Ռուսաստանի քաղաքական ազդեցության հետքերով. աշխատանքային միգրացիա
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի նախաձեռնություն հանդիսացող և նրա կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ ռազմական դաշինքի: Տնտեսությունը մեծամասամբ կախված է Ռուսաստանից, վերջինս մինչև 2043թ. գազի վաճառքի հարցում մենաշնորհ ունի: Երկրում արտաքին ներդրողների ցուցակը գլխավորում է Ռուսաստանը, Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում ապավինում ենք Ռուսաստանին և այսպես շարունակ:
Համաձայնեք, որ վերը թվարկված, սակայն անավարտ բոլոր դիտարկումները փաստում են Ռուսաստանի աչք ծակող ներկայությունը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ և ներքին կյանքում, ինչն արդեն իսկ խոսում է մեր կախյալ կարգավիճակի մասին թե՛ ազգային մակարդակում, որովհետև Ռուսաստանի հետ դարավոր գոյակցության արդյունքում ազգային գիտակցականով հենց նրան ենք վերագրում «հավերժ դաշնակցի» կոչումը, թե՛ պետական-իշխանական մակարդակում, որովհետև ի վերջո հենց բարձրագույն-պետական առուծախի արդյունքում է, որ ունենք այն, ինչ ունենք:
Ռուսաստանի հետ ունեցած պատմական բազմակողմ հարաբերությունների, տարբեր ժամանակահատվածներում և ոլորտներում դրանց դրական ու բացասական հետևանքների մասին կարելի է անվերջ խոսել: Այնուամենայնիվ, անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին աշխատանքային միգրացիայի շրջանակներում:
ՄԻԳՐԱՑԻԱ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒ ԳՈՐԾԻՔ ՆՐԱ ԳԼԽԻՆ
Երևույթն ակնհայտորեն հարուստ է բացասական հետևանքներով, նամանավանդ, որ այն արդեն վաղուց շահարկման առարկա է դարձել Ռուսաստանի կողմից, ով բազմիցս է փաստել հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի անհարգի կարգավիճակը: Ասել է, թե Ռուսաստանը հեշտությամբ աշխատանքային միգրացիան որպես զենք է օգտագործում Հայաստանին իր կամքը թելադրելու և քաղաքականապես ենթակա պահելու նպատակով, ինչն արդեն իսկ լուրջ մարտահրավեր է երկրի ինքնիշխանության և ազգային անվտանգության տեսանկյունից:
2015թ. սեպտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը խորհրդանշական ժպիտը դեմքին հայտարարեց. «Ռուսաստանը երբեք Հայաստանի դեմ քայլեր չի ձեռնարկի, ու, ընդհանրապես, հայերն ավելի շատ ապրում են Ռուսաստանում, քան Հայաստանում, իսկ ֆորպոստում (առաջնագիծ) ավելի շատ լինում են զինվորականներ, քան բնակչություն»: Ի վերջո, ի՞նչ էր սա, եթե ոչ հիմնախնդրի շահարկման փայլուն օրինակ:
Միգրացիան ուսումնասիրության բավականին լայն ոլորտ է: Միգրանտն այն անձնավորությունն է, ով լքում է իր երկիրը և հաստատվում մեկ այլ երկրում խիստ տարբեր դրդապատճառներով: Դրանք կարող են լինել տնտեսական-քաղաքական կամ կրոնական հետապնդումներից, էթնիկ զտումներից, բնական աղետներից, պատերազմներից խուսափելու համատեքստում և այլն:
Հայաստանը 1991թ. ի վեր հետխորհրդային երկրների շարքում աչքի է ընկնում միգրացիոն արտահոսքի բարձր տեմպերով: Եթե ժամանակին դա դիտարկվում էր որպես դրական հավասարակշռության ելքով բնական գործընթաց, ապա ներկայումս նմանօրինակ դիտարկումն անթույլատրելի է:
Օտար երկրներ Հայաստանի քաղաքացիների հոսքը կարելի է տիպավորել հետևյալ կերպ՝ աշխատանք[1], մշտական կեցություն և ուսում: Դրանցում աշխատանքի նպատակով Հայաստանի սահմանը հատածների թիվը գերակշռում է մյուս երկուսին (94%)՝ հետին պլան մղելով մշտական կեցությունը (3%) և ուսումը (2%)[2]:
Մենք կրկին բախվում ենք ռուսական գործոնին. հայ միգրանտների հիմնական ուղղությունը հենց Ռուսաստանն է: Վերջինս հյուրընկալում է նրանց ընդհանուր թվի 75%-ին, որոնք, մեծամասամբ, կենտրոնացված են շինարարության (60%), առևտրի (10%), ծառայությունների (7%), տրանսպորտի և արտադրության ոլորտներում (4%): Աշխատանք գտնելու նպատակով արտագաղթում են հիմնականում 15-49 տարեկան տղամարդիկ (47.5%), որոնք ունեն նվազագույնը միջնակարգ կրթություն:
Աշխատանքային միգրացիան միջազգային գործընթաց է և լավագույնս կարգավորվում է միջպետական համագործակցության շնորհիվ[3]: Գործընթացն ինքնին կրում է և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ, և դրանք, առհասարակ, անմիջականորեն առնչվում են այն քաղաքականությունների հետ, որոնք հաստատվում են միգրանտին ընդունող և ճանապարհող երկրների կողմից: Դժբախտաբար, Հայաստանի պարագայում բացասականը գերակշռում է, մինչդեռ տեսությունը և միջազգային օրինակները ցուցանում են, որ աշխատանքային միգրացիան բացասականորեն է անդրադառնում առավելապես հյուրընկալող-ընդունող երկրի վրա:
Հայաստանից մարդկային ռեսուրսի անկառավարելի արտահոսքի արդյունքում բնակչության թվաքանակը նվազում է բարձր տեմպերով: Նույն ՌԴ-ում հայ միգրանտների թիվն այնքան է շատացել, որ դա բնականորեն հանգեցրել է նրանց էժան աշխատուժի վերածվելուն: «Մարդը կարիքի մեջ» (“People in Need”) հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանի խոսքերով՝ աշխատանքային միգրանտների շարքում արդեն իսկ մեծ թիվ են կազմում (20%) նրանք, ովքեր, հայրենիքում մեծ գումարներ վճարելով բարձրագույն կրթության համար, այնուամենայնիվ, չեն կարողանում գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան կամ, թեկուզև, այլ պատշաճ աշխատանք: Ահա, թե ինչու են նրանք մեկնում Ռուսաստան, որտեղ հիմնականում համալրում են էժան աշխատուժի շարքերը՝ կորցնելով երբևէ ստացած գիտելիքներն ու մասնագիտությունը կիրառելու հնարավորությունը[4]:
Մյուս կողմից, նավթի գների կտրուկ անկումը, ուկրաինական ճգնաժամը և ՌԴ-ի դեմ ուղղված արևմտյան պատժամիջոցները, լուրջ ազդեցություն թողնելով Ռուսաստանի տնտեսության, ռուբլու արժեզրկման վրա, իրենց հերթին բացասականորեն ազդեցին միգրանտների և նրանց միջոցով՝ Հայաստան մտնող տրանսֆերների վրա: Հայ միգրանտների հիմնական զանգվածն աշխատունակ է և որակյալ, ինչն արդեն իսկ դրական ցուցանիշ է հյուրընկալող երկրի համար: Ռուսաստանը հայ միգրանտին ռուսական հասարակության շարքերը հարմարեցնելու գործում չի հանդիպում բարդությունների, որովհետև չկան մշակույթի, կրոնի արմատական տարբերությունների և երկրի պաշտոնական լեզվի չիմացության խնդիրներ:
Հայ միգրանտները հիմնականում հատում են ՌԴ-ի սահմանը՝ նախապես տեղյակ լինելով, թե ուր են գնում և ինչ աշխատանք են կատարելու: Նրանք զբաղեցնում են այնպիսի ոլորտներ, որոնք ակնհայտ բաց ունեն մասնագետների և աշխատուժի առումով, հետևապես նրանք նպաստում են հյուրընկալող երկրի տնտեսական բարեկեցությանը: Վառ օրինակ է 2004-2008թթ. Ռուսաստանի տնտեսության տարեկան 8% աճը, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում երկրում պաշտոնապես միգրանտների թիվն աճել էր 4 անգամ: Կարելի է տալ հետևյալ գնահատականը. տնտեսական աճի մեջ իրենց ներդրումն են ունեցել նաև միգրանտները, մյուս կողմից՝ երկրում տնտեսական աճը, նոր աշխատատեղերի հնարավորությունն այդ ժամանակահատվածում միգրանտների թվի կտրուկ աճի գրավական են դարձել:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ Է, ԲԱՅՑ ՈՉ ԴՐԱՆԻՑ ՕԳՈՒՏՆԵՐԻ…
Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը պարբերաբար փոփոխում է իր ռազմավարությունը երկրում միգրացիոն շարժը կարգավորելու նպատակով: Նման տատանումներն ուղղակիորեն անդրադառնում են նրա սահմաններում ապրող և աշխատող միգրանտների վրա՝ բացասական ազդեցություն թողնելով երկրի տնտեսության վրա ևս, որը սնվում է ներկրվող տրանսֆերներով:
