«Պուտինի էստաֆետան Օլանդն է ընդունում». Տարասով
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» լրատվական գործակալության կայք-էջում հոդված է հրապարակել՝ «Պուտինի էստաֆետան Օլանդն է ընդունում» վերտառությամբ: Հոդվածագիրը հիշեցրել է երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի՝ Հայաստանում աղմուկ բարձրացրած հարցազրույցն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգում կողմերը համաձայնություն են տվել փուլային կարգավորման տարբերակի շուրջ, որի համաձայն, հայկական կողմը հանձնելու է, իբրև թե, նախ՝ 5, ապա՝ 2 շրջաններ: Տարասովը նաև հիշեցրել է, որ վերջին երկու հանդիպումներում, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց հավատարմությունն են հայտնել 1994-1995թթ. հրադադարի պայմանագրերին, որոնց ներքո դրված են Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի ստորագրությունները, ինչից վերլուծաբանը ենթադրում է, որ որոշակի փուլում բանակցային գործընթացին կմիանա Ստեփանակերտը: Ստանիսլավ Տարասովն ընթերցողներին հիշեցրել է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգում փուլային կարգավորման պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
«Ֆորմալ տեսանկյունից սա համապատասխանում է իրականությանը, քանի որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում անցկացված հանդիպումը, փաստորեն, հաստատեց Վիեննայի գագաթաժողովի ընթացքում կայացված որոշումները, ինչը, Նալբանդյանի խոսքով, «թույլ կտա ստեղծել համապատասխան պայմաններ խնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման համար»: Այսինքն, վիեննական և պետերբուրգյան պայմանավորվածությունները, որոնք, կարծես, պետք է ամրապնդվեն նաև ինչ-որ հատուկ համաձայնագրով, կրում է տեխնիկական, ժամանակավոր բնույթ, որը թույլ կտա անցում կատարել հակամարտության կարգավորման ավելի կոնկրետ բանակցություններին:
Ի դեպ, Նալբանդյանն օգտագործում է «փաթեթային կարգավորում» տերմինը՝ նկատի ունենալով «Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում և դրա իրագործում». Ըստ Մամեդովի՝ փուլային մոտեցումը դիտարկում է «5 շրջանների ազատում, հետո ևս՝ 2, միջանցքի հստակեցում, և միայն դրանից հետո ԼՂ կարգավիճակի հստակեցում»»,- ամրագրել է Ստանիսլավ Տարասովը:
Նա նաև հիշեցրել է Մամեդովի արած մեկ այլ կարևոր շեշտադրում, որը վերաբերում է ադրբեջանառուսական հարաբերություններին. Մամեդովը որոշել է հիշել Ռուսաստանի հետ Ադրբեջանի շատ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, այն մասին, որ Ռուսաստանը կարող է ավելի որոշիչ դերակատարություն ունենալ միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության կարգավորման հարցում, այն դեպքում, երբ, չնայած Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ևս համանախագահ երկրներ են, նրանք հարաբերականորեն հեռու են այդ գործընթացներից:
Սրանով, Տարասովի որակմամբ, Ադրբեջանը փորձել է անհաջող կերպով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև բաժանարար գիծ մտցնել: Նրա խոսքով՝ Մոսկվայի հասցեին նման ռևերանսը Բաքվի կողմից նշանակում է, որ ադրբեջանական կողմը կասկածում է, որ Վաշինգտոնն ու Փարիզը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կխաղան հայամետ սցենարի օգտին: Թեև նա նաև նշում է, որ ադրբեջանական որոշ քաղաքագետներ շարունակում են պնդել, թե հայկական դիվանագիտությունը տապալվել է վերջին 2 տասնամյակի ընթացքում: «Սակայն միայն կույրն ու խուլը կարող է չհասկանալ այն, որ Վիեննա-պետերբուրգյան պայմանավորվածությունների պրակտիկ իրականացումը որակապես կփոխի իրավիճակը տարածաշրջանում, նեղացնում է Բաքվի և Երևանի՝ հակամարտության կարգավորման հարցում նախկին կուրսը շարունակելու հնարավորությունները: Կողմերի միջև կոմպրոմիսները պրակտիկորեն անխուսափելի են»,- նման տեսակետ է հայտնել Տարասովը՝ շարունակելով, որ դա այդպես է, քանի որ դերակատարություն են ստանձնել համանախագահ երկրների նախագահները:
Նա նաև հիշեցրել է, որ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո հանդիպում կազմակերպելու ցանկություն է հայտնել Փարիզը և, ենթադրաբար, հանդիպումը կկայանա Ֆրանսուա Օլանդի ղեկավարության ներքո: Տարասովը լիահույս է, որ իր նախագահական լիազորություններն ավարտող Բարաք Օբաման ևս կհասցնի հանդիպում կազմակերպել:
Իր եզրափակիչ խոսքում ռուս վերլուծաբանը հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի տված հարցազրույցն այն մասին, որ ԵԱՀԿ մասնագետները զբաղվում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների որոշումների իրականացման փաստաթղթերի մշակումներով, ապա ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի անդրադարձն այն մասին, որ այդ փաստաթղթերը վերաբերելու են ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մեխանիզմների ներդրմանն ու ԼՂ հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի լիազորությունների ընդլայնմանը:
Պատրաստեց ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