Բժշկուհին դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման. վթարի ենթարկած հիվանդը մահացել է
«Գյումրու բժշկական կենտրոնի» ռադիոլոգ Նազանի Մալխասյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, որն օրինական ուժի մեջ չի մտել, նա դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման` բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:
Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:
Հրապարակվել է գործով դատարանի կայացրած դատավճիռը:
Ինչում է մեղադրվում բժշկուհին
2014 թ. ապրիլի 06-ին՝ ժամը 02:25-ին Գյումրիի բնակիչն ավտոմեքենայով բախվել է գետնանցումի պատին, որի հետևանքով նա և ավտոմեքենայի ուղևորները տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ ստանալով՝ տեղափոխվել են «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ:
2015թ. նոյեմբերի 13-ին Ն. Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ նրա կողմից կատարվել է հիվանդի կրծքավանդակի համակարգչային շերտագրում, սակայն նրա մոտ պնևմոթորաքսի և սրտապարկի խոռոչում հեղուկ և մակարդուկներով արյան առկայության պայմաններում, իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ունենալով վերը նկարագրված երևույթները հետազոտման արդյունքում հայտնաբերելու հնարավորություն, չի ախտորոշել ձախից պնևմոթորաքսի և սրտապարկի խոռոչում հեղուկ և մակարդուկներով արյան առկայությունը, որի արդյունքում ժամանակին չի կատարվել համապատասխան բուժում, և անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Ըստ մեղադրանքի՝ համակարգչային շերտագրման հետազոտությունը ճիշտ մեկնաբանվելու դեպքում բուժման միակ ռադիկալ արմատային մեթոդը պետք է հանդիսանար վիրահատական միջամտությունը:
Բժշկուհու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ինչ ցուցմունք է տվել բժշկուհին
Քրեական գործի դատական քննության ընթացքում ամբաստանյալ Ն. Մալխասյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ դատական ակտի՝ նա ցուցմունք է տվել այն մասին, որ համակարգչային շերտագրման բնագավառում ունի շուրջ 5 տարվա աշխատանքային ստաժ: Մինչ այդ երկար տարիներ աշխատել է որպես ռենտգեն հետազոտության բժշկուհի: 2014 թվականի ապրիլի 06-ին գտնվել է տանը և գիշերը` ժամը 03:00-04:00-ն ընկած սահմաններում, իրեն է զանգահարել բժիշկներից մեկը և տեղեկացրել, որ հիվանդանոց է ընդունվել ավտովթարից տուժած անձ, ով կարիք ունի համակարգչային շերտագրման սարքի միջոցով հետազոտվելու, խնդրել է գնալ հիվանդանոց։ Այնուհետև, հիվանդի ազգականների մեքենայով գնացել է հիվանդանոց, յոթ-ինը րոպեում միացրել է ՀՇ սարքը, հիվանդը տեղափոխվել է նշված սարքի սեղանին և գտնվել է գրգռված, անկառավարելի վիճակում։ Անեսթեզիոլոգին առաջարկել է հանգստացնող ներարկել հիվանդին, սակայն նա հայտնել է, որ տասը րոպե առաջ արդեն համապատասխան ներարկում կատարել է և, քանի որ հիվանդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, այդ պահին չի կարողացել կրկին նմանատիպ դեղորայք ներարկել նրան։ Հիվանդին ՀՇ հետազոտության ենթարկելուց հետո վերջինս բարձրացել է վերակենդանացման բաժանմունք։ ՀՇ հետազոտության ենթակա հատվածները որոշվել են բուժող բժիշկների կողմից, ինչի արդյունքում կատարվել են հիվանդի գլխի, կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի հետազոտություններ։
Մինչև հիվանդին համակարգչային շերտագրման ենթարկելը, վերջինիս որովայնը հետազոտվել է նաև էխոգրաֆիայի միջոցով։ Քանի որ հիվանդն ունեցել է գիտակցության ժամանակավոր կորուստ, բուժող բժիշկները պահանջել են, որ ինքը հետազոտությունը սկսի հիվանդի գլխի շրջանի պատկերները դիտարկելուց։ Գանգոսկրերի և գլխուղեղի շրջանում շեղումներ չեն հայտնաբերվել։ Այնուհետև սկսել է կրծքավանդակի պատկերների դիտարկումը և հայտնաբերել աջից կողերի կոտրվածք և թոքի սալջարդ։ Այդ ժամանակ եկել է սոնոգրաֆիայի բժշկուհին և հայտնել, որ հիվանդի որովայնում առաջին հետազոտության ընթացքում հայտնաբերված հեղուկի քանակը երկրորդ հետազոտությամբ ավելացել է։ Այդ պատճառով իրենց բոլորի ուշադրությունը սևեռվել է որովայնը հետազոտելու վրա, և սկսել են որովայնի օրգանների վնասվածքներ փնտրել։ Այնուհետև ինքը շարունակել է որովայնի օրգանների ուսումնասիրությունը։ Հենց ՀՇ սենյակում բժիշկները որոշել են հիվանդին վիրահատել, զանգահարել են բժշկին և բարձրացել վիրահատարան, իսկ ինքը շարունակել է հետազոտել որովայնի օրգանները։ Համակարգչային շերտագրման արդյունքները չավարտած՝ հիվանդանոցի բուժքույրերից մեկն իրեն տեղեկացրել է, որ հիվանդը վիրահատության ընթացքում սրտի կանգից մահացել է։
Դրանից հետո ինքը դադարեցրել է ուսումնասիրությունը և գնացել է տուն։ Հիվանդության պատմության մեջ ինքը վերջնական եզրակացություն չի տվել, այլ նկարագրություններ է կատարել, այդպես էլ հետազոտությունը չի ավարտել։ Իր պարտականությունների մեջ չի մտել հիվանդի մոտ որոշակի ախտանիշերի հայտնաբերումը։ Մինչ հիվանդին իրեն հանձնելը, այդ ախտանիշերը պետք է որոշեին կլինիցիստ բժիշկները և իրեն հանձնարարեին հիվանդի ՀՇ հետազոտությունը սկսել կրծքավանդակի զննումից, ինչպես նաև այդ հատվածն ավելի ուշադիր դիտարկելուց, սակայն բժիշկներն իրեն նման հանձնարարություն չեն տվել, եթե նման հանձնարարություն տված լինեին, ապա հնարավոր է, որ ինքը տեսներ հիվանդի սրտի հեմոտամպոնադան։
Հիվանդի մարմնի կոնկրետ որ հատվածը հետազոտելու առաջադրանքը պետք է տրվեր բժիշկների կողմից։
Ինչ են եզրակացրել փորձագետները
Ըստ դատական ակտի՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հիվանդի հետազոտությունները կատարվել են բավարար ծավալով, սակայն դրանց արդյունքում նրա ոչ բոլոր վնասվածքային փոփոխություններն են հայտնաբերվել և ախտորոշումը տրվել է թերի: Մասնավորապես` կատարված կրծքավանդակի ՀՇ հետազոտության պատկերներով չի ախտորոշվել կրծոսկրի մարմնի լայնական կոտրվածքը, աջից եզրային պնևմոթորաքսի (թոքամզի խոռոչում օդ) առկայությունը, սրտապարկի խոռոչում զգալի քանակությամբ հեղուկի (արյան) առկայությունը, ինչպես նաև՝ ստորին սիներակի համակարգում հիպերտենզիայի նշանները, ինչպիսիք առկա են եղել և հայտնաբերվել են տվյալ ՀՇ պատկերների փորձաքննության շրջանակներում կատարված հետազոտությամբ: Ինչպես նաև դրանք նկարագրվել են դիակի դատաբժշկական ուսումնասիրության ընթացքում: Քանի որ կատարված ՀՇ հետազոտությամբ հեմոպերիկարդի առկայությունը (սրտի հեմոտամպոնադայի զարգացումը) չի ախտորոշվել, ուստի և վիրաբույժների ուշադրությունը չի ուղղորդվել այդ ուղղությամբ, այլ նրանք վերը նշված տվյալների պայմաններում Լ.Դարբինյանի վիճակի վատթարացման հիմնական պատճառը կապել են որովայնի խոռոչի օրգանների հնարավոր վնասվածքների հետ:
Ըստ եզրակացության՝ հիվանդին բուժօգնության ցուցաբերման ընթացքում թույլ են տրվել ախտորոշման թերություններ և բացթողումներ, մասնավորապես` ՀՇ հետազոտության ոլորտի մասնագետի կողմից տվյալ հետազոտության պատկերների ոչ լիարժեք մեկնաբանման ձևով, որի արդյունքում տեղ են գտել բուժման թերություններ և բացթողումներ, մասնավորապես` չախտորոշված վնասվածքային փոփոխություններից սրտապարկի խոռոչում զգալի քանակի հեղուկի (արյան) կուտակման և զարգացող սրտի տամպոնադայի չհայտնաբերման պատճառով հիվանդի նկատմամբ չի կատարվել անհրաժեշտ վիրահատական միջամտություն:
Փորձաքննության եզրակացության մեջ նշվել է, որ ինչ վերաբերում է թույլ տրված նշված թերությունների ու բացթողումների և հիվանդի մահվան միջև պատճառահետևանքային կապին, ապա ՀՇ հետազոտությամբ սրտապարկի խոռոչում զգալի քանակի հեղուկի (արյան) հայտնաբերման և վերը նշված վիրահատական միջամտության ժամանակին իրականացման դեպքում հնարավոր է՝ հաջողվեր կանխել սրտի հեմոտամպոնադայից մահվան զարգացումը: Սակայն միևնույն ժամանակ պետք է նշել, որ ստացած ծանր համակցված վնասվածքների` գլխի, կրծքավանդակի և որովայնի օրգանների փակ բութ վնասման, ներքին օրգանների, հատկապես` սրտի սալջարդի և պատռվածքի պայմաններում հնարավոր չէ ստույգ եզրակացնել, թե անհրաժեշտ վերը նշված բուժմիջոցառումների ժամանակին իրականացման դեպքում արդյո՞ք կհաջողվեր փրկել հիվանդի կյանքը, թե՞ ոչ:
Անցկացվել է նաև հանձնաժողովային կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ դատական ակտի՝ փորձագետները հանգել են եզրակացության, որ ախտորոշումը եղել է սխալ, որը պայմանավորված է եղել հիվանդի հետազոտությունների արդյունքներով, մասնավորապես, որ կրծքավանդակի համակարգչային շերտագրմամբ բժիշկ-ռադիոլոգի կողմից չի ախտորոշվել ձախից պնևմոթորաքսի և սրտապարկի խոռոչում հեղուկ և մակարդուկներով արյան առկայությունը: Նշված ախտաբանական` տրավմատիկ ծագումնաբանություն ունեցող փոփոխությունների առկայությունը պետք է ախտորոշվեր համակարգչային հետազոտությունը կատարող բժշկի կողմից: Դրանց չհայտնաբերումը պատճառ է հանդիսացել հիվանդի մոտ ոչ ճիշտ, ոչ լիարժեք ախտորոշման կատարմանը և արդյունքում՝ ոչ ժամանակին և ոչ համապատասխան բուժօգնության չկատարմանը. տվյալ իրավիճակում, եթե ճառագայթաբան-ռադիոլոգ բժշկի կողմից ճիշտ մեկնաբանվեր համակարգչային շերտագրման հետազոտությունը, ապա բուժման միակ ռադիկալ` արմատային մեթոդը պետք է հանդիսանար վիրահատական միջամտությունը, որ կարող էր, մեծ հավանականությամբ, հնարավորություն ընձեռել փրկելու հիվանդի կյանքը:
Անդրադառնալով պաշտպանության կողմի փաստարկներին, մասնավորապես՝ ժամանակագրական կամ տեխնիկական առումով վնասվածքը հայտնաբերելու հնարավորություն չունենալուն, ինչպես նաև տուժողի կյանքը փրկելու հավանականության մասին միանշանակ հիմնավորում քրեական գործում չլինելուն, որը հանգեցնում է բժշկի արարքում հանցակազմի բացակայությանը, գտել է, որ դրանք անհիմն են:
Տուժողի կյանքը փրկելու հավանականության մասին առաջ քաշված կասկածները դատարանն անհիմն է համարել այն պատճառաբանությամբ, որ հիվանդի կյանքը փրկելու հավանականությունը բխում է որոշակի գործողություն կատարելուց հետո` ապագային վերաբերող հնարավորության, ինչն ունի կանխատեսական բնույթ, որի ապացուցման վերաբերյալ հնարավոր չէ ձեռք բերել անհերքելի ապացույցներ, այլ դրա համար անհրաժեշտ է ապացուցման «ողջամիտ կասկածից» դուրս չափանիշը, ինչպիսինը սույն գործով առկա է:
Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում: