«Առաջիկայում հետաքրքիր զարգացումներ սպասվում են». Սամվել Ֆարմանյան. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հարցերին պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
– Պարոն Ֆարմանյան, շուտով հավանաբար տեղի կունենա Սարգսյան-Ալիև երկրորդ հանդիպումը, սակայն Վիեննայի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ քայլերը նկատելի չեն: Չե՞ք կարծում, որ դրանց կատարմանը Ադրբեջանի հետ միասին կարող է խոչընդոտել նաև ՌԴ-ն:
– Այդ հարցում ես համաձայն չեմ օդում շրջանառվող տարատեսակ մեկնաբանությունների հետ եւ այդ իմաստով գնահատականներ տալու անհրաժեշտություն չեմ տեսնում: Հակառակը, բոլորը խոսում են, որ համանախագահներն իրենց միջնորդական ջանքերում հանդես են գալիս միակամ եւ միաձայն: Այնպես որ, ես չեմ կարծում, թե մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ համանախագահող երկրներից առանձին վերցրած յուրաքանչյուրն իր սեփական հաշվարկներն ունի: Իսկ ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը, բազմիցս առիթ եղել է այդ մասին խոսելու, որ դա առանձին վերցրած մի դետալ է: Ընդ որում, ոչ ամենակարեւոր դետալը՝ ո՛չ կարգավորման քաղաքական փիլիսոփայության տեսանկյունից, ո՛չ նույնիսկ հնարավոր կարգավորման պարագայում գործողությունների ժամանակագրական տեսանկյունից: Այնպես որ, ավելորդ է անգամ այդ մասին խոսելը: Նաեւ հիշեցնեմ, որ հանրապետության նախագահն այդ առիթով ասել է՝ որպեսզի որեւէ երկրի խաղաղապահ ուժեր հայտնվեն հակամարտության գոտում, դրա համար անհրաժեշտ կլինի հակամարտության կողմերից մեկի հրավերքը: Այդուհանդերձ առաջիկայում հետաքրքիր զարգացումներ սպասվում են, պետք է հետեւել եւ հասկանալ:
– Պարոն Ֆարմանյան, Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը սպառնում է դառնալ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միջպետական սկանդալի պատճառ: Ո՞րն է խնդիրը:
– Սեփական ճաշակից ելնելով ու պահի թելադրանքով պայմանավորված, պատմության, ընդ որում, այլոց պատմության անիրազեկ ու կամայական վերանայումը անշնորհակալ եւ քաղաքական տեսանկյունից խիստ վտանգավոր գործ է: Ժողովուրդների հիշողությունը, պատմությունը բյուրեղացնում, հերոսացնում է այն անհատներին, որոնց մեծագործության արդյունքում տվյալ ժողովուրդը ունեցել է պատմական նշանակալի ձեռքբերումներ: Վիրավորելով որեւէ ժողովրդի հերոսի, վիրավորում ես տվյալ ժողովրդի հավաքական հիշողությունը եւ ազգային զգացումները: Անխոս, Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի հազարամյակների պատմության ամենաերեւելի հերոսներից է: Այն, որ Լեռնահայաստանը՝ Զանգեզուր-Սյունիքը 1918-1921թթ. խառնակ ժամանակներում մնաց հայկական, դրանով իսկ չեզոքացնելով պանթուրքական գաղափարախոսների՝ մինչ օրս չիրականացված գլխավոր նպատակը՝ Թուրքիան կապել Ադրբեջանի հետ, դա նախեւառաջ Անդրանիկի ու Նժդեհի պատմական բացառիկ դերակատարության հետեւանք է: Ես չէ, որ ՌԴ ԱԳՆ-ին պետք է հուշեմ, թե հատկապես որ երկրի դեմ էր ուղղված ու այսօր էլ ուղղված է պանթուրքական գաղափարախոսության կենսագործումը:
Իսկ եթե Մարիա Զախարովան ու ՌԴ ԱԳՆ-ն «զարմանալու» անհաղթահարելի ներքին մղում ունեն, ապա, խնդրեմ, թող զարմանան նախեւառաջ այն փաստի առիթով, որ Ի. Ալիեւի՝ 2013 թ. նոյեմբերի 22-ի հրամանագրով՝ ողջ 2014 թ. ընթացքում Ադրբեջանում, Թուրքիայում ու նաեւ ՌԴ տարբեր քաղաքներում պետականորեն, տարբեր կալիբրի ռուս չինովնիկների մասնակցությամբ նշվեց մուսավաթական կուսակցության առաջնորդ, 1918 թ. Ադրբեջանի նորաստեղծ առաջին հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի ծննդյան 130-ամյակը: Չմոռանանք, որ խոսքը հենց այն նույն Ռասուլզադեի մասին է, որը Ադրբեջանի խորհրդայնացումից հետո փախավ արտերկիր, իսկ 1941 թ., երբ խորհրդային ժողովուրդները արյունալի պայքար էին մղում նացիզմի դեմ, սեփական կամքով մեկնեց Բեռլին, համագործակցության ձեռք մեկնեց Վերմախտին, կազմավորեց ու ղեկավարեց ՍՍ-ի կազմում գործող ադրբեջանական լեգեոնը, որի կազմում Խորհրդային Միության դեմ կռվում էին շուրջ 25000 ադրբեջանցիներ, արյան մեջ խեղդելով Վարշավայի խաղաղ բնակչությանը: Խնդրեմ, փոխանցեք Մ. Զախարովային այդ առիթով էլ զարմանալ եւ պահանջել Զաքաթալայից, Գյանջայից ու այլ քաղաքներից հեռացնել Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձաններն ու պատժել բոլոր այն ռուս պաշտոնյաներին, ովքեր 2014 թ. մասնակցել են ՌԴ տարբեր քաղաքներում Ռասուլզադեի 130-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ Ի. Ալիեւից պահանջել չեղյալ համարել իր իսկ հրամանագիրը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: