Ի՞նչ են քննարկելու Սարգսյանն ու Ալիևը պատերազմից հետո երկրորդ հանդիպման ժամանակ

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն երկրորդ անգամ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) մայիսի 31-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և հունիսի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել` նշելով, որ հանդիպումներում քննարկվել է Վիեննայում մայիսի 16-ին տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումների կյանքի կոչման հարցը։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.

«Հիանալի քննարկում ունեցանք Հայաստանի ԱԳ նախարարի հետ՝ Վիեննայի գագաթաժողովի որոշումների իրականացման հարցի, այդ թվում` ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծման առաջարկի շուրջ»։ «Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Համանախագահները նախարարներին են ներկայացրել փաստաթղթեր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու և ԵԱՀԿ հետախուզական մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ։ Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,- նշված է համանախագահների հայտարարության մեջ։

Հայտնի է, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացման, հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման ուղղությամբ։

Ու թեև հանդիպումից մի քանի օր անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը նշել էր, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման ուղղությամբ համաձայնություն իրենք չեն տվել, անմիջապես ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի զանգից հետո Ադրբեջանը փոխեց իր դիրքորոշումը, և տարբեր պաշտոնյաների կողմից հաստատվեց, որ եղել են նման պայմանավորվածություններ։ Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ՝ ասել էր, թե Ղարաբաղի կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վիեննական հանդիպումը հաջողված էր։

«Մեր տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա չէ, ու ես կարծում եմ, որ Վիեննայի հանդիպումը հաջողված էր։ Մենք սպասում ենք, որ շուտով, ժամանակ չկորցնելով, կսկսվեն շատ լուրջ, ինչպես ասում են միջնորդները՝ առարկայական, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»,- ասել էր նա։ Իսկ թե ինչպիսի քննարկումներ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այս ամիս սպասվող հանդիպման ընթացքում, դեռ պարզ չէ։

Մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ կողմերը պարտադրված կլինեն բովանդակային քննարկումներ սկսել, իսկ ոմանք պնդում են, որ Ադրբեջանը ստիպված կլինի վերջնականապես համաձայնել վերահսկողական մեխանիզմների ամրապնդման՝ ԵԱՀԿ առաջարկին։

felgengauer«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ինչպես՝ Վիեննայի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, գալիք հանդիպումը ևս անարդյունք կավարտվի։ Ըստ նրա` հրադադարի համար քաղաքական կամք է պետք և ոչ ավելին։

«Կողմերը, ըստ էության, չեն ցանկանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ Ղարաբաղի շուրջ, բայց պետք է ցանկանան նաև չպատերազմել, այնինչ մենք տեսնում ենք, որ կողմերը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են զինվում, պատրաստվում պատերազմի, զորքեր կուտակում շփման գծում, օգտագործում ԼՂ հակամարտության գոտում տիրող լարվածությունը ներքաղաքական նպատակներով։

Նման պատճառներ ունի Ադրբեջանը, ինչո՞ւ ոչ, նաև Հայաստանը, ուստի նման հանդիպումները, ըստ էության, այդքան էլ կարևոր չեն, քանի որ լուրջ որոշումները կարող են ընդունվել՝ առանց նման հանդիպումների, և իրենց արտացոլումը գտնել շփման գծում տիրող իրավիճակի վրա»,- ասաց Ֆելգենգաուերը։

Վերջինիս համոզմամբ՝ գալիք հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կզարգացվեն նախկին հանդիպման պայմանավորվածությունների հիմնական շեշտադրումները։ Սակայն, ըստ նրա, նման հանդիպումներից լուրջ առաջընթացներ սպասել պետք չէ, ինչն ապացուցեց Վիեննայի հանդիպումը։ Նրա համոզմամբ՝ առանց հրադադար հաստատելու` քաղաքական կամքի անվտանգության միջոցների ամրապնդման մեխանիզմներն իրավիճակին ոչնչով օգնել չեն կարող։

Stanislav Tarasov«Rex» ռուսական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ համանախագահ երկրները, որոնք տանդեմով աշխատելու արդյունքում Վիեննայում բանակցային սեղանի շուրջ նստեցրեցին Սարգսյանին ու Ալիևին, հակամարտող երկրներին պարտադրում են զիջումների գնալ և չսկսել պատերազմ։

Ըստ նրա` կողմերին պարտադրվելու է վերահսկողական մեխանիզմների ներդրման շուրջ համաձայնություն տալ։ Տարասովի կարծիքով` Ադրբեջան կատարվող ամերիկյան զանգերից հետո փոփոխվող ադրբեջանական դիրքորոշումները հուշում են այն մասին, որ Ադրբեջանին պարտադրվում է գնալ համաձայնությունների։

«Կարծում եմ, որ առաջիկա հանդիպման ընթացքում խոսակցություններն ընթանալու են արդեն իսկ հայտարարված և համաձայնեցված մեխանիզմների ներդրման վերջնական համաձայնությունները հաստատելու շուրջ, որոնցից հետո կողմերը գուցե անցնեն բովանդակային խոսակցությունների։

Սակայն չեմ բացառում, որ Ադրբեջանը մինչ դա ևս մեկ հարձակման դիմի, քանի որ գործընթացն ամենևին էլ իր օգտին չի ընթանում։ Մեխանիզմների ներդրումից հետո բովանդակային բանակցությունները կծավալվեն Մադրիդյան թարմացված սկզբունքների շուրջ։ Ու այստեղ կարևորում եմ այն, որ Ստեփանակերտը ևս սկսի մասնակցել բանակցային գործընթացին` իր ճակատագիրը որոշելու համար։ Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս դեսպան Իգոր Պոպովն ասել էր, որ նախատեսվում է ԼՂ մասնակցությունը բանակցությունների որոշակի փուլում, ուստի կարծում եմ, որ այդ փուլը շատ հեռու չէ, եթե կրկին նոր լայնամասշտաբ լարվածություն չնախաձեռնվի Ադրբեջանի կողմից»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը։

Alexandr RarԻր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը մեզ հետ կարճ զրույցում հույս հայտնեց, որ կողմերը կհամաձայնեցնեն անվտանգության ամրապնդման հետ կապված բոլոր հարցերը՝ հետագա բանակցություններն առանց խնդիրների շարունակելու նպատակով։ Ըստ նրա` սա ԵԱՀԿ-ի համար շատ կարևոր հարց է, որում իր դերակատարությունն ունի նաև Գերմանիան։ «Այդ մեխանիզմների ներդրման արդյունքում ստացված փաստական տվյալները միջնորդների ձեռքին մեծ փաստարկ կդառնան այն կողմի դեմ, որը նախաձեռնում է լարվածությունը և թույլ կտա համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասաց նա։

Վերջինիս համոզմամբ՝ կողմերը հեռու են բովանդակային բանակցություններից, քանի որ տարաձայնություններ ունեն նույնիսկ անվտանգության միջոցներ հաստատելու հարցում։ «Պատերազմը, ըստ էության, նոր է ավարտվել, թեև այն մի քանի օր է տևել։ Այս փուլում կողմերի համար, հաշվի առնելով հակամարտող երկրներում տիրող տրամադրությունները, համարյա թե անհնար է բովանդակային բանակցությունների վերսկսումը»,- նկատեց գերմանացի վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս