Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը:

Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:

Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է խիզախության դրսևորման և անցյալի մութ էջերի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին:

«Անցյալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցավոտ լինել, սակայն միևնույն ժամանակ կարող է լինել ազնիվ և ինքնաքննադատական մոտեցում սեփական անցյալի նկատմամբ: Դա կարևոր է այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, որի համար պետք է խիզախություն` փոխըմբռնման և հաշտեցման հասնելու համար»,-ասել է Լամերտը:

Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կասմող Քրսիտոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական- սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր
ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել:

2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև:

Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն:

Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը:Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Տեսանյութեր

Լրահոս