2013թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի միգրացիոն ծառայության ղեկավարի հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ բացի Մաքսային միության անդամ երկրներից այլ պետությունների քաղաքացիների համար մուտքը Ռուսաստան պետք է լինի միայն արտասահմանյան անձնագրերով: Այս քաղաքականությունն ուղղված էր Մաքսային միության՝ որպես տարածաշրջանային գործող դերակատարի կշռի բարձրացմանը, ինչը փաստացիորեն իրականացվում էր տարածաշրջանի երկրների հետ ունեցած միգրացիոն հարաբերությունների քողի ներքո:
Մաքսային միության իրավահաջորդ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո թվում էր, թե հայ միգրանտների խնդիրները տեսանելիորեն կնվազեն. ի վերջո, Միությանը մեր անդամակցության ողջ ընթացքում միգրացիոն հիմնախնդիրը մեկ անգամ չէ, որ քննարկվել է կողմերի միջև: Իրապես, ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը ոչ մի դրական ազդեցություն դեռ չի թողել հիմնախնդրի վրա, իսկ Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով` Միությանը մեր անդամությունն առհասարակ միգրացիոն հարցերի հետ կապ չունի, և դա քննարկման ուրիշ հարթակում է[5]: Փաստորեն նման պարադոքսալ իրավիճակում մենք պետք է սփոփվենք այն հանգամանքով, որ Ռուսաստանի քաղաքականությունը «Հայաստանի քաղաքացիների դեմ չէ», այլ ընդհանուր օրենսդրություն է բոլորի համար:
Մասնագետների կարծիքով այն ոլորտները, որոնք 2015թ. ՌԴ կառավարության և Պետդումայի կողմից թեժ քննարկման առանցքում էին հավանական կրճատումների տեսանկյունից, հիմնականում միգրանտների կողմից զբաղեցրած ոլորտներն էին: Այս կարծիքն ամրապնդվեց Աշխատանքի նախարարության զբաղվածության վարչության ղեկավարի՝ Միխայիլ Կիրսանովի այն հայտարարությունից հետո, թե ՌԴ կառավարությունը շինարարության ոլորտում միգրանտների թիվը պատրաստվում է կրճատել գրեթե 50%-ով: Սա խոսում է այն մասին, որ այն ոլորտը, որը միգրանտների զբաղվածության առաջին մակարդակն է համարվում ՌԴ-ում, պարզապես կփակի իր դռները նրանց առաջ:
2015թ. հունվարի 10-ից ուժի մեջ մտած նոր միգրացիոն օրենքի համաձայն՝ նրանք, ովքեր Ռուսաստանում կմնան սահմանված ժամկետից 120 օր ավելի, 3 տարով կզրկվեն այդ երկիր մուտք գործելու իրավունքից, 270 օր անօրինական մնալու դեպքում արգելքը 5 տարի է, ավելի քան 360 օրվա դեպքում՝ 10 տարի։ Օրենքի կիրարկումը հանգեցրեց սեզոնային աշխատանքի մեկնող միգրանտների թվի կտրուկ նվազման:
Դրան նախորդել է Ռուսաստանի միգրացիոն մեկ այլ քաղաքականություն (2014թ.), որի համաձայն հայ միգրանտներն օգտվելու էին որոշակի արտոնություններից, ու դա վերաբերելու էր ոչ միայն աշխատանքի թույլտվությանը (3 ամիս), այլև Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերմանը: Այս քաղաքականությունն առավել հայտնի է հենց «Փոխգործակցություն քաղաքացիության հարցում» անունով: Ռուսաստանը Հայաստանին առաջարկում էր պարզեցված հիմունքներով ձեռք բերել ռուսական անձնագիր: Իհարկե դա գրավիչ է և կշարունակի այդպես մնալ, եթե անտեսվի այն հանգամանքը, որ այն պետք է իրականություն դառնա սեփական երկրի քաղաքացիությունից հրաժարվելու և Ռուսաստանում մշտական բնակություն հաստատելու գնով:
Ռուսաստանը չունի երկքաղաքացիության մասին օրենք, իսկ ՌԴ Պետական դուման օրինագիծ է ընդունել, որի համաձայն քրեական պատասխանատվություն է սահմանվելու այն անձանց հանդեպ, ովքեր կթաքցնեն երկրորդ երկրի քաղաքացի լինելու փաստը: Օրենքի համաձայն սեփական կամքով հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից՝ այլևս չես կարող դիմել՝ կրկին ստանալու նպատակով: Այս քաղաքականությունը ոչ միայն երկրի ապաբնակեցման համար պարարտ հող է, այլև խոսում է այն մասին, որ մենք, Ռուսաստանում ունենալով «ճչացող ներկայություն», այնուամենայնիվ, չունենք իրական ոչ մի հնարավորություն ու կշիռ՝ պետական մասշտաբով դեմ արտահայտվելու սահմանվող ակնհայտ հակահայկական չափորոշիչներին:
Մյուս կողմից, ռուսական «Հայրենակիցներ» (“Соотечественники”) ծրագրի գործունեության արդյունքում միայն 2014թ. Հայաստանից Ռուսաստան մշտական բնակության է մեկնել 6.784 մարդ: Կառավարությունը դեռևս 2012թ. իր մտահոգությունն է հայտնել այդ ծրագրի կապակցությամբ և վստահեցրել, որ այն շուտով կդադարեցվի, որովհետև իր ձևաչափով պարզապես անթույլատրելի է: Իրականությունն այն է, որ 2015թ. հունվարի 19-ից ծրագրի հայաստանյան գրասենյակը կրկին սկսել է դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացը: Իսկ գրասենյակի աշխատանքների կասեցման պատճառները եղել են միմիայն տեխնիկական բնույթի:
Ծրագրի առաքելությունը Ռուսաստանի ժողովրդագրական խնդրի լուծումն է, որը կատարվում է նաև հայերի հաշվին: Ռուսաստանը հայերով բնակեցնում է երկրի ծայրամասերը և սակավ բնակեցված հատվածները՝ նրանց տալով հողակտոր և կեցության պայմաններ, որոնք, ի դեպ, բավականին վատն են (Արխանգելսկի մարզ, Ալթայի երկրամաս, Սիբիր և այլն): Ուշագրավ էր Հայաստանում Ռուսաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպանի՝ Վյաչեսլավ Կովալենկոյի անդրադարձն այդ ծրագրին. «Հայերին ոչ ոք հարկադրաբար Ռուսաստան չի քշում: Նրանք կամովին են հեռանում: Եթե մարդիկ հեռանում են Հայաստանից, դրա համար օբյեկտիվ պատճառներ ունեն, և դա ոչ մի կապ չունի Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության հետ»:
ԴԱՌԸ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսպիսով, Հայաստանում սոցիալ-տնտեսական վատ պայմանների ամենախոսուն իրողություններից մեկն աշխատանքային միգրացիան է: Այդ մասին փաստում են Հայաստանում միգրացիոն հիմնախնդիրներով զբաղվող կառույցների գրեթե բոլոր հետազոտությունները[6]: Այն նաև թույլ և անհետևողական պետական քաղաքականության արգասիք է, քանի որ միգրացիոն քաղաքականության կարգավորման նպատակով ներպետական օրենսդրությունը և միջազգային պայմանագրերին ու ձևաչափերին մեր ակտիվ մասնակցությունն անզոր են համակարգել Ռուսաստանի հետ հարաբերություններն այդ համատեքստում:
Տնտեսապես թույլ երկիրն անկարող է քաղաքականապես ուժեղ լինել: Եթե երկիրը տանուլ է տալիս թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտում, ուրեմն նա անխուսափելիորեն և արդարացիորեն դառնում է երկրորդ երկրի շահերի իրացման, ազդեցության տարածման գոտի, կամ ինչպես Վ. Պուտինն է հակված ասելու՝ ֆորպոստ: Իսկ, եթե երկիրն արդեն այդ կարգավիճակում է, ուրեմն ժամանակն է հարցականի տակ դնել անվտանգության ու սուվերենության մասին ամպագոռգոռ ու սին պետական հայտարարությունները:
Դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիան թույլ է տալիս գոյատևել, բայց ոչ բարգավաճել, և միգրանտի հույսը՝ սեփական ապագայում դրական փոփոխությունների սկզբնավորումը զուգորդվում է երբևէ դեպի հայրենիք վերադարձի փափագով: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրական փոփոխություններն ակնառու լինեն նաև հայրենիքում, և նա ի վիճակի լինի ընդունել իր «կորցրած քաղաքացիներին»: Վերջինս իրականություն կդառնա այն դեպքում, երբ Հայաստանում պետական շահն ու ժողովրդամետ քաղաքականությունը գերակայեն էլիտայի նեղ շահերին ու ռուսական գործոնին:
Վիկտորյա Մելքոնյան
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
[1] «Աշխատանքային միգրացիան մարդկանց տեղաշարժն է մի երկրից մյուսը աշխատանք գտնելու նպատակով», ( https://www.iom.int/labour-migration )
[2] «Միգրացիան և զարգացումը: Հայաստանում առկա իրավիճակի ուսումնասիրություն», Աշխատանքի միջազգային կազմակերպություն, 2009թ., էջ 8
[3] “Migration and Labour” Section 2.6, International Organization for Migration (IOM), p.4
[4] Մարդը կարիքի մեջ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կայքէջը
[5] Ինչ նորություն կա Ռուսաստանում հայ միգրանտների համար, http://www.lragir.am/index/arm/0/interview/view/110567
[6] «ՀՀ աշխատաշուկայի վերլուծություն», Գիտահետազոտական աշխատանք, Երևան, 2010թ.,