նպատակով, որից 22 միլիոնը՝ շենք-շինությունները վերականգնելու համար:

Ասուլիսին ներկա Արթիկի քաղաքապետ Ա. Աբրահամյանն էլ կարծիք հայտնեց, որ իրենց քաղաքում տեղի ունեցած աղետի գլխավոր պատճառն առատ տեղումներն են: Նրա խոսքով՝ ժամուկես տեղացել է ինտենսիվ կարկուտ, այդ ամենը խառնվել է դեռևս չհալված ձյանը, և աննախադեպ քանակի ջուրը հասել է քաղաք: Նա նշեց, որ նախապես պատկերացում եղել է, որ կարող են հեղեղումներ լինել, բայց այդ ծավալների մասին պատկերացում չի եղել:

«Այս քանակի մասին չէր կարելի պատկերացնել անգամ ամենավատ երազում: Ժայռակտորներ էին խուժել քաղաք: Հստակ երևում է, որ հեղեղատարները բաց են եղել: Խնդիրն այն է, որ Արթիկի տուֆի հայտնագործումից ի վեր, շահագործումից հետո այդ թափոնները լցվել են ջրերի մեջ, և այս աննախադեպ ջրի քանակը լվաց նաև այդ լանջերին կուտակված տուֆի թափոնները: Մենք տեղյակ էինք հեղեղի մասին մինչև քաղաք հասնելը, հունը փոխելու հնարավորություն չկար: Սելավատարները հաշվարկված էին որոշակի ծավալի ջրի համար և չէին կարող դիմակայել այդ ծավալին: Հեղեղին նպաստել են նաև ապօրինի կառուցապատման աշխատանքները: Կառուցապատման աշխատանքներն անընդհատ են եղել, և դա էլ իր հերթին՝ նպաստել է հեղեղումներին»,- հայտնեց քաղաքապետը:

Նա նաև պատմեց, որ ինքն անմիջապես տեղեկացրել է մարզպետարանին, և 20:00-ին արդեն Արթիկում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարը: Նա պատմեց, որ ջուրը ողողում էր դպրոցն ու մանկապարտեզը, և մինչև առավոտ կարողացել են եղած տեխնիկայով փրկել դպրոցն ու մանկապարտեզը. «Եղած ռեսուրսներով ենք այդ ամենն արել, իսկ հաջորդ օրվանից ռեսուրսներն ավելացել են»:

Նա հայտնեց, որ Արթիկում հիմնովին փլուզված տներ չկան, էական վնաս է կրել 12 տուն, մասնակի փլուզումներ կան, կա ողողում, վնասվել են մեծ տնամերձեր, հողամասեր, որոշ դեպքերում՝ նաև ընտանի կենդանիներ են սուզվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս