«Հարկային նոր օրենսգիրքը հարվածելու է միջին խավին». Մանե Թանդիլյան
Հարկային նոր օրենսգիրքը կարող է նպաստել, որ ՓՄՁ-ները ՀՀ-ում քչանան: Նման կարծիք այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը, ըստ որի՝ Հարկային նոր օրենսգրքում բազմաթիվ «խութեր» կան:
Մ. Թանդիլյանը նկատեց, որ, երբ խոսում ենք հարկերի մասին, խոսում ենք մարդկանց մասին, ովքեր այդ գումարները վճարում են պետական բյուջե, հետևաբար՝ դա անխիր բոլորին է վերաբերում:
Նա նշեց, որ Հարկային օրենսգիրքը լայնածավալ փաստաթուղթ է, և ուսումնասիրելու համար լուրջ ժամկետներ են անհրաժեշտ, սակայն ընդունելուց ընդամենը օրեր առաջ են բերել Ազգային ժողով, ու Մ. Թանդիլյանի գնահատմամբ՝ տեղի ունեցած քննարկումները բավարար չեն. «Արտահերթ ռեժիմով նման փաստաթղթեր բերելն անթույլատրելի է, հատկապես, որ տնտեսության վրա այն լուրջ ազդեցություն պետք է ունենա»:
«Սա այն քիչ նախագծերից է, որ քննադատում են բոլորը, բայց այդ 68 հոգին, որ կողմ են քվեարկել, ես իսկապես հարցնում եմ՝ ինչի՞ն եք կողմ քվեարկում, երբ ինքներդ հասկանում եք՝ ինչ մտահոգիչ դրույթներ կան: Ինչի՞ համար է այդ շտապողականությունը, չի կարելի այդպիսի անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերել Հարկային օրենսգրքին, չի կարելի անընդհատ լարվածության մեջ պահել բնակչությանը: Սխալ է ասել՝ արագ-արագ ընդունենք, հետո կփոխենք»,- նշեց Մ. Թանդիլյանը:
Մ. Թանդիլյանը, ի թիվս օրենսգրքի այլ «վտանգավոր» դրույթների, նշեց, որ Հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածը «զարհուրելի» մի բան է. «Հարկային մարմնին տրված է այնպիսի լծակներ, որ նա կարող է արգելափակել ձեր տնտեսվարումը որոշակի ժամանակահատվածում, ու անգամ նշված չէ, որ չի կարող խանգարել տնտեսվարողի գործունեությանը, այսինքն՝ նա կարող է ընդհանրապես պատասխանատվություն չկրի, որ նա խանգարում է տնտեսվարողի գործունությանը: Տնտեսվարողին չի կարելի պահել անընդհատ անհանգստության մեջ: Սա ներդրումներին և բիզնեսի զարգացմանը չի խթանի»:
Անդրադառնալով իրենց կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է՝ հանրության շրջանում սկսեն բողոքի ցույցեր կազմակերպվել՝ այս օրենսգրքի հետ կապված՝ Մ. Թանդիլյանը պարզաբանեց, որ իրենց կուսակցության անդամները հանդիսանում են միջին խավի ներկայացուցիչ, որը կարևորագույն հատվածն է երկրի զարգացման համար. «Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ես հանդիսանում եմ միջին խավերի շահերի պաշտպանը, ես ինձ հասանելի բոլոր միջոցներով պատրաստվում եմ պայքարել այս օրենքի դեմ, քանի որ այն հենց միջին խավին է հարվածում: Խորապես հասկանալով այդ օրենսգրքի վտանգավոր դրույթները՝ հայտարարում ենք, որ անհնար է, որ ընդվզում չառաջացնի»:
Նա նշեց, որ ինքն իրազեկելու է օրենսգրքի խութերի մասին, ու լինելու է դրա դեմ պայքարողների կողքին, բայց չհստակեցրեց՝ կոնկրետ երբվանից են նախատեսում ցույցեր սկսել՝ նշելով միայն, որ դա ինքնանպատակ չի լինելու և լինելու է միայն հանրությանը լավ իրազեկելուց հետո:
Մ. Թանդիլյանը կարծում է` այս Հարկային օրենսգիրքը բացասական ազդեցություն կունենա ՓՄՁ-ների վրա. «Խոսվում է շրջանառության հարկի շեմի նվազման մասին, որի արդյունքում բազմաթիվ ընկերություններ են հայտնվելու ավելի բարդ հարկման դաշտում, որ նշանակում է՝ ավելի բարդացնել տնտեսվարողի գործունեությունը: Մենք ունենք մի իրավիճակ, որ չենք թողնում աշխատողները նորմալ աշխատեն»: Ըստ Մ. Թանդիլյանի՝ Հարկային օրենսգիրքը պետք է հետ կանչվի, և դրա վրա բազմաթիվ աշխատանքներ կան անելու: