Բաժիններ՝

Դե ֆակտո սահմանի այս կողմում հայտնվածները չեն կարողանում այցելել իրենց հարազատների գերեզմաններ

Վրաստանից անջատված Հարավային Օսիայի հարակից շրջաններում բնակվող վրացիները այս տարի եւս չկարողացան Զատկի տոնին ավանդական հարգանքի տուրքը մատուցել իրենց մահացած հարազատներին, որոնց գերեզմանները գտնվում են վարչական սահմանից այն կողմ:

Դե ֆակտո սահմանը, որի օսական կողմը պահպանում են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, երբեմն անցնում է գյուղերի ու դաշտերի միջով՝ բաժանելով դրանք երկու մասի:

Հարավային Օսիան իրեն անկախ պետություն է հռչակել 1990-ականների սկզբներին Վրաստանի հետ տեղի ունեցած հակամարտությունից ի վեր: Մոսկվան ճանաչեց այն որպես ինքնիշխան պետություն 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո՝ ռազմական գործողություններին հաջորդող տարվա ընթացքում ստանձնելով սահմանների վերահսկողությունը:

Միջազգային հանրության մեծամասնությունը, սակայն, ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Հակամարտության գոտուն հարող Շիդա Քարթլիի շրջանի բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, գյուղատնտեսական նշանակության հողերից, անտառներից. ոմանք անգամ իրենց տներն են կորցրել, քանի որ հայտնվել են բաժանարար գծի սխալ կողմում:

Խնդիրը հատկապես սրվում է գարնանը, երբ ավանդաբար այցելում են հանգուցյալ հարազատների գերեզմաններին Զատկի տոնի հաջորդ օրը, որն այս տարի Ուղղափառ եկեղեցու օրացույցով մայիսի մեկն էր:

Հարավային Օսիայի բնակիչները կարողանում են այցելել Վրաստանում թաղված իրենց հարազատների գերեզմաններին ռուսական անձնագրերի շնորհիվ, որոնք հաճախ են օգտագործվում վարչական սահմանից այն կողմ կրթություն կամ բժշկական օգնություն ստանալու նպատակով: Սակայն բաժանարար գծի վրացական կողմում հայտնվածները պետք է Հարավային Օսիա մուտքի դիմում ներկայացնեն, որը, որպես կանոն մերժվում է:

«Ու սրանք դեռ քրիստոնյա՞ են: Կարող էին գոնե մեկ օրով թույլ տալ այնտեղ գնալ: Վերջիվերջո, գերեզմանատունը շատ մոտիկ է: Ծնողներս այնտեղ են թաղված, մեր եկեղեցին էլ է այնտեղ, բայց մեզ չեն թողնում [այնտեղ գնալ]», -դժգոհում է Խուրվալեթի գյուղի վրացի բնակիչներից Կոկաշվիլին:

Նրա համագյուղացիները բազմիցս դիմել են ռուսական սահմանապահներին՝ խնդրելով բացառություն անել միայն Զատկի տոնին, սակայն միշտ մերժում են ստացել:

Մայիսի 2-ին Կոկաշվիլին եւ Խուրվալեթիի մյուս բնակիչները մոտեցել են վարչական սահմանի երկայնքով տեղակայված փշալարին՝ գինի եւ Զատկի ձու հանձնելով սահմանի հակառակ կողմում կանգնած մի ծեր գյուղացու՝ Դաթա Վանիշվիլիին: Ծերունին այցելել էր գերեզմանատուն վրացիների անունից՝ հյուրասիրությունը թողնելով վերջիններիս մահացած հարազատների շիրիմներին:

83-ամյա Վանիշվիլին Վրաստանի քաղաքացի է, սակայն անսպասելիորեն վերածվեց Հարավային Օսիայի եւ Ռուսաստանի բնակչի այն օրը, երբ ռուսական զորքերն անցկացրին սահմանագիծը, եւ նրա տունը մնաց սահմանի մյուս կողմում:

Չեն կարողանում իրենց հարազատների գերեզմաններն այնցելել նաեւ հազարավոր ներքին տեղահանված անձինք (ՆՏԱ), ովքեր 8 տարի անընդմեջ չեն կարողանում մուտք գործել բռնազավթված տարածքներ:

Լեյլա Զուբաշվիլին ապրում է ամուսնու հետ Կարալեթիում՝ ՆՏԱ-ների համար նախատեսված բնակավայրում: Նրանց որդու գերեզմանը մնացել է իրենց հայրական գյուղում՝ Էրեդվիում, որն ամուսինները լքել էին 2008 թվականին: Զատկի տոնին Զուբաշվիլիները ստիպված էին սահմանափակվել իրենց որդու լուսանկարների առջեւ մոմ վառելով:

Տարիներ շարունակ վրացական կողմը միջնորդել է այդ մարդասիրական հարցերի լուծման համար Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման հարցերով հանձնաժողովի (IPRM) հանդիպումների ժամանակ: Այս ֆորումը գործում է 2009 թվականից ԵԱՀԿ եւ Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) աջակցությամբ:

Սակայն ռուսական եւ օսական կողմերը հրաժարվել են արձագանքել բարձրացված հարցերին:

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Վրաստանի քաղաքացիները, որոնք անցնում են Հարավային Օսիայի տարածք՝ դիտավորյալ, թե պատահաբար, ձերբակալվում են ռուս սահամանապահների կողմից՝ սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով, անգամ այն վայրերում, որտեղ սահմանազատող ցանկապատ չկա:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ 2009-2015թթ. ընթացքում ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 2481 քաղաքացու, որոնցից 840-ը փորձել էին մուտք գործել Հարավային Օսիա, իսկ 1641-ը՝ Աբխազիա:

Նման բանտարկությունները սովորական երեւույթ են դարձել: 2014-ին 142 մարդ էր ձերբակալվել Հարավային Օսիայի սահմանը հատելու համար. բանտարկվածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել էր 84-ով, իսկ 2015-ին արդեն 162 վրացիներ էին ձերբակալվել՝ հայտնվելով Հարավայն Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիի բանտում:

Բոլորովին վերջերս՝ ապրիլի կեսին տեղի ունեցած միջադեպում Վրաստանի Կիրբալի գյուղի բնակիչ Էրոսի Թակաձեն որոշել էր արածեցնել իր կովերին իրենց գյուղի հարակից տարածքում, որտեղ բացակայում էին սահմանի նշաձողերը, եւ ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից:

Ինչպես հետագայում պատմեց նա IWPR-ին, զինված անձինք ստիպել էին նրան մեքենա նստել՝ տանելով Օսիայում գտնվող Գրոմի գյուղ հարցաքննության համար: Այնուհետեւ գյուղացուն Ցխինվալիի բանտ էին տեղափոխել, որտեղից վերջինս ազատ էր արձակվել միայն հինգ օր անց՝ 2000 ռուբլու չափով (30 ԱՄՆ դոլար) տուգանք վճարելուց հետո:

Թակաձեն այս տարի Վրաստանի արդեն 39-րդ քաղաքացին է, որ ձերբակալվել, տուգանվել եւ նոր միայն բաց է թողնվել Ցխինվալիից:

Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ սահմանը երբեմն կարծես կամայականորեն է որոշվում ռուս սահմանապահների կողմից:

«Նրանք եկան Լոմիսիի եկեղեցի՝ մի քարտեզ բերելով: Մատնանշեցին գերեզմանատան կեսը՝ հայտարարելով, թե այստեղով է անցնում սահմանը, եւ արգելեցին մեզ այն հատել: Հենց այստեղ է գտնվում Թակաձեների ընտանեկան գերեզմանատունը, եւ հարազատները չեն կարող այնտեղ գնալ, որովհետեւ անտառում ռուսական դիրքակետ կա, որտեղից նրանք դուրս են գալիս ու մարդկանց առեւանգում», – ասում է Կիրբալիի մեկ այլ բնակիչ Գոգի Պապիտաշվիլին:

2013 թվականի ավարտին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակն անցկացրել է վարչական սահմանագծի երկայնքով տեղակայված 55 գյուղերում հումանիտար անվտանգության գնահատում: Ուսումնասիրության հիման վրա պատրաստված զեկույցի համաձայն՝ այս գյուղերի բնակչության մեծամասնությունն իրեն վտանգված ու անապահով է զգում՝ անհանգստանալով սեփական ապագայի մասին:

Ըստ ՄԱԿ ՓԳՀ-ի՝ դաշտեր, արոտավայրեր եւ շուկաներ մուտք գործելու արգելքը հանգեցրել է եկամտի եւ զբաղվածության հնարավորությունների կրճատմանը՝ ավելի սահմանափակելով հաղորդակցությունը սահմանի հակառակ կողմերում ապրող ընտանիքների միջեւ:

Վրաստանի օմբուդսմենի 2015 թ. զեկույցի համաձայն՝ խնդիրը սրվում է նաեւ այն փաստի պատճառով, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին չի թույլատրվում մուտք գործել օկուպացված տարածքներ:

ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

2010 թվականին սահմանագծի նշաձողերն ամրացվել էին ռուս սահմանապահների կողմից վրացական կողմում՝ Գորի եւ Կարելի գյուղերում:

Մեկ տարի անց, ռուս սահմանապահները սկսեցին կատարել սահմանագծումը`հատուկ նշաձողեր ամրացնելով Դվանի, Դիցի եւ Խուրվալեթի գյուղերի դաշտերում, որտեղ հետագայում այդ նշաձողերն իրար միացնող փշալարարեր հայտնվեցին:

Փաստացի սահմանագծման գործընթացը լիարժեք սկսվեց 2013-ին: Որոշ տարածքներում բաժանարար գիծն ավելի խորն էր տեղակայվել՝ մխրճվելով Վրաստանի տարածքի մեջ, ինչը վրացական կողմը որակել էր որպես «սողացող օկուպացիա»:

2014 թվականին 350 կմ երկարությամբ բաժանարար գծի երկայնքով 50 կիլոմետրանոց արգելապատնեշ տեղադրվեց, եւ գործընթացը դեռեւս շարունակվում է: Բոլորովին վերջերս՝ այս տարվա մարտին, ռուս սահմանապահները ճանապարհ էին կառուցել Ջարիաշենի գյուղի բնակիչներին պատկանող հողերում՝ արգելելով տերերին մոտենալ ճանապարհին:

Վրաստանի քաղաքական օղակներում գերակայում է այն կարծիքը, որ Ռուսաստանն այսպիսով փորձում է հերթական առճակատումը հրահրել՝ Թբիլիսիի արեւմտամետ մոտեցման պատճառով:

«Սա նրանց (ռուսական կողմի) Վրաստանը գրավելու ծրագրի մի մասն է: Նրանք չեն բավարարվում մեր երկրում տեղի ունեցածով, եւ ձգտում են որոշակի ազդեցություն ձեռք բերել Վրաստանում: Մենք օգտագործում ենք ունեցած բոլոր կապերը՝ սադրանքներից զերծ մնալու եւ թույլ չտալու Ռուսաստանին ներքաշել մեզ հերթական արյունալի հակամարտության մեջ, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, նրանց ուզածն է», – ասում է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավոր Անի Միրոտաձեն:

Վրաստանի կառավարությունը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել սահմանային նշաձողերն իր տարածքի խորքում տեղակայելու կապակցությամբ:

Սակայն Ռուսաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարել է, որ պաշտպանում է Ցխինվալիի (հարավօսական անվանումը՝ Ցխինվալ) դիրքորոշումը, որի համաձայն՝ «աշխատանքն իրականացվում է բացառապես Հարավային Օսիայի հանրապետության տարածքում եւ որեւէ կերպ չի խախտում Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»:

Գոգա Ապցիաուրի
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից եւ ԵՄ «Խաղաղության լրագրություն» անվանակարգի 2014թ. մրցանակակիր

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #814 պարբերականից (12-ը մայիսի, 2016թ., Վրաստան, Հարավային Օսիա): 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս