«Ես գերմանացուն հարցրի՝ ինչի՞ չես ամուսնանում, ասաց՝ մեր ազգը պետք է վերանա, մենք Հոլոքոստ ենք արել». Արա Պապյան
Ցեղասպանության ճանաչումը լավ է, բայց սա չպետք է լինի մեր պայքարի հիմնական ուղին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով երեկ Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին՝ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը՝ նկատելով, որ դա շատ կարևոր քայլ էր մեզ համար:
Ա. Պապյանը համոզված է, որ այս բանաձևի ընդունումը մի շարք ազդեցություններ կունենա. «Այն անդրադարձ կունենա գերմանաթուրքական հարաբերությունների վրա, Թուրքիան հոխորտում է, բայց ինքն է տուժող կողմը: Ի՞նչ կարող է անել Թուրքիան Գերմանիային. Ոչի՛նչ: Գերմանիայի ճանաչումն իր ազդեցությունը կունենա նաև Եվրամիության դիրքորոշումների վրա: Մերկելն իր ելույթում դիմեց Էրդողանին, մի հետաքրքիր միտք կար, որ գերմանացիներն առաջին անգամ ասացին՝ 3 միլիոն թուրքեր Գերմանիայում են, որն իր մեջ որոշակի սպառնալիք է պարունակում»:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե այդ բանաձևը բավարար չէր, այն բավարար կոշտություն չի պարունակում իր մեջ՝ Ա. Պապյանը նկատեց, որ քաղաքականության մեջ միակողմանի ոչինչ չկա: Ըստ նրա՝ դա բավականին լավ բանաձև է, քանի որ մեզ համար նոր հնարավորություն է բացում:
«Սա ազդեցություն կունենա ընդհանրապես եվրոպական մյուս երկրների քաղաքականության վրա, մինչև իսկ ես չեմ բացառում՝ նաև ԱՄՆ-ի քաղաքականության վրա: Սա մեզ համար կարևոր քայլ էր: Ցեղասպանության ճնաչումը լավ է, բայց սա չպետք է լինի մեր պայքարի հիմնական ուղին, եթե դրան չպետք է հաջորդեն հատուցումների հարցը, սա կլինի այն օրինակի նման, որ գյուղացին ջանասիրաբար հողը մշակում է, բայց չպետք է ցանի: Հնարավորինս պետք է վերականգնվի Ցեղասպանությունից առաջ եղած իրավիճակը»,- նշեց Ա. Պապյանը:
Խոսելով այն մասին, թե այս բանաձևի ընդունման մեջ ի՞նչ նշանակություն ունեցավ գերմանահայ համայնքը՝ Ա. Պապյանը նշեց, որ Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի մասին գերմանահայ համայնքից բավականին լավ կարծիքներ է լսել. «Դեսպանի աշխատանքը շատ կարևոր է, բայց այն արդյունք կտա, եթե դա չի հակասում այդ երկրի շահերին»
Ա. Պապյանը նաև կարծում է՝ գերմանացիների մեջ մեղավորության զգացումը շատ մեծ է. «Ես գերմանացուն հարցրի՝ ինչի՞ չես ամուսնանում, ասաց՝ մեր ազգը պետք է վերանա, մենք Հոլոքոստ ենք արել. այդ մեղավորության զգացումը շատ կա գերմանացիների մեջ»: