Բաժիններ՝

«Այսօր գերփոքր բիզնեսը չգիտի՝ ում դուռը ծեծի ու ասի՝ «գիտես, իմ վրա եկել՝ անօրինական ակտ են գրել, և այլն»

Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ոլորտի զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը:

Նա նշեց, որ անցյալ տարի ՀՀ կառավարության, Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվեց և ընդունվեց միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-18 թթ. ռազմավարությունը, որով սահմանվեցին հիմնական մոտեցումները, ուղղությունները, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում. «2016 թվականից արդեն ռազմավարությունը կիրառվում է, և իրականացվում են մի շարք միջացոռումներ»:

ՎՁԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը նշեց, որ մենաշնորհային դաշտը սկսում է ձևավորվել մաքսային սահմանից, ինչը և պարզ է դառնում քննարկումների արդյունքում, երբ գործարարը չի կարողանում հավասար պայմաններով և հավասար ընթացակարգով իրականացնել ներմուծումը, ինչը որ իրականացնում են որոշակի մենաշնորհային արտոնություններ ունեցող ներկրողները, անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով ունեն որոշակի արտոնյալ դիրք մաքսային սահմանի վրա:

«Իրականում փոքր բիզնեսը եթե կարողանա նույն ձևով, հավասար ընթացակարգով ներմուծել նույն ապրանքը, ինչ ներմուծում են խոշոր ներկրողները, կսկսի ձևավորվել բնական մենաշնորհային միջավայր: Փոքր բիզնեսը միշտ փոքր քանակի ներմուծումներ է անում, սակայն ուսումնասիրությունների արդյունքում մենք հասկանում ենք, որ բնական ձևով չի ձևավորվում մենաշնորհը: Սահմանի վրա մենք ունենք մի մեծ չարիք՝ այդ հսկիչ գների հիման վրա իրականացվող ներմուծումն է, և գնի մեթոդի հիման վրա իրականացվում է ներմուծում՝ բացառապես խոշոր ներկրողների համար, իսկ փոքր բիզնեսը ստիպված է անցնել այդ բարդ հսկիչ գների ընթացակարգով և վճարել ավելի շատ հարկեր, տուրքեր և մաքսավճարներ, որպեսզի կարողանա իր ապրանքը ներմուծել»,- նշեց Գ. Պողոսյանը:

Նա նկատեց, որ կա ապրանքների որոշակի խումբ, որոնք ներմուծվում են այս կամ այն անձի կողմից, և սահմանված են շատ բարձր մաքսային վճարներ հենց այդ ապրանքների համար.

«ՓՄՁ-ն արդեն ավտոմատ կերպով չի կարողանում լինել այդ դաշտում, ներմուծել այդ նույն ապրանքը, որովհետև շուկայում ինքն արդեն չի կարող լինել մրցունակ»:

Գ. Պողոսյանի խոսքով՝ մեր Փոքր և միջին ձեռնարկությունների 80 տոկոսից ավելին զբաղվում է առևտրով.

«Այստեղ ևս կա այս խնդիրը. անընդհատ հայտնվում են հիպերմարկետներ, որոնք հենց իրենց առկայությամբ արդեն իսկ խոչընդոտում են Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատանքին՝ կենտրոնական հատվածներում, բնակելի հատվածներում: Իրականում քաղաքականությունը պետք է այնպես կատարվի, որ նման մեծ հիպերմարկետները լինեն միայն ոչ բնակելի հատվածներում, իսկ բնակելի հատվածում ունենանք առևտրի ոլորտում ՓՄՁ-ներ»:

«ՓՄՁ համագործակցություն» ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն էլ նշեց, որ շուկայական Փոքր և միջին ձեռնարկությունների առաջխաղացման հիմնական խոչընդոտը քաղաքական կամքի բացակայությունն է.

«Տնտեսական լավագույն լուծումները չեն կարող կյանքի կոչվել, եթե դրանք միահյուսված չեն քաղաքական կամքի հետ: ՓՄՁ-ների համար ունենք լավ օրենքներ, իսկ կիրառության մեջ ինչո՞ւ են դեֆորմացվում, որովհետև մենք դրանք ապահովող հակակշիռներ, կամ դրանց իրագործման հրահանգներ չունենք այսօր: Արդյունքում՝ պատկերը շատ վատն է այսօր»:

Նրա խոսքով՝ այսօր գերփոքր բիզնեսը չգիտի՝ ում դուռը ծեծի ու ասի՝ «գիտես, իմ վրա եկել՝ անօրինական ակտ են գրել, և այլն»: Հ. Ավագյանի կարծիքով՝ այդ օղակը չկա, ում կարող է ՓՄՁ-ն դիմել ու վստահել:

«Տնտեսական մրցակցության հանձնաժողովից ասում էին՝ մենաշնորհ չկա, այսինքն՝ եթե մեկից ավելի արտադրող կամ ներմուծող ունենք, ուրեմն մենաշնորհ չկա: Եթե այդ օրենքի տառից ելնելով ենք ասում, ապա, իհարկե, չկա: Բոլորս կարող ենք շաքար ներմուծել, արտադրել, կարող ենք պետական գնումներին մասնակցել, բայց արդյունքում՝ մենք այսօր տեսնում ենք այս թվերը»,- նշեց Հ. Ավագյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս